Տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները նվազել են. ԽԱՊԿ զեկույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    26%
    8 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    31%
    16 կմ/ժ
  • Արցախ 22°C
    40%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16554
  • Դոլար = 388.08

Տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները նվազել են. ԽԱՊԿ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում նկատելի նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ  եթե 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել էր նման 45 դեպք, ապա ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եղել է 24:

«Գալիս է մի ժամանակահատված, երբ լրատվամիջոցներն ավելի շատ զբաղված են զուտ քաղաքական զարգացումներով: Ինչպես գիտեք, ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում քաղաքական զարգացումները հիմնականում փողոցում էին ծավալվում, արտաքին քաղաքական գործընթացներ կային, ու լրատվամիջոցները դրանց վրա էին կենտրոնացած: Կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում պետական կառույցներին ուղղված հարցումների ծավալն այդքան շատ չի եղել, պակասել է»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Այնուամենայնիվ, Աշոտ Մելիքյանը նկատեց, որ պետական մարմիններից տեղեկություն ստանալը շարունակում է մնալ բարդ: Բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց դժգոհությունն են հայտնում այդ առնչությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկություն չտրամադրելու հիմնավորումները խնդրահարույց են: Շատ հաճախ պետական կառույցները խուսափում են համարժեք, պատշաճ արձագանք տալ:

«Էլ չեմ ասում «լղոզված» պատասխանների մասին: Այս առումով կարևոր էր, որ խորհրդարանն ընդունեց տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությունները, ըստ որի, պատասխանատուները, որոնք անհիմն մերժում են ու չեն տրամադրում հրապարակման ենթակա տեղեկությունը, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության: Այսինքն՝ վարչական տույժի չափն ավելացվել է»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահը նշեց, որ լրատվամիջոցները, մերժում ստանալուց հետո, հիմնականում չեն դիմում դատարան: Նրանք խուսափում են դատական քաշքշուկներից: Այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված 24 դեպքից միայն մեկ լրատվամիջոց է դիմել դատարան:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա են մնացել ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների ցուցանիշները: Առաջին եռամսյակում 12 դեպք է գրանցվել, երկրորդ եռամսյակում՝ 11: Փոխարենը, մտահոգիչ ցուցանիշ է գրանցվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու առումով: Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդպիսի 1 դեպք էր գրանցվել, ապա երկրորդ եռամսյակում՝ 11 դեպք՝ 12 տուժածով:

«Արձանագրում ենք, երբ երկրում լարվում է հասարակական, քաղաքական իրավիճակն, ապա ավելանում է հարձակումների թիվը լրագրողների վրա: Հիշում ենք, որ նախորդ ամիսները բավական լարված էին, ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում: Մեր կողմից գրանցած 11 դեպքից 10-ը հենց այդ ակցիաների ժամանակ են գրանցվել: Տուժել են և՛ լրագրողները, և՛ օպերատորները»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի վիճակագրությանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում վիրավորանքի և զրպարտության հիմքով 8 դատական գործ է արձանագրվել, առաջին եռամսյակում՝ 7:

Թեմայի այլ նորություններ