Հասարակության «լրջության կորագիծը». Հայկական Ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 12°C
    77%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    99%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Հասարակության «լրջության կորագիծը». Հայկական Ժամանակ

Հասարակության «լրջության կորագիծը». Հայկական Ժամանակ

Հայկական Ժամանակը գրում է.

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է, եւ վարակի նահանջի նախանշանները դեռեւս չեն երեւում։ Թե ինչու այնպես ստացվեց, որ վիրուսի տարածվածության առումով (տոկոսային հարաբերությամբ) դարձել ենք  «տարածաշրջանային առաջատար»՝ հասկանալի է։ Կառավարությունն իր առջեւ միաժամանակ երկու խնդիր էր դրել՝ կարանտինային սահմանափակումների միջոցով կանխել վարակի տարածումը, բայց առաջնահերթ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսությանը եւ թույլ չտալ, որ այն «մեռնի»: Սա ըստ էության հարկադրված մարտավարություն էր, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակով տնտեսությունն ամբողջությամբ  «փակելու» ռեսուրսներ պարզապես չուներ ու հիմա էլ չունի։ Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, ու հիմա պիտի մոբիլիզացնենք մեր բոլոր ուժերը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Փաստն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլում յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության եւ  «ապակենտրոն պայքարի» մարտավարությունը սպասված արդյունքները չտվեց, ու հիմա հասել ենք երկրորդ փուլին։ Ընդորում՝ շաբաթներ շարունակ ամենօրյա ռեժիմով մարդկանց զգուշացվում էր, որ եթե կարանտինային սահմանափակումները խստորեն չպահպանվեն՝ ինչ-որ պահից սկսած իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից, հիվանդանոցային տեղերը չեն հերիքելու, պետությունը չի կարողանալու ապահովել բոլոր վարակվածների բուժումը, եւ այլն։ Այդպես էլ եղավ։ Թե որքանով են մեղավոր պետական այս կամ այն կառույցներն ու պաշտոնյաները՝ հետագայում, իհարկե, հանգամանորեն կուսումնասիրվի, բայց այս պահին հիմնական հարցը հետեւյալն է. արդյո՞ք համապատասխան դասեր ենք քաղել, եւ արդյո՞ք հասարակության յուրաքանչյուր անդամ պատրաստ է գոնե հիմա փոխել իր վարքագիծը՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։

Այնպես չէ, որ քաղաքացիներից ինչ-որ ահավոր ծանր կամ անհնար բան է պահանջվում։ Մարդիկ պետք է պարզապես պաշտպանիչ դիմակներ կրեն, ախտահանեն ձեռքերը եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։ Նույնիսկ նրանք, ովքեր չեն հավատում կորոնավիրուսին, համարում են, որ «էս սաղ Բիլգեյցն ու Սոռեսն են հորինել», համոզված են, որ այս ամենի իմաստը  «մասկի բիզնեսնա», «հավայի թվեր են կրակում, որ դրսից շատ փող կպցնեն», եւ այլն։ Լավ, մի՞թե այդքան բարդ բան է տարատեսակ վարկածներին հավատալու փոխարեն ընդամենը դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելը։

Նախօրեին, երբ Հայաստանում նոր վարակվածների շատ մեծ թիվ էր գրանցվել, իսկ արձանագրված մահերի թիվը ռեկորդային էր, մարզերից մեկից ավտոմեքենայով մտնում էինք Երեւան։ Ավտոմեքենայի մեջ, հասկանալի է, բոլորս դիմակներով էինք։ Ու պատկերացրեք՝ դիմացից եկող մեքենաների մոտ մեկ երրորդը լուսային ազդանշաններով զգուշացնում էր՝ առջեւում ոստիկանական անցակետ կա (պարզվեց՝ դիմակների առկայությունն էին ստուգում)։Սա նշանակում է, որ հասարակության մի զգալի հատված մինչեւ հիմա էլ պարետատան հակահամաճարակային միջոցառումներն ընկալում է ոչ թե որպես անհրաժեշտություն, այլ որպես «անիմաստ փորձանք», որից պետք է խուսափել, այսինքն՝  «անիմաստ չտուգանվել» ու հետո շարունակել վարվել հին ձեւով։ Նույն պատկերն էր նաեւ Երեւանի բակերում.ոստիկանության մեքենաները բարձրախոսներով մարդկանց հիշեցնում էին պարետատան պահանջները, իրար գլխի հավաքված ջահելներն էլ, բարձրախոսի ձայնը լսելով, արագ-արագ հագնում էին դիմակները, իսկ ովքեր չունեին՝վազում-մտնում էին շենքերի շքամուտքերն ու  «վտանգն անցնելուց» հետո վերադառնում։ Ճիշտ է, ակնհայտորեն՝ որքան լրջանում է վիճակը, այնքան նման մարդկանց թիվը պակասում է, բայց փաստ է, որ նաեւ այսպիսի վարքագիծն է պատճառը, որ վարակի տարածման տեմպերը չեն նվազում։ Ու կառավարությունն այստեղ շատ մեծ անելիքներ ունի։ Կոշտ, ոչ ժողովրդահաճո, բայց՝ անհրաժեշտ։ Եթե անգամ այս իրավիճակի համար մեղքի իր բաժինն ամենամեծն է։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ