Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 6 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 6 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 6 (թարմացվող առցանց լուսաբանում)

23:58

Լեհաստանի ԱԳՆ-ն նախաձեռնել է Վարշավայում ռուսական սեփականության բռնագրավման գործընթաց։ Դրանց թվում է նաև ՌԴ դեսպանությանը կից դպրոցի շենքը։

23:49

ԵՄ երկրների հատուկ ներկայացուցիչները համաձայնեցրել են SWIFT համակարգից անջատել ռուսական ВТБ, Россия, Открытие, Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк և ВЭБ. РФ բանկերը։

23:41

«Շատ են ժամկետային զինծառայողները». Պենտագոնը ռուսական ներխուժման ընթացքի մասին

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը տարածել է Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ սեփական գնահատականը։

Պենտագոնի տեղեկություններով՝ հարձակվող ռուսական բանակի շարքերում շատ են ժամկետային զինծառայողները, որոնք նախկինում երբեք չեն տեսել մարտեր և այդ զինծառայողներից շատերը չեն իմացել, որ իրենց պատերազմ են ուղարկում։

Պենտագոնում նշում են, որ ռուսական որոշ ջոկատներ հանձնվում են, երբեմն առանց մարտերի և կան նշաններ այն մասին, որ ռուսական զորքերի մարտական ոգին ընկնում է։

«Ռուսաստանն այս պահին Ուկրաինայում գործադրել է նախապես պատրաստված մարտական ուժերի 80 %-ից ավելին»,- կարծում են ամերիկացի զինվորականները։

Նրանց տվյալներով՝ ռուսական առաջնային ջոկատները, որոնք փորձում են հարձակվել Կիևի վրա, երեկվանից չեն տեղաշարժվել և մնում են ուկրաինական մայրաքաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա։

Բացի այդ, ամերիկացի մասնագետները Ուկրաինայում գտնվող ռուսական զորքերում տեսնում են վառելիքի և սննդի պակաս։

23:29

CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։

23:22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ մարտի 2-ից արգելվել է Ռուսաստանից 10 000 ԱՄՆ դոլարը գերազանցող արտասահմանյան արժույթի դուրս բերումը։

23:01

23:01

Ռոսկոմնադզորը սպառնում է Ռուսաստանում արգելափակել Վիքիպեդիան։

Պատճառը մեկ հոդվածի վերնագիր է, որտեղ Ուկրաինայում ռուսական «ռազմական գործողությունը» նշվում է որպես «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա»։

 

22:54

Նոր կադրեր են հրապարակվել Խարկովի մարզից։ Պայթյուն է տեղի է ունեցել Չուգուևում գտնվող օդակայանում, որը գտնվում է Խարկովից 15 կիլոմետր հեռավորության վրա։

22:42

The Wall Street Journal-ը հայտնում է, որ BMW-ն դադարեցնում է Կալինինգրադում «Ավտոտոր» գործարանի արտադրական հզորություններով BMW մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը և ռուսական շուկա ավտոմեքենաների մատակարարումը։

Ավելի վաղ, մատակարարման դադարեցման մասին հայտնել էին Audi-ն, Skoda-ն, Volkswagen-ը, Bentley-ն, Lamborghini-ն, Ducati-ն, Jaguar-ը, Land Rover-ը, Harley-Davidson-ը։

22:29

«Дождь» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Գլխավոր դատախազությունից ստացված ծանուցման մեջ չկան կոնկրետ նյութեր, որոնք, ըստ ռուսական գերատեսչության, խախտում են ռուսական օրենքները։

22:23

1990-1996 թվականներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը թվիթերյան իր միկրոբլոգում ռուս դիվանագետներին, ի նշան բողոքի, կոչ է արել հրաժարական տալ։

«Ռուսաստանի հարգելի դիվանագետներ, դուք պրոֆեսիոնալներ եք, այլ ոչ քարոզիչներ։ Երբ ես աշխատում էի ԱԳՆ-ում, ես հպարտանում էի իմ գործընկերներով։ Հիմա ուղղակի չի կարելի աջակցել Ուկրաինայում արյունալի եղբայրասպան պատերազմին»։

 

22:16

Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ եթերից անջատվել է նաև «Эхо Москвы» ռադիոկայանը։

22:10

Ալեքսեյ Վենեդիկտով. «Эхо Москвы»-ն չի խախտել օրենքը

«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը Интерфакс-ին հայտարարել է, որ «Эхо»-ն Գլխավոր դատախազությունից չի ստացել ծանուցում պահանջների մասին։ Վենեդիկտովը վստահ է, որ խմբակցությունն օրենք չի խախտել։

«Սովորաբար այդպիսի ծանուցումները ստանում է «Эхо Москвы»-ի կայքի գլխավոր խմբագիրը, բայց նա ինձ ոչինչ այդ մասին չի ասել։ Մենք ոչինչ չենք ստացել։ Կզբաղվենք ստանալուն պես։ Մենք կարծում ենք, որ ոչինչ չենք խախտել, չենք տեսնում խախտման որևէ հետք»։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է արգելափակել «Дождь»-ի և «Эхо Москвы»-ի կայքերը։ Կապի օպերատորներն արդեն ձեռնամուխ են եղել դրան։

22:04

Հաղորդվում է, որ տեսանյութն արվել է Խարկովի հյուսիսարևելյան հատվածում։

22:00

Այդ ընթացքում սոցիալական ցանցերում հայտնում են Խարկովի ուժեղ գնդակոծման մասին։

 

21:55

Ռուսական կապի օպերատորներն արագ արձագանքեցին ՌԴ գլխավոր դատախազության պահանջին։

21:45

ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջում է արգելափակել «Дождь»-ի և «Эхо Москва»-ի կայքերը

Պատճառը՝ «ծայրահեղական գործողություններ դրդելու կոչերով» նյութերն են։

Ռուսական գերատեսչության կարծիքով՝ այս լրատվամիջոցները հրապարակում են «կեղծ նյութեր ԴԺՀ և ԼԺՀ պաշտպանության համար հատուկ գործողության շրջանակներում ռուսական զինծառայողների գործողությունների վերաբերյալ»։

21:37

Ուկրաինական ութ հեռուստաընկերություններ, որոնք հեռուստաաշտարակի հետ կապված վերջին դեպքերի  արդյունքում դադարեցրել էին իրենց աշխատանքը, վերականգնել են թվային ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

21:28

Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ու Ուկրաինային պաշտպանական օգնությունը։

 

21:19

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու բանաձևին

Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրամիության երկրներին խորհրդատվական բանաձևը։ Կողմ է քվեարկել 637 խորհրդարանական, դեմ՝ 13-ը։

Այս բանաձևն ունի խորհրդատվական բնույթ։ Որոշումն այն մասին, որ այս կամ այն երկրին պետք է տրվի թեկնածու երկրի կարգավիճակ, համատեղ ընդունում են ԵՄ անդամ երկրները։

21:15

Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել ռուսական նավերի մուտքը երկրի նավահանգիստներ և տարածքային ջրեր

Կանադայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանում գրանցված կամ այդ երկրին պատկանող նավերի ու ձկնորսական նավակների մուտքը կանադական նավահանգիստներ ու տարածքային ջրեր արգելելու իր մտադրության մասին։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալհաբրան։

Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթվա ընթացքում։

 

21:07

Reuters. Կիևի ուղղությամբ հարձակումը դանդաղել է

Կիևի ուղղությամբ ռուսական բանակի հարձակումը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունում իր անանուն աղբյուրներին։

20:57

Չեռնոգորիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Չեռնոգորիան, որը 2024-2025 թվականներին ակնկալվում է, որ կանդամակցի ԵՄ-ին, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Չեռնոգորիան փակում է իր օդային տարածքը ռուսաստանյան ինքնաթիռների համար։ Անհատական պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ անվտանգության խորհրդի անդամներն ու Պետդումայի պատգամավորները։

Պատժամիջոցները կանդրադառնան ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական և վիզային ոլորտների վրա։

20:48

Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում Կիևի հեռուստաաշտարակի հրթիռակոծման վերաբերյալ գրառում է արել։

«(Ես դիմում եմ) աշխարհին. ի՞նչ իմաստ ունի 80 տարի շարունակ ասել «այլևս երբեք», եթե աշխարհը լռում է, երբ ռումբն ընկնում է Բաբին Յարի տեղում։ Առնվազն հինգ զոհ։ Պատմությունը կրկնվում է...»

 

20:45

CNN-ի լրագրող Մեթյու Չենսը պատմել է, որ իր բունկերում զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և լուսանկար հրապարակել այնտեղից։

 

20:38

Ուկրաինական կողմը պաշտոնապես հաստատեց գերիների փոխանակման լուրը։

Ուկրաինայում տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը։ Այդ մասին հայտնել է Սումի մարզի ղեկավար Դմիտրո Ժիվիցկին։ Նրա տվյալներով՝ ուկրաինացի հինգ գերիները փոխանակվել են ռուսաստանցի մեկ զինվորականի հետ։ Տեսանյութում նա իրեն անվանում է Օսմկի բնակիչ Յուրի Նիկիտին։

ՌԴ ՊՆ-ն գերիների փոխանակման վերաբերյալ ոչինչ չի հայտնել։

20:35

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի հեռուստաաշտարակի ուղղությամբ հարվածների արդյունքում զոհվել է 5 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ տուժածներ չկան։

20:25

Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով։

  • «Սկզբում անհրաժեշտ է կրակի ամբողջական դադարեցում, որպեսզի նստենք բանակցությունների սեղանին»,
  • «Եթե գործընկերները չեն ցանկանում, որ մենք լինենք ՆԱՏՕ-ում, մեզ պետք են անվտանգության երաշխիքներ»,
  • «Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կհայտնվեն ՆԱՏՕ-ի սահմաններին»,
  • «Բայդենն ինձ ասաց, որ դեռ չի եկել ոչ թռիչքային գոտի հայտարարելու ժամանակը»։

20:22

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրապարակել է հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը։

20:16

Սումի մարզում ենթադրաբար տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը

Մոտ երկու ժամ առաջ ուկրաինական մի քանի պարբերականներ, այդ թվում УНИАН-ը, հայտնում են, որ Սումի մարզում տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը։

Ռուսական մեկ սպան փոխանակվել է տարածքային պաշտպանության հինգ մարտիկների հետ։ Ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը և չի մեկնաբանել։

20:02

Կիևի հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյուններից ոչ մեկ չի տուժել

Ուկրաինայի ռադիոհեռարձակման, ռադիոկապի և հեռուստատեսության կոնցեռնը հայտարարել է, որ Կիևի հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած պայթյունները տեղի են ունեցել ռուսական հարվածների արդյունքում։

«Գնդակոծման արդյունքում տուժել է կառավարման կետը։ Ժամանակավորապես հասանելի չի լինի հեռուստաալիքների ցուցադրությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կոնցեռնը նաև նշել է, որ որևէ աշխատակից չի տուժել։

19:54

Կադիրով. «հատուկ գործողության» ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ այդ գումարի կեսը կտրամադրվի դաշնային բյուջեից, մյուս մասը՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ ՊՆ-ն մինչ օրս պաշտոնապես չի հայտնում ռուսական կողմի կորուստները։ Ռուսական շրջանների ղեկավարները պատերազմի օրերին, ընդհանուր առմամբ, հաստատել են 14 մարդու մահ։ Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ ռուսական կողմի կորուստները հասնում են հազարի։

19:49

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը չի բացառել Բելառուսին պատասխան հարված հասցնելը։

«Անհրաժեշտության դեպքում, եթե գերագույն գլխավոր հրամանատարի կողմից որոշում ընդունվի անել դա, ապա դա կընդունվի»,- «Украина 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալեքսանդր Դանիլյուկը։

19:46

Ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ՝ հեռուստաաշտարակի մոտ երկու պայթյուն է եղել։

19:44

УНИАН-ը պնդում է, որ հարվածը հասցվել է հեռուստաաշտարակի մոտ գտնվող կառավարման շենքին։ Պայթյունի ժամանակ այնտեղ մարդիկ են եղել։

19:40

УНИАН-ի թղթակիցները հայտնում են, որ պայթյունի արդյունքում հեռուստաաշտարակը չի տուժել։

19:36

Kyiv Independent պարբերականը հայտնում է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են աշխատանքը՝ Կիևի հեռուստաաշտարակին հարվածներ հասցնելուց հետո։

 

19:33

Կիևի բնակիչները հայտնում են Կիևի հեռուստաաշտարակի մոտ պայթյունների մասին։

19:23

Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիան միջազգային մրցաշարերից հեռացրել է ռուսական և բելառուսական աթլետներին։

19:12

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան հեռացրել է Ռուսաստանի հավաքականին՝ միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելուց։

18:56

ԴԺՀ-ն պնդում է, որ ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գնդակոծության արդյունքում զոհվել է երկու մարդ։

Հրետանային հարձակման արդյունքում նաև վիրավորվել է 9-ամյա աղջիկ։ Հանրապետության իշխանությունները նաև հայտարարել են, որ հարձակման արդյունքում հոսանքազրկվել է խոշոր ածխահանք, որի արդյունքում գետնի տակ արգելափակված է մնացել 33 հանքագործ։

18:43

Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովը հայտնել է Ուկրաինայում ռուսական կողմի իրականացրած հատուկ ռազմական գործողության ժամանակ շրջանի 4 զոհերի մասին։

«Խորը ցավակցություններս եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Դա անդառնալի կորուստ է։ Նրանք իրենց կյանքը տվել են հանուն իրենց երկրի և իրենց ժողովրդի անվտանգության ապահովման։ Մենք միշտ կհիշենք նրանց։ Զոհերի ընտանիքներին կտրամադրվի աջակցություն»։

18:29

Կիևի քաղաքապետարանի շենքը, մարտի 1:

18:11

ԵՄ ներկայացուցիչները Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ ցուցադրաբար դուրս են եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առցանց ելույթի ժամանակ։ 

Լավրովն անձամբ չէր կարողացել մասնակցել կոնֆերանսին, քանի որ ԵՄ-ն փակել էր իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների վրա։

18:02

ՌԴ Դաշնային խորհուրդը մարտի 4-ին կհավաքվի արտահերթ նիստի։

Այդ մասին հայտնում են ТАСС-ի և РБК-ի աղբյուրները։ Նիստին կքննարկվեն հակաճգնաժամային օրենքները։

Այդ թեմայով մեկ այլ նիստ էլ կարող է կայանալ մարտի 10-ին կամ 11-ին։

17:43

Ռուս ընդդիմադիր գործիչ, օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական զինծառայողները գերեվարվում ուկրաինական զինուժի կողմից։

17:28

Instagram-ը եվրոպական 27 երկրներում արգելափակել է RT-ի բոլոր օգտահաշիվները։

Instagram-ը հայտարարել է, որ եվրոպական 27 երկրներում արգելափակել է RT հեռուստաընկերության բոլոր օգտահաշիվները։ Այդ մասին նշվում է ռուսական մեդիահոլդինգի տելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ, Google-ի եվրոպական գրասենյակը հայտարարել էր RT-ի յութուբյան ալիքների անհապաղ արգելափակման մասին։

 

17:05

ՌԴ ՊՆ. «Ուկրաինական զորքերի ելքը դեպի Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է»

«ԴԺՀ ժողովրդական ոստիկանության առաջնային ջոկատները դուրս են եկել Դոնեցկի մարզի վարչական սահման և միավորվել ՌԴ զորամասերին, որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Ազովի ծովի առափնյա շրջանները»,- նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

16:45

УНИАН-ը և մի շարք ուկրաինական աղբյուրներ պնդում են, որ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ մարտի 2-ին։ Инерфакс-ը, հղում անելով բանակցային գործընթացին մոտ իր աղբյուրին, գրում է, որ «Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն» դեռևս չկա։

16:29

Չեռնիգովի իշխանությունները պնդում են, որ ռուսական զորքերը «Գրադ»-ից հարվածել են քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ։ «Մոտ մեկ ժամ առաջ Գրադներից բռնազավթիչները հրթիռակոծել են Մասանի միկրոշրջանը և Խաղաղության պողոտան։ Ներկայումս այնտեղ փրկարարներն են աշխատում»,- հայտարարել է Չեռնիգովի մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

16:23

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները կվերլուծեն Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի դիմումը։

16:17

Լավրովը Արևմուտքին մեղադրել է հակամարտության սրման մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում առկա ներկայիս իրավիճակը «Կիևի հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության արդյունքն է»։

Նրա խոսքով՝ Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների ճանապարհը»։

Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը պատրաստակամություն ցույց չի տալիս Ռուսաստանին ներկայացնել անվտանգության երաշխիքներ և հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից։ 

«Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն նախկին ԽՍՀՄ անդամ երկրների տարածքներում, որոնք չեն հանդիսանում Դաշինքի անդամ, ռազմական օբյեկտներ ստեղծելուց, ներառյալ ցանկացած ռազմական գործողության վարում նրանց ենթակառուցվածքներից»,- ասել է Լավրովը։

16:10

Bloomberg-ի տվյալներով՝ Եվրամիությունը քննարկում է SWIFT համակարգից անջատել ռուսական 7 բանկեր, որոնց թվում են ВЭБ-ը, ВТБ-ն, «Россия»-ն, «Открытие»-ն, Новикомбанк-ը, Промсвязьбанк-ը և Совкомбанк-ը։

16:01

Եվրախորհրդարանում Վլադիմիր Զելենսկու ելույթը։ Հեռարձակումն իրականացնում է Գերագույն ռադայի հեռուստաընկերությունը։

15:50

Դմիտրի Մեդվեդևը շարունակում է սպառնալ։

«Այնտեղ ինչ-որ ֆրանսիացի նախարար այսօր ասել է, որ նրանք մեզ տնտեսական պատերազմ են հայտարարել։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնայք։ Եվ մի մոռացեք, որ մարդկության պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վեր են ածվել իրականի»,- գրել է նա։

 

15:37

Ռոսավիացիան մինչև մարտի 8-ը երկարացրել է ՌԴ կենտրոնական և հարավային հատվածների օդանավակայաններ թռիչքների արգելքը։ Այդպիսով,նախկինի պես թռիչքները սահմանափակված են դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։

15:29

Ուկրաինայի գլխավոր շտաբը պնդում է, որ մարտի 1-ին, Կիևի ժամանակով 12:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին), ռուսական զինծառայողները կրել են ռազմական տեխնիկայի հետևյալ կորուստները։

  • ինքնաթիռներ՝ 29 միավոր,
  • ուղղաթիռներ՝ 29 միավոր,
  • տանկեր՝ 198 միավոր,
  • մարտական զրահամեքենաներ՝ 846 միավոր,
  • հրետանային միջոցներ՝ 77 միավոր,
  • ՀՕՊ միջոցներ՝ 7 միավոր,
  • ՀԿՌՀ՝ 24 միավոր։

Ուկրաինայի գլխավոր շտաբը ռուսական մարդկային կորուստների վերաբերյալ տվյալներ այս անգամ չի տվել։

15:19

YouTube-ը ուկրաինական կողմի խնդրանքով՝ Ուկրաինայում արգելափակել է Ռուսաստանի առաջին ալիքը, «Звезда», ТНТ և այլ հեռուստաընկերությունները։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

15:09

Ռուս զինծառայողները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում փորձում են ցրել ուկրաինացի ցուցարարներին։ Ուշադրությո՛ւն, տեսանյութում հայհոյանք կա։

14:53

BBC: Մեծ Բրիտանիան պատրաստվում է բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Լեհաստան, որտեղ եվրոպական դաշնակիցների հետ պատրաստվում է քննարկել Ուկրաինայում առկա իրավիճակը։

Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի «առավելագույն ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա և որ ռուսական ներխուժումը կունենա «ծանր հետևանքներ» աշխարհակարգի վրա։

Ջոնսոնը նաև դիտարկում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցի բարձրացման հնարավորությունը։ Ռուսաստանի ՄԱԿ-ի գլխավոր մարմնի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, որը որոշումներ է ընդունում անվտանգության և խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ։ Որպես մշտական անդամ, Ռուսաստանն իրավունք ունի վետո կիրառել ԱԽ ցանկացած բանաձևի վրա։

ԱԽ մշտական անդամներ են նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը և Ֆրանսիան։ Մյուս 10 անդամները ռոտացիոն կարգով փոփոխվում են յուրաքանչյուր տարի։

14:47

Ռուսաստանը ժամանակավորապես կսահմանափակի ռուսական ակտիվներից օտարերկրյա ներդրողների դուրս գալը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

14:39

Կրեմլը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Ահա հիմնական մտքերը։

  • Ռուսաստանը նախկինի պես Վլադիմիր Զելենսկուն համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ,
  • Վլադիմիր Պուտին-Վլադիմիր Զելենսկի զրույց դեռևս չի նախատեսվում,
  • Կրեմլը տեղյակ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքից, բայց գնահատականներ տալը դեռ շուտ է,
  • Հաագայում Ռուսաստանի դեմ գործ բացելը հիմքեր չունի,
  • Եվրամիությունը ռազմական դաշինք չէ, այդ իսկ պատճառով Ուկրաինայի անդամակցության դիմումը չի հակասում Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը,
  • Ուկրաինայում ռուսական կորուստների վերաբերյալ Պեսկովը տվյալներ չունի։
 

14:31

Վլադիմիր Զելենսկին Խարկովի դեպքերից հետո Ռուսաստանին անվանել է «ահաբեկիչ պետություն»։

14:28

Conflict Intelligence Team-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայում ռուսական զորքերը, հնարավոր է, օգտագործում են ժամկետանց չոր օրապահիկներ։

14:23

Պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերը չեն կարող թողարկել Visa-ի և MasterCard-ի նոր քարտեր։ Այդ մասին հայտնում է ՌԴ վճարային քարտերի ազգային համակարգը։ Արդեն թողարկված քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանի ներսում։

14:21

Չեռնիգովի մարզի տարածք են մտել բելառուսական զորքերը։

Այդ մասին, ինչպես գրում է «Громадське»-ն, հայտարարել է տարածքային պաշտպանության կառավարման ուժերի «Հյուսիս» ուղղության ղեկավար Վիտալի Կիրիլովը։

Ավելի վաղ, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ բելառուսական բանակը որևէ մասնակցություն չի ունեցել և չի ունենա մարտական գործողություններին։

14:18

Խարկովի բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որտեղ, ինչպես պնդում է ուկրաինական կողմը, արկ է ընկել։

14:15

Bellingcat հետաքննական պորտալը հայտարարել է, որ ռուսական զորքերը, ուկրաինական քաղաքների գնդակոծման ժամանակ, կիրառում են կասետային ռումբեր, ինչը խիստ վտանգավոր է խաղաղ բնակիչների համար։

14:13

Չեռնիգովի բոլոր մուտքերն ականապատված են։ Այդ մասին հայտարարել է Չեռնիգովի մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ «Ականապատված են, նշանակում է, որ այնտեղ ականներ կան և դրանց վրա կարելի է պայթել»,- նշել է նա՝ պնդելով, որ քաղաքը պատրաստ է պաշտպանության։

14:12

Առավոտյան գլխավոր իրադարձություններից մեկը տեղի էր ունեցել Խարկովում։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակից հանել են 6 մարդու, ընդհանուր մոտ 20 մարդ վիրավորվել է։ Իշխանությունների պնդմամբ՝ դեռ կան մարդիկ, որոնք գտնվում են փլատակների տակ։

11:45

Խարկովի կենտրոնը։

"Մարտի 1-ի առավոտյան ռուս զինվորականները հրթիռակոծել են Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքը",- հայտնում է ուկրաինական UNIAN գործակալությունը:

Նշվում է, որ Եվրոպայի ամենամեծ հրապարակներից մեկի՝ Խարկովի «Սվոբոդի» հրապարակը կրակի տակ է հայտնվել։ Այնտեղ են գտնվում Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքերը։

Տեսանյութում երևում է, որ վնասվել է նաև մարզային պետական վարչության դիմաց գտնվող «Բոլորը հանուն հաղթանակի» կամավորական վրանը:

«Նախնական տեղեկություններով՝ հարվածի տակ են առնվել Խարկովի մարզային պետական վարչության շենքը, օպերային թատրոնը ,ֆիլհարմոնիան և բնակելի հատվածի մի մասը (հիմնականում 4-5 հարկանի բնակելի շենքեր), Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չի կարող ամբողջությամբ ներգրավվել տուժածների տարհանման կամ հրդեհաշիջման աշխատանքում՝ շարունակվող վտանգի ու կրակահերթի պատճառով »,- նշել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ազգային կորպուսի Խարկովի կառույցի ղեկավար Կոնստանտին Նեմիչևը Telegram-ում ցուցադրել է հետևանքների տեսանյութը։ 

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախնական տեղեկություններով՝ Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքի գնդակոծության հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։

Գնահատվում է քաղաքացիական զոհերի թիվը։ Խարկովի բնակիչներին խնդրում են չլքել կացարանները։

11:22

Սումի մարզի Ախտիրկա քաղաքում, տեղական իշխանությունների տվյալներով, զորամասի զանգվածային գնդակոծության արդյունքում զոհվել է 70 ուկրաինացի։

10:57

Ռամզան Կադիրովը պատմել է Ուկրաինայում կռվող չեչենների շրջանում կորուստների մասին։

«Չեչենական Հանրապետությունից արդեն, ցավոք, կան զոհեր։ Երկուսը զոհվել են, ևս վեցը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- հայտարարել է Չեչնիայի առաջնորդը։

10:39

TikTok-ը Եվրամիության տարածքում արգելափակել է RT-ի և Sputnik-ի էջերը։

10:28

Խերսոնը շրջափակված է ռուսական զորքերով։ «Քաղաքը փաստացի շրջափակված է, բոլոր կողմերում կան մեծ թվով ռուսական զինծառայողներ, ռազմական տեխնիկա, մուտքերի մոտ նրանք տեղակայում են անցակետեր»,- պնդում է լրագրող Ալյոնա Պանինան։ Նրա խոսքով՝ քաղաքում կա լույս, ջուր և ջեռուցում, սակայն խանութներին դժվար է մթերք հասցնել, որովհետև պահեստները գտնվում են քաղաքից դուրս։

10:14

Վաղ առավոտյան Կիևում, Վինիցայում և Չերկասիում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

09:49

Ուկրաինական հրամանատարություն. ԵՄ երկրները Կիևին կտրամադրեն 70 ինքնաթիռ

Ինչպես հայտնում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան 56 МиГ-29 ինքնաթիռ կհատկացնեն Ուկրաինային։ Բուլղարիան նաև կփոխանցի 14 միավոր Су-25։

Ուկրաինայի ռազմածովային ուժերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում այդ ինքնաթիռները կտեղակայվեն լեհական օդակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները կկարողանան իրականացնել մարտական թռիչքներ։

09:39

Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր էջում ռազմատեխնիկայի շարասյան տեսանյութ է հրապարակել։ Կադրից դուրս լսվում է չեչեներեն խոսակցություն։ 

Որտեղ և երբ է արվել տեսանյութը, անհայտ է։

09:21

Կիևի մարզում գնդակահարել են իսրայելցու, որը փորձում էր լքել այդ երկիրը։

Պատահարը տեղի է ունեցել Բելայա Ցերկով քաղաքի մոտ։ 42-ամյա Ռոման Բրոդսկին իր մեքենայով շարժվում էր դեպի Մոլդովայի սահման, որտեղից պլանավորում մեկնել Իսրայել։

Ինչպես հայտնել է Բրոդսկու հայրը, ուկրաինական ստուգման կետերից մեկում նրան շփոթմամբ ընդունել են չեչենի տեղ և գնդակահարել։

Իսրայելի ԱԳՆ-ն հաստատել է իր քաղաքացու մահվան փաստը և խոստացել օգնություն տրամադրել զոհվածի կնոջն ու երեխաներին, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայում։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկիրը լքել է Իսրայելի մոտ երկու հազար քաղաքացի։

09:09

Գիշերը Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր ուղերձով։ Հիմնական մտքերը.

  • Բանակցությունների ընթացքում ստացել ենք մի քանի ազդակներ։ Շուտով պատվիրակությունը կվերադառնա Կիև և մենք կհասկանանք, թե ինչպես մոտենալ երկրորդ փուլին։
  • Բանակցություններն ուղեկցվել են կրակոցներով։ Ռուսաստանը փորձում է ճնշել, բայց մենք այդպիսի մարտավարություն չենք ընդունում։ Իրական բանակցությունները կարող են միայն այն դեպքում, երբ դրանց անցկացման ժամանակ կողմերից մեկը մյուսին հրթիռներով չի հարվածում։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինային հասցվել է 56 հրթիռային հարված, արձակվել 113 թևավոր հրթիռ։
  • Խարկովի գնդակոծությունները պատերազմական հանցագործություն են, այնտեղ չկա որևէ ռազմական օբյեկտ։ Ռուսները գիտեին, թե ուր են կրակում։
  • Ռուսաստանի համար պետք է փակել աշխարհի բոլոր նավահանգիստներ և օդանավակայաններ մուտքը, հրաժարվել ռուսական ապրանքներից։ 

09:00

Ինչ է կատարվել մարտի 1-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մշտական հաղորդակցության մեջ է նախագահ Զելենսկու հետ եւ նրա խնդրանքով ու հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին։ Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնը կրկնել է միջազգային հանրության պահանջը՝ դադարեցնել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ և պնդել է հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը։ «Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև քննարկումների արդյունքում ես նրան խնդրեցի դադարեցնել բոլոր հարվածներն ու հարձակումները խաղաղ բնակչության և բնակելի տարածքների վրա, պահպանել բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքները և հիմնական ճանապարհները»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
    Ըստ Մակրոնի՝ Պուտինը հաստատել է իր պատրաստակամությունը՝ հավատարիմ մնալու այս կետերին: Ֆրանսիայի նախագահը պահանջել է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել խաղաղ բնակչությանը, ինչպես օրինակ՝ օգնության տրամադրումը: 
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս հնարավոր չի եղել հասնել արդյունքի, որը կարող է գոհացնել Ուկրաինային։ Նա նա նշել է, որ քանի դեռ ընթանում էին բանակցությունները, Ուկրաինայի տարածքը շարունակվում էր գնդակոծվել։
  • Միջազգային քրեական դատարանի գլխավոր Քարիմ Հանը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների փաստով հետաքննության մեկնարկի պատրաստակամության մաիսն։
  • Ուկրաինայի հատուկ կապի նախարարությունը հայտարարել է Խերսոնի գրոհի մասին։ Վերջինիս տվյալներով՝ ռուսական զորքերը հարձակվում են օդանավակայանի հատվածից։
  • Ամերիկյան Mastercard վճարային համակարգը հայտարարել է Ռուսաստանի «ֆինանսական բազմաթիվ կազմակերպությունների» անջատման մասին:
  • Walt Disney Company-ն դադարեցնում է իր ֆիլմերի մատակարարումը ռուսական դիստրիբյուտորներ։ Այն կազդի նաև Հայաստանի կինոթատրոններում այդ ֆիլմերի ցուցադրության վրա։

Թեմայի այլ նորություններ