Հայկական Սյունիքն ու Արցախը, որոնք վերջին պատերազմից հետո բավական բարդ վիճակում են հայտնվել ռազմաքաղաքական առումով, Հայոց պատմության ողջ ընթացքում Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է, բայց հայ ժողովրդի ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել: Դրա ամենավառ վկայությունն այն փաստն է, որ միջնադարյան ժամանակաշրջանում՝ հայկական թագավորությունների անկումից հետո, Սյունիքն ու Արցախը ինքնավար կարգավիճակ պահպանած հայկական քիչ երկրամասերից են: Հենց նրանք ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ., բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հանդիսավոր բացումը:
«Դեռ անցած տարվանից Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել է ամենամյա գիտաժողովների անցկացման մի այսպիսի նոր մոտեցում, ըստ որի՝ ամեն տարի թանգարանն անդրադառնալու է մեր երկրի, ժողովրդի և պատմության համար կարևոր մի իրադարձության արժևորմանը: Նախորդ տարվա հանրապետական գիտաժողովը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին: Այս տարի մենք որոշեցինք անդրադառնալ ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ Սյունիք-Արցախյան ազատագրական պայքարի 300-ամյակին, որի հաշվարկը սկսում է Դավիթ Բեկի ապստամբությունից», - բացման խոսքում հայտնեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ Սյունիքի և Արցախի մասին հատկապես վերջին տարիներին են շատ խոսում, բայց հայկական այս երկրամասերը, որոնք միասին կարելի է նաև կոչել Լեռնահայաստան, միշտ են արդիական ու կարևոր եղել: Ըստ գիտնականի՝ Հայաստանի երկարատև պատմության ամբողջ ընթացքում Լեռնահայաստանը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է եղել, և անընդհատ փորձ է արվել այդ ողնաշարը կոտրելու: Երբեմն եղել է այնպես, որ այն մասամբ կոտրվել է, բայց մեր ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել:
«Մենք այսօր էլ այդպիսի վիճակում ենք գտնվում՝ թեթևակիորեն մեր ողնաշարը կոտրված է, բայց մեր ուղեղը, մեր արյան շրջանառությունը շատ լավ աշխատում է, և մենք շեշտը պիտի դնենք այդ ուղեղի և գիտակցության վրա, որպեսզի կարողանանք այսօրվա իրավիճակից դուրս գալ: Մեր մասնագիտության մեջ մենք, որպես կանոն, կարևորություն ենք տալիս պատմական փոփոխությանը՝ տրանսֆորմացիային, բայց մեր բնագավառը հետազոտում է ոչ միայն այդ տրանսֆորմացիան, այլև՝ անփոփոխը որևիցե մշակույթում, որևիցե իրականության մեջ: Եվ երբ մենք հասկանում ենք այդ անփոփոխը՝ կարողանում ենք ըստ էության այն փոփոխել: Եվ այսօր՝ մեր պետականության այս փուլում, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք մեր պատմության այդ անփոփոխ տարրը և հնարավորինս միասնական լինելով՝ փորձենք ինչ-որ բան փոխել առնվազն մեր բնագավառում», - շեշտեց Բոբոխյանը:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում պատմության, հնագիտության, ազգագրության և մշակութաբանության մասնագետներն իրենց զեկույցներով կպատմեն 1722 թվականին Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ բարձրացված ապստամբության, զուգահեռաբար՝ Արցախի մելիքությունների ազատագրական ձգտումների, տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական ակտիվ փոփոխությունների, արտատարածաշրջանային դերակատարների մրցակցության և նրանց ուժերի փոխդասավորության, ազատագրական շարժման առաջնորդների արտաքին կողմնորոշումների, շարժման վերջնական անհաջողության պատճառների, նաև՝ Սյունիքի ու Արցախի մշակութային ժառանգության, հնագիտական ուսումնասիրությունների մասին և կբացատրեն այդ ամենի արդիականությունը ներկա տարածաշրջանային իրավիճակի համապատկերում:
1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատագրության և անկախության դրոշ բարձրացրեցին:
Սաստկացող կամայականություններից և բռնություններից ազատվելու ելքը շահական Պարսկաստանի հպատակ ժողովուրդները տեսնում էին զինված պայքարի մեջ: Անմասն չմնացին նաև հայերը, որոնք, օգտվելով Իրանում ստեղծված բարդ իրավիճակից և հուսադրվելով Ռուսաստանի զինված օգնության հեռանկարով, քայլեր ձեռնարկեցին օտար լուծը թոթափելու նպատակով: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր, որի կենսագործման համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքի արդյունքում զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար ընթացքում կառուցվեցին կամ վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:
Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի մասին իր չափազանց հետաքրքիր և հարուստ զեկույցում մասրամասն պատմեց պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նշված ժամանակաշրջանը կարիք ունի պատմագիտական վերանայման, քանի որ այդ ժամանակաշրջանի մասին հետազոտությունների մեծ մասն արվել է խորհրդային ժամանակաշրջանում և օբյեկտիվ վերլուծության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մաղալյանը պատմեց Արցախի մելիքությունների և Ղարաբաղի խանության ծագման մասին՝ ընդհուպ մինչև 19-րդ դարի սկզբներին տարածաշրջանում ռուսական տիրապետության հաստատումը:
«Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակը Հայոց պատմության կարևորագույն տարեդարձերից մեկն է, և այդ առումով հիշելը և արժևորելը, ինչպես նաև գիտաժողովի նյութերի հրապարակումը, չափազանց կարևոր նշանակություն ունեն», - ընդգծեց պատմաբանը:
Մաղալյանի խոսքով՝ միջնադարյան այս ժամանակաշրջանում՝ Բագրատունիների թագավորության և Կիլիկյան Հայաստանի անկումից հետո, Արևելյան Հայաստանի կիսաանկախ իշխանություններից առավել հզորը հենց Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները՝ մելիքները, մի քանի դար շարունակ հանդիսացել են հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրները:
«Ողջ միջնադարի ընթացքում, իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Արցախը կարողացել է դիմակայել օտար ներխուժողների ավերածություններին և հիմնականում պահպանել է ոչ միայն իր քաղաքական ինքնուրույնությունը, այլև հայ ավատատիրական հասարակությանը բնորոշ սոցիալ-տնտեսական կառուցվածքը», - հավելեց զեկուցողը:
Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը տեղի կունենա հունիսի 23-25-ը: Հունիսի 23-ին պանելային քննարկումներ կլինեն նաև Սյունիքում և Արցախում մշակութային ժառանգության պահպանության թեմայով: Հունիսի 24-ին կներկայացվեն հնագիտությանն ու ազգագրությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ «Սյունիքի և Արցախի լեռների ժայռապատկերները», «Հայկական բանակի զինվորական հանդերձանքը (1918-1920 թթ.)», «Սյունիք-Արցախի կանանց ավանդական տարազի ակունքները նախաքրիստոնեական ժամանակաշրջանում» և այլն: Եռօրյա գիտաժողովի վերջին օրը կլինեն զեկույցներ 20-րդ դարի պատմական իրադարձություններին վերաբերող, այնուհետև տեղի կունենա գիտաժողովի փակման արարողությունը: Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 10-րդ համարում: