Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    32%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    4 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր:

Հանրաքվեի էր դրված հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսը՝ 2 միլիոն 42 հազար 627 մարդ, այդ հարցին պատասխանել է Այո:

Հանրաքվեի օրը մի իսկական տոնախմբություն էր Հայաստանում, երբ 1988-ից սկսած մենք բարձրաձայնել էինք մեր ներսում անթեղված բոլոր ճշմարտությունները, ձևակերպել էինք մեզ հայտնի բոլոր մեղադրանքները, ի ցույց էինք դրել մեր բոլոր երազանքները, և այդ ամենին անհրաժեշտ էր ասել Այո, և մենք ասացինք Այո:

Միանշանակ է և աներկբա, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Այո ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, գոնե մեծամասնությունը, հասկանում էր, որ սա պարզապես քվեաթերթիկի վրա գրիչով արած նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, կարգախոսը դառնում է Պատասխանատվություն:

1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը:

Հենց այս մարդկանց՝ կամավորների, ոստիկանների, զինվորների ուսերին է հենվել մեր նորանկախ պետությունը: Բայց ոչ միայն նրանց, այլև մեր բոլոր այն հայրենակիցների, ովքեր տոկացել և թիկունք են եղել մեր նորաթուխ ու ձևավորվող բանակի համար, ու ոչ միայն հանրաքվեի օրը, այլև ամեն օր, ամեն Աստծո օր Այո են ասել Անկախությանը, երբեմն ցնծալով, երբեմն ողբալով, երբեմն հուսահատ, երբեմն հպարտ, երբեմն պարտված: Բայց սրանում է էությունը, որ 1991 թվականի «Այո»-ն տրամադրություն չի եղել, այլ որոշում, և այդ որոշումը չի փոխվել սոցիալական ու քաղաքական որևէ դժվարությունից, որևէ անհաջողությունից ու ձախողումից:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր էլ սեպտեմբերի 21-ն է, և այսօր էլ Անկախության հանրաքվե է: 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:

Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն Այո են ասել Անկախությանը, և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը Այո է ասում Անկախությանը, և չափազանց կարևոր է, որ նրա «Այո»-ն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում:

Ամեն օր, ամեն Աստծո օր պաշտոնյա թե գյուղացի, զինծառայող թե գործարար, ուսուցիչ թե բանվոր, ուզենք թե չուզենք, գիտակցենք թե չգիտակցենք, հանրաքվեի մասնակից ենք, Անկախության հանրաքվեի:

Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք Այո, Ինքնիշխանությանը ասենք Այո, ժողովրդավարությանն ասենք Այո, և այդ «Այո»-ն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ «Այո»-ն ամենաշատն անհրաժեշտ կլինի: Ու չերկմտենք ու չերկնչենք ու չկասկածենք, որովհետև ամեն օր, ամեն Աստծո օր մեր մեջ փորձում են սերմանել նորանոր կասկածներ, նորանոր վախեր, և այդ ամենը հանուն մի բանի, որ մենք հրաժարվենք մեր Անկախությունից, որ հրաժարվենք մեր պետությունից:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով:

Այո՛ Անկախությանը, Այո՛ Ինքնիշխանությանը, Այո՛ Հայաստանի Հանրապետությանը»:

Թեմայի այլ նորություններ