Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետի՝ Շառլ Միշելի հետ հանդիպմանը կհաջորդի Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Միշելին` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ներդրվող ջանքերի համար: Նա նաև նշել է, որ «բրյուսելյան ձևաչափը» արդյունավետ է:

Միշելն ու Ալիևը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին կայանալիք եռակողմ` Միշել - Փաշինյան - Ալիև հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ:

Բրյուսելում  կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

«Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար»,- ընդգծել է եվրոպացի դիվանագետը։

Ըստ նույն աղբյուրի, հանդիպմանը կքննարկվեն օրակարգի բոլոր հարցերը, այդ թվում՝ մարդասիրական խնդիրները, սահմանի դելիմիտացիան, խաղաղության համաձայնագիրը, Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը։

Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», - փաստել էր Հայաստանի վարչապետը:

Չնայած Շառլ Միշելի հայտարարությանը՝ Ադրբեջանի առաջնորդը մինչ օրս որևէ հարթակում հրապարակավ ու հստակ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Նախորդ հանդիպումից հետո Շառլ Միշելը նաև անձամբ իր անունից հորդորել էր Ադրբեջանին՝ ուղիղ խոսել Ղարաբաղի բնակչության հետ՝ երաշխավորելու նրանց իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ:

«Ես հորդորել եմ Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել բնակչության իրավունքներն ու անվտանգությունը միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար»,- ասել էր Շառլ Միշելը։

Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչ օրս շարունակում է պնդել, թե Ղարաբաղի հայերը հավելյալ անվտանգության ու իրավունքների կարիք չունեն, դրանք արդեն իսկ երաշխավորված են Ադրբեջանի սահմանադրությամբ, և եթե որևէ մեկը չի ուզում ապրել Ադրբեջանի օրենսդրության տակ, կարող է հեռանալ։

Փաստացի, Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը՝ միջազգային հանրության համագործակցությամբ, մինչ օրս իրականություն չի դարձել, թեև Հայաստանի վարչապետն ընդգծել էր, որ դա կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար՝ դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- անցած մայիսին հայտարարել էր Հայաստանի վարչապետը:

Մայիսյան հանդիպումից հետո Շառլ Միշելը նաև նշել էր, թե ըմբռնում կա, որ շաբաթներ անց ձերբակալվածների ազատ արձակում է լինելու։ Հայտարարությունից երկու ամիս է անցել, սակայն, Բաքուն սեփական բանտերում պահվող հայերից որևէ մեկին դեռ ազատ չի արձակել։ ավելին, այս ընթացքում Ադրբեջանը Հայաստանի տարածքից երկու զինվորի է առևանգել՝ դատապարտելով 11,5 տարվա ազատազրկման։

Եվրոպացի դիվանագետի խոսքով, վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը նաև այս հարցը կքննարկվի։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Թեմայի այլ նորություններ