Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    9 կմ/ժ
  • Արարատ 22°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    65%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    8 կմ/ժ
  • Արցախ 19°C
    55%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները

Շատ հաճախ մեր քաղաքացիները բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում նիստերի, վարույթների երկարաձգումից: Այս ուղղությամբ 2023 թվականին իրականացված բարեփոխումները, իրոք, բեկումնային էին, որոնց մեծ մասն օրենսդրական բարեփոխումներն էին: Ներկայացնելով հաշվետու տարվա արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 26-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

«Հատուկ ցանկանում եմ առանձնացնել 2 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում հսկայածավալ բեռնաթափում է տեղի ունեցել քաղաքացիական դատարաններում: Այս առնչությամբ, պետք է նշեմ, որ հատուկ էլեկտրոնային սոֆթն արդեն պատրաստ է եւ գործում է»,- ասել է Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ քաղաքացիական, վարչական եւ սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը: Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին՝ դյուրացնելով փաստաթղթերի շտկման գործընթացը: Արդարադատության նախարարը, որպես կարեւոր բարեփոխում, ընդգծել է դատավորների աշխատավարձերի բարձրացումը:

Համակարգում հաշվետու տարում արդյունավետ եւ էական առաջընթաց է գրանցվել թվայնացման ուղղությամբ: Քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգը  գործում է փետրվարի 1-ից: Նախարարը նշել է, որ շուտով կգործարկվեն նաեւ սնանկության եւ հաշտարարության էլեկտրոնային համակարգերը: Կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, ամբողջությամբ թվայնացվել է հարկադիր կատարման վարույթը: Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունների տեսաձայնագրման համար ձեռք են բերվել անհրաժեշտ քանակի տեսախցիկներ եւ սերվերային տնտեսություններ. բոլոր հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկի առջեւ:

«2023 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր  գնահատականի: ՏՀԶԿ մշտադիտարկման 5-րդ փուլի ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորները տրվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը: Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից եւ արդեն համարվում է «բավարար» կատարողական ունեցող երկիր»,- նշել է Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ ընդունվել է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն` ոլորտի մասնագետների եւ քաղաքացիական հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում: Կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները: Նշվել է, որ ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: 2024 թվականի հունվարի 1-ից պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս ՀՀ-ի եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր կլինեն ներկայացնելու իրավիճակային հայտարարագիր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Հստակեցվել են շահերի բախման անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է պրոբացիայի ոլորտում իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքները, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունմանը: Նախարարը նշել է, որ հաշվետու տարում մշակվել եւ շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության ու Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության լայնածավալ փաթեթը:

2023 թվականի կարեւոր ձեռքբերում է համարվել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Ամերիկայի հայ իրավաբանական միության կողմից հիմնադրված Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնի գործարկումը:

Արդարադատության նախարարն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեծացվել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման ֆոնդը: Մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդին ավելացվել է 15 տոկոս, իսկ ավելացվող միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությանը:

Գրիգոր Մինասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ Քրեակատարողական ծառայության ղեկավարի նշանակմանը, Արմավիր քրեակատարողական հիմնարկում առաջիկայում տեղադրվելիք սկանավորման համակարգին վերաբերող հարցերին: Նա անդրադարձել է նաեւ կալանավայրերի պայմաններին, կալանավորների փոխադրման խնդիրներին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթում նշել է, որ թեեւ կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմադրել ու հաղթահարել, բայցեւ արձանագրել է, որ համակարգում կան որոշակի հաջողություններ:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել արժեքավոր հարցադրումների եւ դիտարկումների համար՝ վստահեցնելով, որ գույքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները, կլինեն կոնկրետ գործողություններ՝ ի նպաստ արդարադատության ոլորտի բարեփոխումների:

Թեմայի այլ նորություններ