ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան։
Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը։