Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. լրացավ Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու մասին․ ՀՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    93%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    60%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. լրացավ Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու մասին․ ՀՀ նախագահ

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. լրացավ Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու մասին․ ՀՀ նախագահ

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։

Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։

Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ նախագահն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար քառակուսի կմ։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառակուսի կմ տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից՝ սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը.

ՀԱՐՑ- Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից Անտանտի հաղթող 13 երկրի, մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:

Սևրի պայմանագրին նախորդել էր 1920թ. փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք ստեղծել մեկ, միասնական հայկական պետություն: Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որին պիտի միացվեին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ:

Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

ՀԱՐՑ- Սակայն Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա...

ՊԱՏԱՍԽԱՆ- Ավելի շուտ, Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել:

Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի:

Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։

Այն կարող էր մասամբ դարմանել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման:

Սակայն 1920թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ:

Բայց Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը և տերը իր հազարամյակների պատմության և քաղաքակրթության: Ինչ էլ արել են և անեն, ինչքան էլ ժխտեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն և ջնջեն հայոց պատմության և քաղաքակրթության նյութական հուշարձանները և հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի հիշողությունը:

Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

ՀԱՐՑ- Կա տարածված տեսակետ, թե իբր 1923թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Բնավ այդպես չէ և չէր կարող այդպես լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը: Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են:

ՀԱՐՑ- Վերադառնանք մեր օրերին: Մերձավոր Արևելքը, որի անմիջական հարևանությամբ գտնվում են Հարավային Կովկասի երկրները, կրկին եռում է. զինված ընդհարումներ, քաղաքացիական պատերազմներ, ահաբեկչության դեմ պայքար, տարածքային վեճեր: Հուլիսի կեսերին սահմանային ընդհարումներ գրանցվեցին հայ-ադրբեջանական շփման գոտում, որը խլեց մարդկային կյանքեր և ծայրահեղ լարվածություն առաջացրեց Երևանի և Բաքվի միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարավորության պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լավ է, որ հայկական զինված ուժերը դրսևորեցին մարտական բարձր պատրաստականություն և բառացիորեն երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից:

ՀԱՐՑ- Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումների մասին հայտարարություններով հանդես եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը, տարբեր մայրաքաղաքներ՝ կոչ անելով կողմերին հանդարտության և երկխոսության: Միայն Անկարայի տոնն էր ռազմատենչ, իր լիակատար աջակցությունը հայտնելով Բաքվին գործողություններին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, միջազգային հանրությունը լայնորեն արձագանքեց իրադարձություններին: Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:

Իմ մտահոգության առաջին կետը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի կողմից բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաև մարդկային մեծ ողբերգության վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցյալի սև էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրա՛նց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են: Այնպես որ մենք շատ լավ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժեքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին: Ուստի ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես ահաբեկչական գործողության մտադրություն, որը միջազգային հարաբերություններում բնորոշվում է որպես միջուկային ահաբեկչություն: Աստված մի արասցե, եթե դա հանկարծ տեղի ունենա, մենք կունենանք կովկասյան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի: 

Թեմայի այլ նորություններ