Սահմանադրությունից Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը հանելու աղմկոտ քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։ Օրակարգում հռչակագրի հարցն էլ է եղել, ասում է խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Միակ բանն այն է, որ սա պետք է քննարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Քննարկումները հռչակագրի թեմայով սկսվեցին հունվարից։ Փաշինյանը խորհրդի անդամներին հանդիպել է անցած շաբաթ, բայց այդ մասին պաշտոնապես չի հրապարակվել։ Ինչ է քննարկել խորհրդի հետ, Իոաննիսյանն ասում է. - «Քննարկվեց Սահմանադրության թե նախաբանը, թե հռչակագիրը, բայց որևիցե բան չենք որոշել»։
Վարչապետի հետ հանդիպումներ էլի կլինեն, ասում է Դանիել Իոաննիսյանը, իսկ հանրաքվեն խիստ անորոշ է, ըստ նրա՝ ոչ այս, ոչ էլ մյուս տարի հավանական չէ. - «Ցավոք սրտի, ՀՀ-ն այն վիճակում չէ, որ կարողանա հանրային ուշադրությունը գրավել սահմանադրական բարեփոխումների վրա»։