Ընդդիմությունն անհնազանդության ակցիաները կշարունակի նաև վաղը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ընդդիմությունն անհնազանդության ակցիաները կշարունակի նաև վաղը

Ընդդիմությունը վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր խմբերը փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը: Քաղաքացիները մայրաքաղաքի 30 խաչմերուկ էին փակել: Ավելի ուշ ոստիկանությունը վերականգնել է երթևեկությունը:

Ոստիկանության գործողությունների արդյունքում բաժին էին տարվել 244 քաղաքացիներ, բոլորը 3 ժամ անց ազատ են արձակվել: Ֆրանսիայի հրապարակում երեկվանից սկսած վրանային նստացույցը շարունակվում է մինչ այս պահը:

Ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել որոշ ցուցարարների նկատմամբ: Ոստիկաններից մեկը քաղաքացուն բերման ենթարկելիս բռունցքներով հարվածներ է հասցրել գլխին ու դեմքին: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Լուրեր»-ին տեղեկացրին, որ Ոստիկանության պետի հանձնարարականով ծառայողական քննություն է անցկացվում:

Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում լրագրողների աշխատանքը խոչընդոտել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Նա հրել է իրեն հարց ուղղող լրագրողին և հարվածել նկարահանող օպերատորի ոտքին: «Լուրեր»-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այս պահին բոլոր բռնության դեպքերը՝ թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների նկատմամբ, ուսումնասիրվում են:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել ու դատապարտել ուժային կառույցների կողմից բռնությունը և հանրային դեմքերի կողմից բռնության ողջունումը: Ըստ ՄԻՊ-ի՝ իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ, իսկ դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է, որ խախտումները շարունակական են:

Բարեկամության մետրոյի մոտ այլ պատկեր է եղել: Մի խումբ քաղաքացիներ իրենց ուժերով են բացել ընդդիմադիր ցուցարարների` աղբամաններով բարիկադները: Առանց հրմշտոցների հարցը չի կարգավորվել:

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում այսօր երեկոյան ընդդիմադիր շարժումը կրկին հանրահավաք անցկացրեց, որին հաջորդեց Երևանի փոքր կերտրոնի փողոցներով երթը, որոշ փողոցներ ընթացքում փակվեցին, երթին միացել էր նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քայլերթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում: Երթի ավարտին «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը առավոտյան ժամը 8:30-ից շարունակելու են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:40-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3800 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Բացի դա, տեղացող անձրևի պատճառով որոշ մասնակիցներ կանգնած են հովանոցներով․ նման դեպքերում առաջնորդվել են այն վարկածով, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է գտնվել երկուական հոգի: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ