Ազատության հրապարակին կից կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը. օրեր շարունակ քննադատվող նախագիծը հաստատվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ազատության հրապարակին կից կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը. օրեր շարունակ քննադատվող նախագիծը հաստատվեց

Ազատության հրապարակին կից կտեղադրվի Օհան Դուրյանի արձանը. օրեր շարունակ քննադատվող նախագիծը հաստատվեց

Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստի ժամանակ քննարկում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր, հրապարակախոս Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրմանը նախագիծը: Նկատենք՝ օրերս կիսանդրու լուսանկարը համացանցում հայտնվելուց հետո այն քննարկման ու քննադատությունների ալիք բարձրացրեց: Ըստ որոշ օգտատերերի՝ քանդակում Դուրյանին իրեն բոլորովին նման: Որոշներն էլ հարց էին բարձրացնում՝ ինչո՞ւ է մաեստրոն քանդակում քառատված:

Արձանի տեղադրման մասին հարցի քննարկմանը այսօր ներկա էր նաեւ Օհան Դուրյանի հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված Կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը: Վերջինս նախքան օրկարգային հարցին անդրադառնալը նախ ներկայացավ.

«Բժիշկ, հրապարակախոս, Օհան Դուրյանի արվեստի նվիրյալ, նրա հետ համաժողովրդական պայքարի զինակից, Դուրյանի վերջին համերգաշրջանների կազմակերպիչ-պրոդյուսեր, Դուրյանի արխիվային ժառանգության հովանավոր, դուրյանագետ, ի վերջո, դուրյանապաշտ. ներեցեք անհամեստ ներկայանալուս համար»:

Վարդապետյանը ներկայացրեց այն իրողությունը, որը Դուրյանի կենսագրության մեջ գրված չէ, սակայն փաստ է.

«Օհան Դուրյանն առաջինն էր, որ իբրեւ բողոքի նշան 2000 թվականին հետ վերադրարձրեց կառավարական բարձր պարգեւները՝ «Մովսես Խորենացի», «Մեսրոպ Մաշտոց» շքանշանները: Նա այն քաղաքացին էր, որ միշտ համաժողովրդական պայքարի կիզակետում է եղել՝ Ազատության հրապարակում, եւ արձանի տեղադրումն էլ հենց նախատեսվում է այդ հրապարակի հարակից տարածքում: Դուրյանն անգամ իր վատացած առողջական վիճակով պարտադրում էր ինձ ներկա գտնվել հանրահավաքներին. հիշում եմ՝ մի անգամ պնդեց այցելել քաղբանտարկյալներին. ստորագրահավաքներին միշտ առաջինն էր ստորագրում»:

Վարդապետյանը նաեւ պատմեց, որ երբ մահացել է Դուրյանը, ինքը տարբեր քանդակագործների եւ մշակույթի գործիչների հետ լծվել է մաեստրոյի արձանը ստեղծելու գործին, որը այսօր տեղադրված է Կոմիտասի անվան պանթեոնում: Մտահղացումներին ծանոթանալուց հետո որոշում է կայացվել քանդակի ստեղծումը վստահել ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

«Դուք տեսնում եք Կոմիտասի անվան պանթեոնում Դուրյանի քանդակը՝ մաեստրոյի կերպարը, դեմքը, հույզերը լիովին արտացոլող: Մենք ծրագրել էինք, որ նաեւ ձեռքերը լինեն, եւ հիշում եմ՝ Գետիկն ասաց՝ թող մնա, դա էլ մի ուրիշ ժամանակ. այժմ եկել է այդ ուրիշ ժամանակը»,- ասաց բժիշկ-հասարակական գործիչը: Վարդապետյանը նաեւ շեշտեց՝ Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրվելիք կիսանդրու ստեղծումը այժմ եւս վստահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին՝ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն:

Նշեց, որ վարպետի հետ գնացել այդ տարածքում կանգնել են, ապա լսել Դուրյանի ստեղծագործությունները, որից ոգեշնչված էլ նկարիչ Գետիկ Բաղդասարյանը պատկերել է ձեռքերը, արել է սիմվոլիկ էսքիզ, դա յուղաներկ չէ, կտավ չէ, հուշաքանդակ չէ, որ չափեր քննարկենք:

Ապա անդրադառնալով քանդակի շուրջ հնչող բազմաթիվ քննադատություններին ու քննարկումներից ասաց.

«Շատ լավ է, որ բուռն քննարկումներ լինեն, եթե քննարկում չի լինում, ուրեմն՝ մեռած վիճակ է, եթե ամեն ինչ միանգամից ընկալվում է, ուրեմն՝ դա կյանք չունի: Անելու ենք այնպիսի գործ, որը կարտացոլվի մաեստրոյի հույզերն ու պոռթկումները»:

Վարդապետյանը համոզմունք հայտնեց՝ այսօր Հայաստանում ժողովրդի իշխանություն է, իսկ ժողովրդի իշխանութունը նաեւ վերադարձնում է Օհան Դուրյանին Ազատության հրապարակի հարակից տարածք.

«Քանդակում պատկերված Դուրյանն ասելու է՝ իմ ժողովուրդն ինձ վերադարձրեց Ազատության հրապարակ»:

Նիստին ներկա էր նաեւ քանդակի հեղինակ Գետիկ Բաղդասարյանին։ Որը խոսելով աշխատանքի մասին ասաց՝ երբ որոշում ու սկսում աշխատել, այդ ընթացքում նաեւ ծանոթանում ես այդ մարդու հետ: Քանդակագործի խոսքով՝ եթե չսիրես, չհարգես այդ մարդուն, ապաքանդակը չի ստացվի: Խոսելով քանդակում պատկերաված եւ բավականին քննադատված ձեռքերի մասին.

«Ես որոշել էի, որ պետք է ձեռքերով անեմ: Էսքիզում Դուրյանի ձեռքերը պատկերաված են, ու ցույց են տալիս նրա հոգեվիճակները, հույզերը: Փոքրուց սիրել եմ Դուրյանին իր կերպարի համար, ինչը ինձ շատ է օգնում: Էսքիզը փոքր է, դեռ շատ բան չի երեւում, պատկերված է գլուխն ու ձեռքերը, հենված է սյունին, ինքն էլ մեր ազգի սյուներից մեկն է»,-ասաց նա:

Խոսելով աշխատանքային ընթացքի ու քանդակի վերջնական ստացման մասին քանդակագործն ասաց՝ սկզբում անելու է նատուրալ չափի կավից քանդակ, որը հետագայում լինելու է բրոնզից:

«Բրոնզից կլինե ձեռքերն ու գլուխը, իսկ տակը բազալտից սյուներ: Շատ մեծ, ցայտուն չի լինելու, որ կարդացվի մյուս քանդակների հետ եւ լինի մեր լավագույն աշխատանքներից»,-ասաց նա:

Ավագանու մի քանի անդամներ նշեցին, որ ճիշտ չէր նախագիծը հրատապ օրակարգ բերել, սակայն որոշները չհամաձայնվեցին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նուարդ Վարդանյանն էլ իր ելույթում նշեց, որ ամոթ է վարպետի արձանի տեղադրման հարցը դարձնել քաղաքական օրակարգ եւ ելույթներ ունենալ կամ կարծիքներ հնչեցնել: Վիրջինիս դիտարկմամբ իրենք այն անձինք չեն, որ պիտի ճատարապետական կոթողի մասին մասնագիտական կարծիք հայտնեն: Վարդանյանը շեշտեց՝ տվյալ պարագայում Երեւանի ավագանին միայն կարող  է հաստատել տարածք տրամադրել չտրամադրելու հարցը:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ, որը նաեւ Օհան Դուրյանի արձանի տեղադրման եւ վարպետի հիշատակին նվիրված կառավարական հոբլեյնական հանձնաժողովի անդամ է, նշեց, որ անդամ է նաեւ Օհան Դուրյանի որդին եւ նրա կարծիքը արձանի տեսքի մասին շատ դրական է:

«Մենք պարտավոր ենք այսօր այս դահլիճում կողմ քվեարկել, ես կամաչեմ այն անձնաց համար, որոնք դեմ կքվեարկեն: Ամոթ այն ավագանու անդամին, որ դեմ կքվեարկի այս նախագծին: Ես պատիվ ունեմ, որ մասնակցում եմ մի շատ լավ նախագծի, որը դեռ շտկվելու է, փոփոխվելու: Արձանը սոցցանցերում քննադատողներն ամաչելու են դրա վերջնական տեսքը տեսնելուց հետո, իսկ այն անձինք, որոնք պլաստիլինից սարքած փոքր, թերի արձանը հրապարակեցին ու սարքեցին հանրային քննարկման թեմա հուսով եմ՝ այնքան բարոյականություն կունենան, որ կգնան եւ տիկին Ալիսից ներողություն կխնդրեն, այս օրերին հասցրած սթերսի համար»,-եզրափակեց նա:

Ավագանու գրանցված 51 անդամից նախագծին կողմ քվերակեցին 45-ը, դեմ՝ 0,  ձեռնպահ՝ 5. Օհան Դուրյանի արձանը Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղադրելու մասին որոշումը հաստատվեց:

Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյան) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Նախնական կրթությունը ստացել է Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց: Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր: Դուրյանը 1957-60թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ. և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1962-69թթ, իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ, նշանակվել է Գևանդհաուզի նվագախմբի ղեկավար: Այդ տարիներին բեմադրել է Ջ.Վերդիի «Դոն Կառլոս» և Ա.Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները: 1967-74թթ. և 1991-94թթ. եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-72թթ. և 1999-2002թթ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100 նվագախմբեր: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել վառ տեմպերամենտը, կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը: Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա.Իսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր: Մահացել է 2011թ. հունվարի 6-ին, Երևանում: Օհան Դուրյանը Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Թեմայի այլ նորություններ