Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 17․10․2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    40%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    55%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 17․10․2020

Օրվա Ամփոփում․ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ 17․10․2020

17․10․2020

22։41 - Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։ [ԱՀ ԱԳՆ]

22։26 - Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: [ՀՀ ԱԳՆ]

22:18 - Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:07 - Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

22:06 - Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։ [Արծրուն Հովհաննիսյան]

22:03 - Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ [Արծրուն Հովհաննիսյան]

21։48 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը և վերահաստատվել  Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը: 

21։26 - ԼՂ-ում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: [ՅՈՒՆԻՍԵՖ] 

20:39 - Միջազգային հանրությունը պիտի օր առաջ բոլոր հնարավոր ձեւերով միջամտի՝ օր առաջ կանխարգելելու Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողությունները։ Չհաշված, որ Արցախի բնակչությունը մարդասիրական բազմաթիվ կարիքներ ունի, որոնք հայության ուժերով փորձում ենք կարգավորել, ապահովել, բայց եթե այսպես շարունակվի, խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու՝ հաշվի առնելով նաեւ COVID-ի համավարակը։ [Արտակ Բեգլարյան]

20։20 - Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Նախարար Թորոսյանը խնդրանքով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու ՀՀ առողջապահության համակարգին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները։ Դեսպան Լաքոտը հաստատել է Ֆրանսիայի կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին այդ ասպարեզում աջակցելու և շատ մոտ ապագայում կոնկրետ  օգնություն տրամադրելու հարցում։

20։17 - Այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ ունենք եւ 115 վիրավոր։ 36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ եւ թիրախային հարձակման հետեւանքով են եղել այս դեպքերը։ [Արտակ Բեգլարյան]

20։17 - Պատերազմական գործողությունների առաջին օրից իմ որոշմամբ ձեւավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։ Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։ Երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։ Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել։ [Արտակ Բեգլարյան]

20։05 - Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Համայնքային խորհրդի միաձայն ընդունած փաստաթղթում ասվում է․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, որ ճանաչում է ԱՀ անկախությունը։ [Մասիս Մայիլյան]

19։53 - Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի քաղաքացիական օբյեկտների վրա կանխամտածված հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ: Շարունակվող հարձակումներն ԱՀ խաղաղ բնակչության վրա և հարվածները ՀՀ տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու, դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան։ [ԱՀ ԱԳՆ]

19։30 - Այս պատերազմի արդյունքը կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման վերջնական ամրագրումը՝ որպես ֆիզիկական գոյության եւ սեփական ինքնության պահպանման միակ միջոց։ Կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ [ԱՀ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությունը]

19։09 - Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

18։50 - Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

18։27 - Աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով: [ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյան]

18։19 - ՀՕՊ ստորաբաժանումները  այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։ [Շուշան Ստեփանյան]

17:20- Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ  դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի  կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի  նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»: 

16:30- 
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Մինսկի խմբի անդամներին: «Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Պետք է դադարեցվեն քաղաքացիական բնակչության շրջանների վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար»,- գրել է Կարո Փայլանը: 

16:13- Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմի՛ր ճշմարտությունը»: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»: 

16:03- 
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 592 մլրդ 608 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 128 մլրդ 788 մլն դրամ: [ՀՀ ՊԵԿ]

16:00- 
Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: [13 կուսակցությունների հայտարարությունը]

15:48- 
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։ [Արտակ Զեյնալյան]

15:35-
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում`  Ժնևում, ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` hաջակցություն Հայաստանի և Արցախի: Երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք»  «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն է: Երթի մասնակիցները պահանջել են նաև ճանաչել Արցախի անկախությունը: Ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները: 

15:20- 
Վերջին օրերին լրատվամիջոցներում շարունակում են Վրաստանի օդային տարածքով սպառազինությունների տարանցիկ մատակարարումների մասին շահարկումներ շրջանառվել։ Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական նպատակներով իրականացվող թռիչքների համար, և այդ մասին մենք հրապարակավ հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական և մարդասիրական թռիչքներին, ապա այդ հարցում Վրաստանը ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Նման տիպի թռիչքների իրականացումը հատուկ թույլտվությունների տրամադրում չի պահանջում։  [Վրաստանի ԱԳՆ] 

15:15- 
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ որոշում է ընդունել 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար։

14:50-
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ ազատամարտիկ Ալեքսանդր Իվանի Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: [ԱՀ նախագահի խոսնակ] 

14։22- Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: [ԱՀ ՄԻՊ]

12։29- Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է։ [Շուշան Ստեփանյան]

12։28- Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են: 

12։13- Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, ինչպես նաև համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ: ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է նմանօրինակ ստահոդ տեղեկությունները։ Ըստ ՀՀ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։

12։04- Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 2-րդ աստիճանի: [ՊԲ]

12։03- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փախգնդապետ Տարոն Քոչարյանը, որը կարողացել է հստակորեն կազմակերպել իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ: Նույն բնույթի գործողությունների համար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով: [ՊԲ]

10։55- Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան: [ՊԲ]

10։04- Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Ընդհանուր վնասների չափը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց: [ԱՀ ԱԻՊԾ]

08։38 - Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: [ՊԲ]

08։35 - Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով տուժել է երկու քաղաքացիական անձ, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը Արտակ Բեգլարյանը։ «Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,- նշել է Բեգլարյանը։ Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառելով ավերածություններ։

08։01 - Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։ [Արծրուն Հովհաննիսյան]

01։48 - Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան]

01:37- ՀՀ օդային տարածքում  ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։ [ՊՆ խոսնակ]

01:30- Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ։ [Շուշան Ստեփանյան]

00:59- Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Այցի ընթացքում նա ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ։ Շոմբի Շարփըը նշել է, որ ինքը և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում են քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

00:51- Իմ այսօրվա ելույթից հետո բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը: Դիմիր քո զինկոմիսարիատ, սիրելի եղբայր եւ հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու ես։ [Նիկոլ Փաշինյան]

00:43- ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ [ՊՆ խոսնակ]

00:34- Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք: [Նիկոլ Փաշինյանը՝ ճակատ մեկնող պահեստազորայիններին]

Թեմայի այլ նորություններ