Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    57%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    40%
    6 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    54%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    64%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23675
  • Դոլար = 390.03

Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա տղամարդուն առևանգած անձանց ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ Ոստիկանությունից հաղորդում են, որ մանրամասներին հանգամանալից կանդրադառնան առաջիկայում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի´ քաղաքացիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին՝ իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար»:

«Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»,- հրապարակման վերջում ավելացրել է Քոքոբելյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:

Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:

2022թ. օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ