Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    11%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    52%
    41 կմ/ժ
  • Լոռի 13°C
    89%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 26°C
    24%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    11%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    12%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    52%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպանական» պատճառաբանություններով։

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները» վրաններ տեղադրում Լաչինի միջանցքում։

Հիշեցնենք՝ այս երթուղին միակն է, որը կապում է Արցախն արտաքին աշխարհի հետ։

Այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը փաստացի շարունակում է մնալ դեռ շրջափակման մեջ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատվածում է, տեղում դիտարկում է իրականացնում և փաստերն է հավաքագրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին։

 

«Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- նշեց Ստեփանյանը։

 

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ շատ հստակ երևում է, որ այս ամենը կեղծ է, ու բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց:

 

Ստեփանյանը ֆորումի մասնակիցներին և առհասարակ միջազգային հանրությանը կոչ արեց ոչ միայն խոսել, այլև գործել, քանի որ Արցախում ապրող 120 հազար մարդ գտնվում է ցեղասպանության և էթնիկ զտման ուղիղ վտանգի ու սպառնալիքի ներքո։

Նա շեշտեց, որ միջազգային հանրությունից գրեթե ոչ մեկ Արցախ չի այցելել և խնդրեց վերջիններիս գործադրել մեխանիզմներ՝ կանխելու ցեղասպանության վտանգը։

«Ներկա պահին Լաչինի միջանցքի հատվածում հավաքված ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները 2-3 վրան են տեղադրել և նրանց թիվը հասնում է 30-ի։ Նրանց ձեռքերում նաև պաստառներ կան։ Հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողություններն ուղղված են ռուսական զորակազմի դեմ, սա փաստում են նաև օրերս ադրբեջանցի լրագրողների սադրանքները։ Խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025 թվականից հետո չերկարացվի ռուս խաղաղապահների ժամկետը (ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության,- խմբ․)»,- ասաց Ստեփանյանը։

Նա վստահեցրեց, որ խնդրի կարգավորմամբ այս պահին զբաղվում է ռուս խաղաղապահների զորակազմը, քանի որ այդ ճանապարհի և Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուն նրանք են։

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
 
«Նախ՝ մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:
 
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:
 
Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը՝ որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
 
Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:
 
Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- գրել է Հարությունյանը:
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերին:

Պուտինը և Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները:

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հերթական սադրիչ քայլին: Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Սա պարզ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Հուսով եմ, որ սա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի, ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ 

Թեմայի այլ նորություններ