Ախթալայի եկեղեցուն են վերադարձվել 200 տարեկան պատկերակալները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    40%
    17 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    40%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    40%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    59%
    17 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ախթալայի եկեղեցուն են վերադարձվել 200 տարեկան պատկերակալները

Ախթալայի եկեղեցուն են վերադարձվել 200 տարեկան պատկերակալները

Ախթալայի եկեղեցու գավթում ցուցադրության դրված գեղազարդ պատկերակալներն այստեղ են բերվել մեկ տարի առաջ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցից։ Վանքապատկան արժեքավոր գույքի՝ սրբապատկերների, ձեռագրերի, գրքերի, սպասքի եւ զանգերի հետ դրանք դեռեւս 1930-ականներին բռնագրավվել են պետության կողմից եւ տասնամյակներ շարունակ համարվել անհետացած։ Պատկերակալները վանք են բերվել առանց նկարների։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Հեթում քահանա Թարվերդյանը պատկերակալներին նոր կյանք հաղորդելու նպատակ ունի։ Նա արխիվներում փնտրել ու գտել է լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչ դիրքով է պատկերակալներից մեկը դրված եղել խորանում։ Հիմա էլ նախկինի պես այն իր տեղը կգտնի՝վերականգնելուց հետո։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իկոնոստասների (պատկերակալ) վրա ավետարանական տեսարաններ ու սրբապատկերներ են եղել։ Մենք, իհարկե, ճշգրտությամբ չենք կարող իմանալ, թե որ սուրբը կամ ինչ տեսարան է եղել պատկերված։ Կարեւորը դրանք վերականգնելն է, որպեսզի այս պատմական արժեքը չկորչի։ Մենք կնախաձեռնենք վանքի որմնանկարներին համահունչ նոր սրբապատկերների տեղադրումը պատկերակալների վրա՝ մասնագետների, վերականգնողների կարծիքներն ու խորհուրդները լսելուց հետո։ Ցավոք, արքայական դռների սրբապատկերները նույնպես բացակայում են, միայն փայտե մասը՝ շրջանակներն են պահպանվել»,- ափսոսանքն է հայտնում եկեղեցու վանահայրը։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Կովկասում ռուսական գահին հավատարիմ կողմնակիցներ ունենալու նպատակով Ալեքսանդր 1-ին կայսեր անունից  հայ, վրացի եւ թաթար ազնվականներին, նաեւ զինվորականներին ու հոգեւորականներին փող, արծաթե սրեր, ատրճանակներ, հրացաններ, մետաքսե կտորներ են նվիրաբերվել։ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն որպես նվեր իկոնոստասն է հանձնվել։  

Եվ չնայած տարբեր հիշատակումներին, թե իկոնոստաս-նկարակալները հատուկ են ուղղափառ եկեղեցիներին, Հեթում քահանան նշում է առաքելական բազում եկեղեցիներ, որտեղ նկարակալներ կան նաեւ հիմա, ընդ որում՝ նաեւ քարից։ Դրանց շարքում Էջմիածնի Սուրբ Մարիամ աստվածածին եւ Գյումրու Յոթ Վերք եկեղեցիներն են, Սեւանի եւ Առաքելոց վանքերը։ 

Եկեղեցու պատկերակալներըԵկեղեցու պատկերակալները

Լուսանկարը` Մեդիամաքս

200 տարվա պատմություն ունեցող պատկերակալներից բացի, Երեւանից Ախթալա են բերվել նաեւ տարբեր ժամանակներում նկարված սրբապատկերներ։ Իսկ վանքի ամենամեծ հարստությունը որմնանկարներն են, որոնք թեպետ վնասվել ու չեն վերականգնվել, բայց գրավչությունը չեն կորցրել, ասում է եկեղեցու վանահայրը։ 

«Վանքի 800 տարվա որմնանկարները, որոնք ընդգրկում են 960 քառակուսի մետր տարածք, երբեւէ չեն վերանորոգվել։ Ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ Լիդիա Դուռնովոն, խորհրդային տարիներին, երբ այցելել է Ախթալայի վանք, տեսել է վանքի որմնանկարները, որոնք այն ժամանակ ավելի լավ էին պահպանված։ Նա ցանկացել է սկսել ռեստավրացիայի աշխատանքներ, բայց նախատեսված գումարը չի հերիքել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանից հետո Դուռնովոն իր աշխատանքային խմբով սկսել է որմնանկարների կրկնօրինակման գործը (1932թ․)։ Այն, ինչ եղել է պատերին, նույնը հանձնվել է կտավին։ Մտավախություն է եղել, որ կոմունիստների օրոք ֆրեսկաները կարող էին ոչնչացվել, իսկ սերունդները պարզապես չէին իմանա, թե մշակութային ինչ արժեք է այստեղ եղել։ Որմնանկարները կտավին փոխանցելով՝ Դուռնովոն պարզապես փրկել է այդ ֆոնդը՝ ոչնչացման դեպքում այն կրկին վերականգնելու նպատակով»,- պատմում է Հեթում քահանան: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցու որմնանկարները ոչ միայն անձրեւաջրերից են վնասվել, այլեւ մարդկանց միջամտության։ Բոլշեւիկների օրոք նկարները քերվել են պատերի վրայից։ Եվ հատկապես հյուսիսային պատի ձախակողմյան կամարի հետնամասում  պատն ամբողջությամբ մաքրված է։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ախթալայի վանական համալիրում են նկարահանվել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»  ֆիլմի որոշ տեսարաններ։ Ախթալայի հոգեւոր առաջնորդն ասում է, որ նաեւ թյուր կարծիք կա, թե եկեղեցում գտնվող կտավները ֆիլմի համար Փարաջանովն է ստեղծել, մինչդեռ դրանք ավելի հին են եւ դրանց ստեղծման վրա երկար տարիներ են ծախսվել։ 

Եկեղեցու պահպանությամբ մտահոգ անձինք միայն Երեւանից չեն Ախթալա վերադարձրել վանքապատկան արժեքներ։ Եկեղեցու բակում կանգնեցված, վանքի անձնագիրը համարվող բազալտե խաչքարը 1950-ականներին Ախթալայի դպրոցի պահակն է գտել եւ կանգնեցրել դպրոցի բակում։ Տեր Հեթում քահանայի խոսքով՝ վանքի կառուցման մասին արձանագրությունը ստանում ենք այս խաչքարից։ 

Եկեղեցու «անձնագիրը» համարվող խաչքարըԵկեղեցու «անձնագիրը» համարվող խաչքարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Խաչքարը հայերեն արձանագրությամբ միակ վկայությունն է, որ վանքը կառուցել են հայերը։ Արձանագրությունից երեւում է, որ պղնձահանքում Կյուրիկե թագավորի դուստրը՝ Մարիամ իշխանուհին, կանգնեցրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ ասել, որ երբ երկրպագության կանգնեք եւ աղոթեք, ապա ձեր աղոթքներում հիշեք նաեւ մեզ՝ կառուցողներիս»,- պատմում է Հեթում քահանան։

2017 թվականինի մարտին խաչքարը դպրոցի բակից տեղափոխվել է եկեղեցի։ Հետո դրա կողքին կանգնեցվել է տուֆե խաչքար, որը հին Ջուղայի 16-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է (հեղինակը Արտակ Համբարձումյանն է)։ Եկեղեցու բակում գտնվող երրորդ խաչքարը թեպետ շատ հին, բայց պատմական որեւէ տեղեկություն չի պարունակում։ Վերջին՝ թեւավոր խաչքարը, որ կենաց ծառի է նմանեցվել, 2017 թվականի մայիսին է տեղադրվել՝ նշանավորելով վանքի վերազարթոնքը։ 

Տաթևիկ Ճուղուրյանը զրուցում է Հեթում քահանա Թարվերդյանի հետՏաթևիկ Ճուղուրյանը զրուցում է Հեթում քահանա Թարվերդյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ դար առաջ պատմական ու հոգեւոր նշանակությունը կորցրած վանքի վերածնունդը 2008 թվականն է համարվում, երբ վանքը իրավաբանորեն հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Իսկ որպես պաշտոնական տարեթիվ նշվում է 2010 թվականը. այդ թվականին է առաջին հոգեւոր հովիվը նշանակվել այստեղ։

«Խորհրդային տարիներին վանքին ուշադրություն է դարձվել 1970-ականներից սկսած։ Նորոգվել է տանիքը, ամրոցը, ապա Բարսեղ Կեսարացի եկեղեցին։ 1980-ականների վերջին նախատեսված է եղել գմբեթի շինարարությունը սկսել, բայց փլուզվել է Խորհրդային Միությունը։ 

Եկեղեցու գմբեթի բեկորներըԵկեղեցու գմբեթի բեկորները

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատանքները դադարել են, մարդիկ լքել են Ախթալան»,- եկեղեցու անցյալից դրվագներ է ներկայացնում քահանան: Նա կարեւորում է այն հանգամանքը, որ վանքը երբեք պահեստի կամ գոմի չի վերածվել՝ նաեւ Ախթալայում ապրող ազգային փոքրամասնությունների՝ հույների, ռուսների, վրացիների, ասորիների շնորհիվ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին տոմարով Աստվածամոր ծննդյան օրը սեպտեմբերի 21-ին է նշվել, եւ մեծ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Ախթալա, որի մասնակիցների մեջ հարյուրավոր հույներ ու վրացիներ են եղել։ Մինչեւ այսօր էլ նրանք այստեղ ուխտի են գալիս։ Իսկ վանքի ուխտի օրը որոշվել է  Աստվածածնի վերափոխման տոնին է, որը շարժական է եւ այս տարի նշվելու է օգոստոսի 16-ին։ 

Սեպտեմբերին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացման  10-ամյակն է նշվելու։ Եթե համավարակը չխանգարի, այստեղ կարեւոր իրադարձություններ են լինելու՝ խաչքարի տեղադրում, պատարագ, ցուցահանդես։ Հիմա տպագրության են  պատրաստվում եկեղեցուն նվիրված գիրքն ու ալբոմը։ 

Վանականների խցերըՎանականների խցերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն այցելության ժամանակ այստեղ նոր բան կարելի է տեսնել։ Եկեղեցու՝ բացօթյա թանգարան դարձած բակում՝ անմիջապես մուտքի մոտ, պատմական պղնձահանքի ձուլարաններն են, որոնք 18-19-րդ դարերում վանականների համար որպես խուց են ծառայել։ Տարիների ընթացքում հողով եւ աղբով լցված խորշերը մաքրվել ու բարեկարգվել են, որպեսզի այցելուները  կարողանան ներս մտնել։ 

Տաթեւիկ Ճուղուրյան

Լուսանկարները՝ Վահե Աղամյանի (Մեդիամաքսի համար)

Թեմայի այլ նորություններ