Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    55%
    41 կմ/ժ
  • Լոռի 13°C
    89%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 22°C
    24%
    14 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    16 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը: 

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
 
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
 
Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:
 
Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:
 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը:

Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»:

 

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը՝ այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում․ այս մասին հայտարարել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

1 Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ աստմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Շեյկյան Անդրանիկը Արցախյան երկու պատերազմների մասնակից է:

2 Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:

3 Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկտատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:

4 Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար:

5 Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում:

Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են, Թվիթերի էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, որը հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»,-գրել է Մարուքյանը։

Թեմայի այլ նորություններ