Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության առանցքային հարցերը, միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները, ինչպես նաև հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցառումները։
Նիստից հետո կկայանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խորհրդարանների խոսնակներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՌԴ Պետդումայի կայքը:
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «ՀԱՊԿ-ն իր արդյունավետությունն ապացուցել է որպես տարածաշրջանային կայունության, անդամ պետությունների անկախության և ինքնիշխանության պաշտպանության երաշխավոր։ Կազմակերպությունը այսօր հանդես է գալիս որպես միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության մարտահրավերների ու սպառնալիքների հուսալի արգելք։ ՀԱՊԿ-ն ծանրակշիռ ներդրում ունի թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում»:
Վոլոդինն ընդգծել է, որ ամրապնդվում է հավաքական ռազմական ներուժը, «իրադրության կայունացման գործում Ղազախստանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների բարձր օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության հաստատումը:
Ներկա պայմաններում մեծանում է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որը կոչված է նպաստելու ՀԱՊԿ շրջանակներում ստեղծված Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման համար ընդհանուր որոշումների մշակմանը, այդ թվում ՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ճանապարհով»,- նշել է Պետական դումայի նախագահը: