Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ:
Ինչպես տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում, որի ղեկավարն է երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը: Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում:
Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին: Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային եւ կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի եւ հավատալիքների մասին:
Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին: Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր:
Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ եւ երկրաբաններ»-ներկայացրեց արշավախմբի համաղեկավարը:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում իրականացվում են հնագիտական պեղումներ Գեղարքունիքի մարզի...
Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Вторник, 18 августа 2020 г.