10 կուսակցությունների հայտարարությունը Սեւրի 100-ամյակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

10 կուսակցությունների հայտարարությունը Սեւրի 100-ամյակի առթիվ

10 կուսակցությունների հայտարարությունը Սեւրի 100-ամյակի առթիվ

Հայաստանյան 10 քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են ընդունել Սեւրի պայմանագրի 100-ամյակի առթիվ:

Հայտարարությունը ստորագրել են.

1.    Ազատություն կուսակցությունը

2.    Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը

3.    Ազգային ժողովրդավարական միությունը

4.    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

5.    Բարգավաճ Հայաստան կուսակցությունը

6.    Հայ Յեղափոխական Դաշնակցությունը

7.    Երկիր Ծիրանի կուսակցությունը

8.    Հայրենիք կուսակցությունը

9.    Ժառանգություն կուսակցությունը

10.    Մեկ Հայաստան կուսակցությունը

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրեւ Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները եւ հարեւանների հետ ճշտել նոր սահմանները։

Սեւրի պայմանագիրը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արեւելյան Եվրոպայում եւ Բալկաններում հարատեւ խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարեւոր փաստաթուղթ է։ Թեեւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սեւրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության եւ միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար` գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական սահմանին։

Փաստենք, որ միջազգային մանդատով եւ իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը եւ իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման եւ իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սեւրի պայմանագրի՝ նաեւ Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար` Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ եւ անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում  ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սեւրի պայմանագրում, որպես մոլորակի այս հատվածում հարատեւ արդար խաղաղության հաստատման, ազգերի եւ պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարեւորում է Սեւրի պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սեւրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը եւ գործադրումը  կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։

2) Սեւրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության եւ պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարեւորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։

3) Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։

4) Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.

•    միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսեւորած թշնամական քաղաքականությունը,

•    Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,

•    Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տեւող հետեւողական յուրացումը եւ ոչնչացումը,

•    Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,

•    Թուրքիայի կողմից հարեւան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,

•    Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,

•    Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին եւ մարդկության դիմակայած մարտահրավերներին։

5) Անհրաժեշտ է, որ Սեւրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարեւորության, ազգերի արդար համակեցության եւ դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կարեւորում ենք Սեւրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական եւ իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սեւրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարեւորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը»։

Թեմայի այլ նորություններ