Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անելու, ունենք կարմիր գծեր, որոնք չենք խախտելու. Արայիկ Հարությունյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    53%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    12%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    43%
    15 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    34%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    25%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անելու, ունենք կարմիր գծեր, որոնք չենք խախտելու. Արայիկ Հարությունյան

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անելու, ունենք կարմիր գծեր, որոնք չենք խախտելու. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:
 
Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։
 
Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով որպես պետականորեն հստակ պլանավորած միջոցառում :
 
ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը:
 
Խոսելով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:
 
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:
 
Պատգամավորների ելույթներում շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:
Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:
 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը՝ ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը:

Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության՝ որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»:

Նախագահ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ հանրապետության իշխանությունները, Ադրբեջանի հետ երկխոսությանը պատրաստ լինելով հանդերձ, ունեն կարմիր գծեր, որոնք չեն խախտելու:

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: Նա հավելել է, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու Ֆրանսիա իր այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել: «Նրանց մոտ ձևավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով և հրաժարվելու ենք մեր ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա Ադրբեջանի համար եղել են շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ և այլն»,- ասել է նա:

Ըստ Հարությունյանի՝ սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անելու. «Այսպես կոչված՝ բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան՝ Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել: Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիթորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»:

Արցախի նախագահը Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին կոչ է արել խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այնտեղ հումանիտար աղետ է:

«Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչև այսօր մենք երբևէ որևէ զիջում չենք արել, երբևէ միակողմանի կամ պարտադրանքով որևէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ