Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Արցախի նախագահ

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Արցախի նախագահ

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։

Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան շենք: Շենքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ: Ներսում նույնպես իրավիճակը լարված էր, ուզում էին բարձրանալ վերև՝ Սամվել Շահրամանյանի մոտ։ Քիչ անց իրավիճակը մի փոքր հանդարտվեց եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս եկավ՝ շենքի բակում հանդիպելու հավաքվածներին:

«Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, բայց ես շատ բան չեմ կարող ասել։ Ինչը ես պետք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում և Հայաստանի, և Արցախի հետագա ճակատագրի համար։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով՝ Հ1-ի տաղավարում։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ։ Դրա նախապատրաստամն մասով ես արդեն իմ ցուցումը տվել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եվ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմնայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Մեկ ժամ հետո կմտնեին քաղաք, կնին ու երեխա կփրթեին»,- հայտարարեց Շահրամանյանը:

«Մենք բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, եւ այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրցնում մեր վիճակը: Ես այստեղ թշնամիներ չունեմ, մեր թշնամին մեկն է եւ բոլորս դա գիտենք: Ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորիդ եւ բոլորիդ ընտանիքների առաջ: Այստեղ տարբեր ռեպլիկներ են հնչում: Բենզինի մասին էլ եմ պատրաստ խոսելու: Մենք ունենք եւս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել եւ քննարկել այն, ինչում ինձ մեղադրում եք, կամ ինչ հարցեր դուք ուզում եք քննարկել»,-ասաց Արցախի նախագահը:

Նա առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։  «Ամեն ինչը պատասխան ունի»,- ասաց Շահրամանյանը։

Ներկաներից մեկն ասաց. «Դուրս չեկաք ու հեռուստացույցով չասացիք՝ բենզինի պահեստի պայթյունից այսքան մարդ է մահացել, ցավակցում եմ, այսքան զոհ ենք տվել, ցավակցում եմ»։

«Խնդրում եմ ընտրեք ձեր միջից 20-30 հոգի մարդ, դահլիճում հանգիստ զրույց ունենաք»,- որպես տարբերակ առաջարկեց Արցախի նախագահը։

Երկրորդ տարբերակը հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպելն է։ Սակայն իրավիճակը չի հանդարտվում, հավաքվածները թույլ չտվեցին Արցախի նախագահին ավարտել խոսքը, նրանք բորբոքված տարբեր հարցադրումներ են անում:

Դուք պատերազմի սպառնալիքի տակ Դուք ստորագրել եք Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը, ի՞նչ է խնդիրը, որ Արցախի Ազգային ժողովի նիստ չի հրավիրվում այդ հրմանագրի չեղարկման հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մարդիկ 30 տարի պայքարել են, հանրապետություն են ստեղծել, մեկ րոպեում լուծարվել է: Սա ժողովրդին հուզող առաջին հարցն է»,-ասաց նա:

Արցախցիները Շահրամանյանին տեղից ընդհատեցին. «Բա ի՞նչ էիք անում 30 տարի», «Նույն բանը Նիկոլ Փաշինյանն էր ասում 44-օրյա պատերազմի ժամանակ»: Ներկաները սկսեցին աղմկել: Շահրամանյանն ասաց, որ այս միջավայրում քննարկում ծավալել հնարավոր չէ, եւ առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել: Դրանից հետո Արցախի նախագահը մտավ շենք: Դրսում բողոքի ակցիան շարունակվեց և արցախցիները չհեռացան շենքից, ժամանած կարմիրբերետավորները թույլ չտվեցին քաղաքացիներին շենք մտնել:

Ժամանել են մեծ թվով կարմիրբերետավորներ, նրանց մի մասը շենքի ներսում է, մի մասը՝ դրսում: Այդուհանդերձ, մի խումբ արցախցիների հաջողվեց հրմշտելով շենք մտնել եւ ներսում Սամվել Շահրամանյանը պատասխանեց նրանց հարցերին: Ոստիկաններին հաջողվեց կասեցնել մյուսների մուտքը, բողոքի ակցիան դրսում շարունակվեց:

Ես ոչ տուն եմ ուզում, ոչ տան վարձ եմ ուզում, ես իմ Արցախն եմ ուզում՝ առանց թուրքի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի մի կին, որի 24 հոգանոց ընտանիքն այսօր առանց տուն է մնացել:

«Առաջնահերթը հայրենիքս է, որ ես պետք է իմ Արցախում ապրեմ: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, իմ հողը լիքն է Հայաստանից զոհված տղաներով, իրենց արյան գնով 1990-ականներին մենք մեր տարածքները հետ ենք բերել: Իսկ այսօր ոչ տղաները կան, ոչ տարածքները, ոչ էլ տուն ունենք: Հիմա մեր ընտանիքը ցրված է, իրար չենք կարողանում հանդիպել, տարբեր տեղեր վարձով ենք մնում: Վարձերը թանկացրել են, 250 հզար դրամ ես չեմ կարողանում տալ: Ես աշխատանք չունեմ, 250 հազար որտեղի՞ց տամ:

Իմ առաջնահերթ պահանջն է Արցախս հետ տան, առանց թուրքի: Ես էդ եմ ուզում: Իմ Արցախը թե վաճառել են, թե նվիրել են, թե ծախել են, թող հետ տան: Ես պահանջում եմ թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարությունից, խտրականություն չեմ դնում: Ինչ արել են, երկուսով են արել: Արցախը հայաթափած ղեկավարությանը ես համարում եմ դավաճան, թե Հայաստանի, թե Արցախի ղեկավարները: Սա դավաճանության արդյունք է, բա եթե դավաճանություն չէ, ինչո՞ւ ենք մենք մնացել առանց հայրենիք: Ինձ թող Արցախը տան, ոչ վարձ տան, ոչ էլ տուն տան: Իսկ եթե չեն կարողանում, թող ինձ տնով բավարարեն»,-ասաց նա:

Ես չպիտի գամ ստեղ բողոքի ցույց անեմ, իրենք պիտի գան ինձ ման գան, դուրս ենք մնացել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից տեղահանված մի տղամարդ:

«Մեր իշխանությունը երբեք էլ մեզ համար ոչինչ չի արել, իրենք իրենց համար են արել։ Ու հիմիկվա մասին չէ խոսքը, 88 թվից նույնն է։ Ես Հայաստանի ժողովրդից շատ գոհ եմ, բայց իշխանությունից բացարձակ գոհ չեմ, զրո։ Գումար ստանալը հարցի լուծում չի: Գումարը ե՞րբ եմ ստացել։ Գումարը 20 օր հետո եմ ստացել, բայց մինչև էդ 20 օրը ես ու թոռներս օրը 3 անգամ ուտում ենք, չէ՞։ Ես դրսում եմ ապրում, մեքենայի մեջ եմ ապրում։ Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում ենք, շատ լավ։ Թե գիտեք Ղարաբաղից ենք եկել, ոչ մի բան չենք հասկանում, լավ էլ հասկանում ենք»,- ասաց նա։

Հարցին, թե չի՞ պատրաստվում բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ, նա արձագանքեց. «Ես դեռ ԼՂՀ քաղաքացի եմ, դրա համար եկել եմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում: Բոլորն էստեղ տուն ունեն, թող վերցնեն զոհվածների ընտանիքներին տան: Ես չեմ ուզում, ես իմ 5 երեխաների հետ չեմ ուզում: Թող Արցախի ներկայացուցչության շենքն էլ տան էդ մարդկանց»:

Վիրավորներ կան, զոհվածների ընտանիքներ կան, որ մինչեւ հիմա դրսում են, մարդիկ կան, որ դպրոցներում ու մանկապարտեզներում են քնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից տեղահանված մի տղամարդ:

«Մեր պահանջն այն է, որ օգնեն, այդ ժողովրդին տեղավորեն: մենք ուրիշ խնդիր չունենք: Որ իրենց հյուրանոցներն են, ամեն մարդ 5 հատ տուն ունի, բայց մարդիկ էլ դրսում են քնում: Մեր խնդիրն այն է, որ էդ տղաներին տեղավորեն: Սահման պահող տղերք են, վիրավորներ, զոհվածներ: Անձամբ ես տուն ունեմ, տեղավորված եմ: Իսկ մեզ ասում են՝ պետք է օրենքով դատարն տաք, էս անեք, էն անեք: Դա ինձ համար բավարար չի»,-ասաց նա:

Արցախցու խոսքով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանանի հետ ունեցած հանդիպմանը իրենց որեւէ հստակ պատասխան չի տրվել։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին հրամագաիր էր ստորագրել հոկտեմբերի 1-ից պետական աշխատողներին զբաղեցրած պաշտոններից ազատված համարելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ