Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 14 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    10%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    17%
    4 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    13 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    11%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    11 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    10%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    41%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    10%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    20%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 14 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 14 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։49

Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amazon-ը, դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան։ Amazon-ը նաև արգելափակում է մուտքը Ռուսաստանից դեպի Prime Video հոսքային ծառայություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ «Հիշեցնենք, որ ի տարբերություն ԱՄՆ որոշ այլ տեխնոլոգիական մատակարարների` Amazon-ը և AWS-ը Ռուսաստանում չունեն տվյալների կենտրոններ, ենթակառուցվածքներ կամ գրասենյակներ, և մենք Ռուսաստանի կառավարության հետ համագործակցություն չվարելու երկարամյա քաղաքականություն ունենք»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

23:20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ քննարկել է Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Խոսակցության ընթացքում քննարկվել են Բելառուսի եւ ԱՄԷ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները, նաեւ իրավիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայի կենտրոնում եւ Ուկրաինայում»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

22:56

Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․« Ես պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների, բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»։

22։17

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝  ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։

21:47

Adidas ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր կայքի աշխատանքը Ռուսաստանում, մանրածախ խանութները փակվելու են մարտի 14-ին։ Այս մասին ասված է ընկերության ռուսալեզու կայքում։ «Մենք մարտի 9-ից դադարեցնում ենք կայքի եւ հավելվածի աշխատանքը՝ մինչեւ հաջորդ ծանուցում։ Մանրածախ խանութները բաց կլինեն մինչեւ մարտի 13-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից հավելում են, որ օգտատերերը կարող են ապրանքները նայել կայքում եւ հավելվածում, բայց պատվեր կատարելու հնարավորություն այս պահին չկա։

21:15

Brown-Forman ընկերությունը, որն արտադրում է Jack Danielʼs վիսկին և Finlandia օղին, դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։

21։10

ՌԴ-ում Պուտինի ահագնացող ավտորիտար կառավարման պարադոսքներից մեկը միշտ եղել է այն, որ հասարակությունը համեմատաբար բաց է եղել, գրում է New York Times-ը։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Պուտինը խեղդեց ազատ մամուլի վերջին մնացորդներն՝ արդարացնելու այն ներխուժումը, որը դատապարտեցին բոլորը։ Այդ քայլով նա մոտեցավ Խորհրդային Միության շնչահեղձ անող օրթոդոքսիային։ Արդյունքում՝ երկիրը մեկուսանալու է այնպես, ինչպես Պուտինն իրեն է մեկուսացրել՝ թողնելով դեպի աշխարհն ուղղված միակողմանի դիտակետ։

21:03

Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են, որ տեղական ծննդատանը ավիահարվածների պատճառով տուժել է 17 մարդ

Ավիահարվածը հասցվել է «լռության ռեժիմի» ժամանակ, պնդում են քաղաքային իշխանությունները։

Իշխանությունները նաև հայտնել են, որ պատերազմից ի վեր քաղաքում զոհվել է 1207 մարդ։

20։54

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակի հարցը, եթե իրենց անվտանգության երաշխիքներ ներկայացվեն։

20:52

Տելեգրամի ռուսական հատվածի մի քանի ալիքներ պնդում են, որ Մոսկվայում պետական ծառայողներին կոչ են անում նվիրաբերություններ անել Դոնբասի փախստականներին։

Այդպիսի կամավոր-պարտադիր վճարումները տատանվում են 300-500 ռուբլու միջև։ Ընդ որում, «Осторожно, новости» տելեգրամյան ալիքի տվյալներով, դրանք իրականացվում են Ռուս ուղղափառ եկեղեցու վանքերին հատկացումների տեսքով։

20:48

ՌԴ ՊՆ-ն նոր ճեպազրույց է տարածել։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինական կողմը հումանիտար 10 միջանցքներից համաձայվել է միայն 3-ին։
  • Ռուսաստանը համաձայնվել է Էներգոդարից, Վոլնովախայից և Իզյումից լրացուցիչ երեք հումանիտար միջանցքների հետ, որոնք առաջարկվել են Ուկրաինայի կողմից։
  • Ուկրաինական կողմը չի իրականացրել գործողություններ, որոնք միտված կլինեին հումանիտար միջանցքների նախապատրաստմանը, իսկ խաղաղ բնակչությունն ու օտարեկրացիները չեն ծանուցվել միջանցքների մասին։
  • Ուկրաինայում արմատականները շարունակում են պահել ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի և գրեթե 2 հազար օտարերկրացիների, որոնք ցանկանում են տարհանվել։
  • Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) նկատվում է Ուկրաինայի զինված ուժերի ինտենսիվ վերախմբավորում։
  • Ռուսաստանն առանց Ուկրաինայի մասնակցության տարհանել է ավելի քան 179 հազար խաղաղ բնակչի։ Ավելի քան երկու միլիոն մարդ ցանկանում է տարհանվել Ռուսաստան։

20:36

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Точка У-ի չպայթած հրթիռի լուսանկար։ (Ի սկզբանե գրված է եղել Իսկանդերի չպայթած հրթիռ, սակայն ավելի ուշ ճշտվել է։ Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։)

20:34

«Эхо Москвы»-ն դատական կարգով վիճարկում է ռադիոկայանին հասանելիության արգելափակումը։ Դատական առաջին նիստը նշանակվել է մարտի 22-ին։

20:31

ՄԱԿ. Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է գրեթե 1,5 հազար խաղաղ բնակիչ

Փետրվարի 24-ից ի վեր առնվազն 1424 քաղաքացիական անձ է սպանվել կամ վիրավորվել Ուկրաինայում, երբ սկսվել է ռուսական ռազմական ներխուժումը։ Այդ մասին հայտարարել են ՄԱԿ-ում։

Կազմակերպությունում նշում են, որ զոհերի իրական թիվը կարող է էականորեն մեծ լինել։ ՄԱԿ-ը շարունակում է ճշտել Վոլնովախայում, Մարիուպոլում և Իզյումում զոհերի վերաբերյալ տվյալները։

20։28

Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել են քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ում հայտնել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիլենկոն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նաև Դոնեցկի մարզի ոստիկանության բաժանմունքը։ «Այսօր ռուսական զորքերը ավիառումբ են նետել հիվանդանոցի և ծննդատան տարածքում, որտեղ կանայք ու երեխաներ են եղել։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։ Եվս մեկ ավիահարված եղել է մոտակայքում՝ քաղաքի կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

20:26

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է Իտալիայում իր դեսպանության վրա հարձակման մասին

Գերատեսչության տվյալներով՝ անհայտ անձինք դեսպանության տարածք են նետել պայթուցիկ սարք։ Որևէ մեկը չի տուժել, վնասվել է միայն կահույքը։ 

Ինչպես գրում են իտալական լրատվամիջոցները, ներկայումս իրականացվում է հետաքննություն։ Չի կարելի բացառել, որ այն կարող է լինել «ցուցադրական գործողություն»։

20:16

«Գազանություն». Զելենսկին մեկնաբանել է Մարիուպոլում ծննդատան հրթիռակոծումը

«Մարիուպոլ։ Ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը։ Մարդիկ, երեխաներ փլատակների տակ։ Գազանություն։ Դեռ ինչքա՞ն պետք է աշխարհը հանցակից մնա՝ անտեսելով ահաբեկչությունը։ Անմիապես փակե՛ք օդը։ Դադարեցրե՛ք սպանությունները։ Դուք ուժ ունեք, բայց դուք, կարծես, կորցնում եք մարդկությունը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ, կադրեր էինք հրապարակել, որտեղ երևում էր Մարիուպոլում հրթիռակոծված մանկական հիվանդանոցն ու ծննդատունը։

20:08

ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակները

Ավելի վաղ նշվում էր, որ այդտեղ հայտնվել են Դաշնային խորհրդի 146 սենատոր և 14 գործարար։

Հիմա հայտնի են դարձել նաև կոնկրետ ազգանուններ։ Դա Ալեքսանդր և Դմիտրի Պումպյանսկիներն են (ТМК), Գալինա Պումպյանսկայան («Синара»), Վադիմ Մոշկովիչը («Русагро»), Անդրեյ Մելնիչենկոն («СУЭК»), Դմիտրի Մազեպինը և նրա որդին («Уралхим»), ավտոմրցարշավորդ Նիկիտա Մազեպինը, Անդրեյ Գուրևը («Фосагро»), Միխայիլ Պոլուբոյարինովը («Аэрофлот»), Վլադիմիր Կիրիյենկոն (VK), Միխայիլ Օսեևսկին («Ростелеком»), Դմիտրի Կոնովը («Сибур»), Սերգեյ Կուլիկովը («Роснано»), Ալեքսանդր Վինոկուրովը («Магнит»)։

19։56

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի  շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

19:46

Զելենսկին խստացրել է պետական դավաճանության և կողոպուտի համար պատիժը

Հիմա Ուկրաինայում պետական դավաճանությունը կպատժվի ազատազրկմամբ, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, որը կուղեկցվի գույքի բռնագանձմամբ։ Կողոպուտի համար էլ պատիժը հասցվել է մինչև 15 տարի ազատազրկման։ 

Ավելի վաղ, այս հոդվածներով պատիժը սահմանված էր, համապատասխանաբար, 15 տարի և 10 տարի։

19:41

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն ընդգծել է Ուկրաինայի ՀՕՊ հաջողությունները

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների վերաբերյալ ամենօրյա հակիրճ վերլուծությունը։ Այնտեղ նշվում է, որ Ուկրաինայի ՀՕՊ-ը «հասել է էական հաջողությունների» ռուսական ինքնաթիռների դեմ պայքարում։

Ըստ բրիտանացիների՝ հնարավոր է, որ հենց դա է Մոսկվային խանգարել օդում ունենալ լիարժեք վերահսկողություն։ 

Բրիտանական պաշտպանական գերատեսչությունը նաև նշում է, որ ռուսական բանակը էական հաջողություններ ու առաջխաղացում չի գրանցել։

19:36

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BelTA գործակալությունը։ Ասվում է, որ խոսակցությունը «նոր է տեղի ունեցել», իսկ մանրամասները չեն հաղորդվում։

19:35

Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։ Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մերժել է Լեհաստանի առաջարկը Կիևին փոխանցել Ռուսաստանում արտադրված МиГ-29 ինքնաթիռները։

«Մենք տրամադրել ենք պաշտպանական միջոցների բոլոր տեսակներն ու զենք ուղարկել, որի մասին մենք ձեզ ասել ենք, բայց ճիշտ է նաև այն, որ մենք պետք է շատ մանրակրկիտ կերպով մտածենք, թե ինչն ենք ճիշտ անում և, անխոս, ռազմական ինքնաթիռները դրա մաս չեն կազմում»,- հայտարարել է Շոլցը։

19:31

Nestle ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում։

19:29

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։

19:09

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է մանկական հիվանդանոցի ուղղությամբ հարձակման մասին։ Տեսանյութում երևում են մանկական հիվանդանոցի կոտրված լուսամուտները, որտեղից հանում են մարդկանց։

19:03

Ուկրաինացիները արձանները պաշտպանում են ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր ոչնչանալուց։

Օդեսսայի խորհրդանիշներից մեկը՝ Դյուկ դե Ռիշելյեի արձանը ծածկվել է ավազի պարկերով։

18:59

Էստոնիան դիտարկում է ռուսաստանցիներին վիզայի տրամադրման դադարեցման հարցը։

Նախկինում, նման որոշ ընդունել էին Լատվիան և Չեխիան։

 

18:53

Դմիտրի Պեսկով. «Ուկրաինա ժամկետայիններին ուղարկելու պատասխանատուները կպատժվեն»

«Պուտինին զեկուցվել է իր հրամանի կատարման ընթացքը, որով կտրականապես բացառվում էր Ուկրաինայում խնդիրների իրականացմանը ժամկետայիններին ներգրավելը։ Նրա հանձնարարությամբ՝ Գլխավոր ռազմական դատախազություն են ուղարկվել նյութեր այն պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու և պատժելու, որոնք պատասխանատու են այդ պահանջների չկատարման համար»։

18։45

«Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն: Եթե հարձակում լինի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի, ՆԱՏՕ տարածքի վրա, ապա կգործի 5-րդ հոդվածը»,- նշել է նա: Հոդված 5-ը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որը սահմանում է, որ մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլոր 30 անդամ երկրների վրա:

18:45

Հիշեցնենք, որ վերջերս Վլադիմիր Պուտինը կտրականապես հերքում էր Ուկրաինայում ժամկետայինների առկայությունը։

«Այդ գործողությանը մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ՝ սպաներ և պայմանագրայիններ։ Որևէ ժամկետային չկա, և մենք չենք նախատեսում անել դա, և չենք պատրաստվում»,- հայտարարել էր Պուտինը։ 

Պուտինն այդ հայտարարությունն արել էր մարտի 5-ին։

18:42

«Ցավոք, հայտնաբերվել են մի քանի փաստեր ռուսական զինված ուժերի զորամասերում ժամկետային ծառայություն անցնող զինծառայողների ներկայության մի քանի փաստեր, որոնք մասնակցում են Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության անցկացմանը։ Փաստացի բոլոր այդ զինծառայողները արդեն դուրս են բերվել Ռուսաստանի տարածք»,- պաշտոնապես հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս «ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցներ», որպեզի թույլ չտրվի մարտական գործողությունների շրջան ժամկետայինների ուղարկումը։

18:37

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ընդունել է, որ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցում են նաև ժամկետային զինծառայողներ։

18:37

ԵՄ երկրները համաձայնության են եկել սեւ ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի եւ Դաշնային խորհրդի 146 անդամների, սահմանափակումներ են մտցրել ռուսական ծովային նավարկությունների դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսկերպ ՌԴ-ի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում են ներառված են 862 ֆիզանձինք, 53 կազմակերպություններ․ սա պատժամիջոցների ամենամեծ ցուցակն է, որը երբեւէ ընդունել է Եվրամիությունը։ 

18։32

«Укренерго»-ն նշում է, որ «ռուս ագրեսորների թշնամական գործողությունների հետևանքով» Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է։ «Առկա տեղեկությունների համաձայն՝ միջուկային վառելիքի պահեստում պահվում է մեծ քանակությամբ սպառված վառելիք, որն առանց գործող հովացման համակարգի վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ռադիացիոն ֆոնի ավելացման վտանգ: Առանց էլեկտրամատակարարման Չեռնոբիլի ատոմակայանում օդափոխությունը և հրդեհաշիջման համակարգը չեն աշխատի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերության պնդմամբ՝ Էլեկտրահաղորդման գծերի վերականգնումը չափազանց կարևոր է, և դրա համար անհրաժեշտ է, որ ռուսական կողմը հեռանա Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից։

18:24

Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային է տրամադրել «մահացու օգնություն»

Ուկրաինայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային է հատկացրել «մահացու օգնություն»։ Սովորաբար այդ եզրույթի տակ հասկացվում է այն ռազմական օգնությունը, որը կիրառվում է պատերազմի վարման համար, այսինքն սպառազինություն և ռազմատեխնիկա։

Այս դեպքում խոսքը գնում է 3615 միավոր հակատանկային միջոցի, հրազենային միջոցների, զինամթերքի և կապի միջոցների մասին։ Մեծ Բրիտանիան նաև պատրաստվում է Ուկրաինա ուղարկել Javelin тտիպի հակատանկային հրթիռների ոչ մեծ խմբաքանակ։

18։23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական հետազոտությունների մասին ուկրաինական և ամերիկյան իշխանությունների հայտարարություններից հետո Վաշինգտոնը պարտավոր է տեղեկություն հրապարակել իր ծրագրերի մասին․ «Մոտ ապագայում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ նախագահի աշխատակազմը պարտավոր են միջազգային հանրությանը ծանոթացնել և պաշտոնական դարձնել այն ծրագրերը, որոնք իրականացվել են Ուկրաինայում»։ |ria.ru|

18:19

Ռուսաստանում Նորվեգիայի վիզաների կենտրոնները դադարեցրել են փաստաթղթերի ընդունումը

Այդ որոշումը բացատրվում է «տեխնիկական խնդիրներով, ներառյալ նորվեգական պորտալում վճարումով և այլ չկանխատեսված սահմանափակումներով, որոնք կապված են ստեղծված իրավիճակի հետ»։

Արդեն իսկ ներկայացված դիմումները կուսումնասիրվեն սովորական ընթացակարգով։ Ընդ որում, դեռևս խոսք չկա ռուսաստանցիներին նորվեգական վիզայի տրամադրման արգելքի մասին։

18:10

Figma-ի մեր ներքին համայնքը ներդրումներ է կատարել ուկրաինացի փախստականներին և հումանիտար օգնությանն աջակցող կազմակերպություններին: Մենք նաև տրամադրում ենք շարունակական մուտք դեպի Figma-ի վճարովի գործառույթներ մեր ներկայիս ուկրաինացի հաճախորդների համար, ովքեր մոտակա ամիսներին կդիմեն մեզ օգնության համար: Միաժամանակ մենք սառեցնում ենք կազմակերպությունների կորպորատիվ Figma հաշիվները Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներին համապատասխան։ Մենք նաև դադարեցնում ենք բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում։ [FIGMA]

17:52

Դմիտրի Ռոգոզինը «Ռոսկոսմոս»-ի աշխատակիցներին արգելել է դուրս գալ Ռուսաստանից

Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Ռուսական լրատվամիջոցի տվյալներով՝ Ռոգոզինը դա բացատրել է «աշխարհաքաղաքական իրավիճակի և պատժամիջոցների քաղաքականության սրմամբ, որը Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ վարում են օտարերկրյա պետությունները»։

Բացի արտասահման մեկնելուց՝ «Ռոսկոսմոս»-ում չեղարկվել են նաև արձակուրդները և մտցվել է մոբիլիզացված աշխատանքի սկզբունք։ 

«Գեղագիտական տեսանկյունից լողափին փորի վրա պառկելը, երբ քո երկրի համար ռազմաճակատում զոհվում են սպաներն ու զինծառայողները, ավելի քան տարօրինակ է»,-Ռոգոզինի խոսքերը մեջբերել է РБК-ն։

17:33

Ֆինլանդիան սառեցնում Է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: [Ֆինլանդիայի երկրի կրթության ու մշակույթի նախարարություն]

17:32

Ներքնազգեստի Victoriaʼs Secret ապրանքանիշը մարտի 9-ից կդադարեցնի աշխատանքը։ Մոսկվայի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով 16:30-ից) դադարել է գործել առցանց խանութը, իսկ 22:00-ից կփակվեն ընկերության խանութները։ 

«Victoriaʼs Secret-ի կայքում, մինչև 2022 թվականի մարտի 9-ը ձևակերպված բոլոր պատվերները, կառաքվեն։ Մենք Ձեզ կհայտնենք առցանց խանութի և մանրածախ խանութների աշխատանքների վերականգնման մասին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։

17։24

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պնդմամբ՝ Խերսոնի մարզում տեղակայվել են ռուսական գվարդիայի ստորաբաժանումներ, որոնք ձերբակալել են Ուկրաինայի ավելի քան 400 քաղաքացիների։ Պատճառն, ըստ ԳՇ-ի, Խերսոնի բնակիչների դիմադրությունն է։ «Ըստ առկա տեղեկությունների՝ հակառակորդը վերախմբավորվում է՝ նախապատրաստվելով Կիևը գրավելու հերթական փորձը։ Ֆաստիվ բնակավայրի ուղղությամբ անհաջող հարձակումից հետո հակառակորդը փորձում է վերսկսել հարձակողական գործողություններն այս ուղղությամբ»,- ասվում է ԳՇ հաղորդագրությունում։

17:23

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Մարիուպոլի մոտ նկատվել է ռազմատեխնիկա, որը շարժվում է քաղաքի կողմից։ Տեսանյութը նկարահանվել է Մանգուշ գյուղի մոտ՝ Մարիուպոլից 15 կիլոմետր հեռավորության վրա։

17։15

Մենք էլ ավելի ենք խստացնում պատժամիջոցներն՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային։ Թվիթերյան իր էջում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրահանձնաժողովի նախագահը թվել է այն կետերը, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները․

•Ցուցակում է 160 անձ՝ օլիգարխներ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամներ։
•Բելառուսի բանկային հատվածը։
•Ծովային նավիգացիոն տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։
•Կրիպտոակտիվների ավելացումը։

17։02

Այսօր Դեմիդովից մարդկանց տարհանման ժամանակ, զոհվել է Կիևի շրջանի ոստիկան, ավագ սերժանտ Օլեքսի Պոնոմարենկոն։ Այս մասին հայտնում է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։ Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը կրակ է բացել իրավապահների և քաղաքացիական անձանց ուղղությամբ։

16:45

Baza-ն հայտնում է, որ Ռուսաստանում McDonalds'-ը իր ռեստորանների աշխատանքը կդադարեցնի մարտի 14-ից։ Ընկերությունը ժամանակավորապես իր աշխատանքների դադարեցման մասին հայտարարել էր երեկ, սակայն հստակ ամսաթիվ չէր նշել։

16։32

Ռուսաստանի կառավարությունը գործողությունների ծրագիր է մշակել՝ ուժեղացված պատժամիջոցների պայմաններում տնտեսությունը կայունացնելու համար։ [ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին]  |ria.ru|

16:32

Եվրամիությունը նաև համաձայնեցրել է միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից անջատել բելառուսական երեք բանկ` Белагропромбанк-ը, Дабрабыт բանկը և Բելառուս Հանրապետության զարգացման բանկը։

Բացի այդ, եվրոպական իշխանությունները համաձայնեցրել են արգելք դնել Բելառուսի կենտրոնական բանկի հետ գործառնությունների, ինչպես նաև այդ երկրում առևտրի ու ներդրումների ֆինանսավորման վրա։

ԵՄ-ն նաև արգելել է Բելառուսի քաղաքացիներին ու ռեզիդենտներին Եվրամիության բանկերում տեղակայել 100 000 եվրոյից ավելի դեպոզիտ։

16։27

«ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանին պատժամիջոցներով ճնշելու մեջ, Պեսկովն ասել է՝ պետք է «անենք այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»։

16:19

Եվրամիությունը ռուսաստանցի 146 սենատորների և 14 գործարարների ներառել է իր պատժամիջոցների ցանկում։

Այդ մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի կայք էջում։ Սահմանափակումների տակ են հայտվել «14 օլիգարխ և նշանակալի գործարար<...>, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները»։ Պատժամիջոցների ցանկում ներառված անձանց անունները դեռևս չեն նշվում։ 

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև ՌԴ Դաշնային խորհրդի 146 անդամներ, որոնք կողմ են քվեարկել ինքնահռչակ «ԼԺՀ»-ի և «ԴԺՀ»-ի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության պայմանագրին։ 

 

Ընդհանուր առմամբ, ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառվել է 862 մարդ և 53 կազմակերպություն։

16։18

Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է․ բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] |unian.net|

16:13

Discovery-ն դադարեցնում է Ռուսաստանում իր հեռուստաընկերությունների հեռարձակումը։ Ռուսաստանում Discovery-ի 15 հեռուստաընկերությունները, ներառյալ HGTV, Animal Planet, TLC և Eurosport հեռուստաընկերությունները, տարածվում էին Media Alliance-ի միջոցով։ 

16:07

Air Astana-ն ժամանակավորապես դադարեցնում է մի շարք թռիչքների իրականացումը դեպի Ռուսաստանի քաղաքներ։

15։38

«Укренерго»-ն հայտնում է , որ ռազմական գործողությունների պատճառով Չեռնոբլի ատոմակայանն ամբողջությամբ անջատվել է ցանցից, և աէկ-ն Էլեկտրամատակարարում չունի. «Ռազմական գործողություններն ընթացքի մեջ են, ուստի գծերը վերականգնելու հնարավորություն չկա։ Սլավուտիչ քաղաքը նույնպես հոսանքազրկված է»,- ասված է հաղորդագրության մեջ։

15:33

KFC-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Yum! Brands ընկերությունը, որի կազմում են KFC-ն և Pizza Hut-ը, հայտնել է, որ դադարեցնում է Ռուսաստանում KFC-ի 70 ռեստորանների աշխատանքը։ Ընկերությունն աշխատում է նաև իր ֆրենչայզների հետ, որպեսզի Ռուսաստանի տարածքում դադարեցվի նաև Pizza Hut-ի աշխատանքը։

Նախօրեին, Ռուսաստանում իր բոլոր ռեստորանների փակման մասին հայտնել էր նաև McDonaldʼs-ը։

15:31

Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է, որ Խերսոնի բնակիչների «կատաղի դիմադրության պատճառով», ռուսական իշխանությունները փորձում են այդ շրջանում հաստատել «վարչա-ոստիկանական ռեժիմ», որի համար Խերսոնի մարզ են մտցվել Ռոսգվարդիայի ստորաբաժանումները։ Ըստ ուկրաիանական կողմի՝ ռուսական գերատեսչության ներկայացուցիչները ապօրինաբար ձերբակալել են Ուկրաինայի 400 քաղաքացու։

15։25

Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի առաջիկա հանդիպումը Անթալիայում շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի համար։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|

15:25

ԱՄՆ-ն Ուկրաինայի համար կհատկացնի 13,6 միլիարդ դոլարի օգնություն

ԱՄՆ կոնգրեսի առանջնորդները համաձայնեցրել են Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին 13,6 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնության հատկացումը։ 

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր 10 միլիարդ դոլարի համար, սակայն և դեմոկրատները, և հանրապետականները աջակցել էին նախագծին և թիվը հասել էր մինչև 13,6 միլիարդի։

Դրանցից 5 միլիարդը կհատկացվի Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին օգնելու համար, որպեսզի նրանք կարողանան լուծել փախստականների հոսքի հարցը։ Եվս 6,7 միլիարդ եվրո էլ կհատկացվի տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղակայման և սարքավորումների համար։

15:21

Սումիից տարհանվել են չինացի ուսանողները։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ն։ Վերջին խումբը քաղաքից դուրս է բերվել ավտոբուսներով։ Չինաստանի քաղաքացիների մեծ մասը, որոնք գտնվում էին Ուկրաինայում, լքել են երկիրը։ 

15:18

Պոլտավայի մարզում ձևավորվել են ավտոշարասյուներ, որոնք կիրականացնեն Սումիից տարհանումը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Նա նշել է, որ Կարմիր խաչը կուղեկցի տարհանմանը մասնակից շարասյուներին։

15։16

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանի և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ «Այդ քայլը արվել է ուկրաինական նացիոնալիստական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այդ երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, այդ ռիսկերն իսկապես կան»։

15:15

Amazon-ը սահմանափակումներ է մտցրել։

  • ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանից և Բելառուսից հաճախորդներին մանրածախ ապրանքների մատակարարումը,
  • Amazon Web Services-ում հրաժարվել է Ռուսաստանից և Բելառուսից ընդունել նոր հաճախորդների,
  • դադարեցրել է Ռուսաստանից հաճախորդների հասանելիությունը Amazon Prime Video-ին։
  • հրաժարվել է ընդունել New World առցանց խաղի վերաբերյալ ռուսական պատվերները, որն Amazon-ը ուղիղ վաճառում էր Ռուսաստանին։

15:02

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «միլիոնավոր գործազրկության մասին» հարցին, որն առաջացել է Ռուսաստանից արտասահմանյան ընկերությունների հեռանալուց հետո։

«Հուսանք, որ ամեն դեպքում միլիոնավոր մարդիկ առանց աշխատանքի չեն մնա, այլ ավելի քիչ։ Իրավամբ, ընկերությունները հեռանում են, կառավարությունը դրանով զբաղվում է։ Դա առաջնային հարց է` աշխատանքի շուկայում գործազրկությունն ու հակաճգնաժամային միջոցները։ Ես կարծում եմ, որ ամենամոտ ժամանակներում մենք կառավարությունից կլսենք այն միջոցների մասին, որոնք նախատեսվում են ընդունել»,- ասել է Պեսկովը։

14:59

Զելենսկին նոր ուղերձ է հղել ռուսաստանցի զինծառայողներին։

«Ռուսաստանցի զինծառայողներ։ Դուք դեռ փրկվելու հնարավորություն ունեք։ Գրեթե երկու շաբաթ մեր դիմադրությունը ձեզ ցույց է տվել, որ մենք չենք հանձնվի, որովհետև սա մեր տունն է, սրանք մեր ընտանիքներն ու երեխաներն են։ Մենք կպատերազմենք, քանի դեռ չենք վերադարձրել մեր հողն ու քանի դեռ պատասխան չի տրվել մեր բոլոր սպանված մարդկանց, մեր սպանված երեխաների համար։

Դուք դեռ կարող եք փրկվել, եթե ուղղակի հեռանաք։ Մի' հավատացեք ձեր հրամանատարներին, երբ նրանք ձեզ ասում են, որ դուք դեռ հնարավորություններ ունեք Ուկրաինայում։ Ձեզ այստեղ ոչինչ չի սպասվում։ Բացի գերեվարումից։ Բացի զոհվելուց։ Դուք վերցնում եք մեր կյանքերը և տալիս ձերը։ Եվ մենք գիտենք, մենք ունենք գաղտնալսումներ, որ ձեր հրամանատարները արդեն ամեն ինչ հասկանում են։ Պետք է վերջացնել այս պատերազմը, պետք է վերադառնալ խաղաղության։ Հեռացե՜ք մեր տներից։ Հեռացե՜ք ձեր մոտ»,- ասել է Զելենսկին։

14։52

Շուրջ 100 հայտ ենք ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Այդ 100 հայտը այն ուկրաինահայերից է, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի ԵՄ երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են։ Տեղեկություն չկա՝ ուկրաինահայերը մշտական, թե ժամանակավոր բնակության համար են դիմել: [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ] |armenpress.am|

14:51

Ավելի քան 100 մարդ կհայտնվի ԵՄ նոր պատժամիջոցների տակ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը կտարածվի ավելի քան 100 մարդու վրա։

«Պատժամիջոցների նոր փաթեթը փոխանցվել է ԵՄ անդամ երկրների դիտարկմանը։ Այն ներառում է ավելի քան 100 պաշտոնյայի<...> Այդ փաթեթը նաև պարունակում է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ»,- ասել է Բորելը։

Այսօր առավոտյան ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել էին պատժամիջոցները։ Ներկայումս մնացել է միայն տեխնիկական ընթացակարգը, որով վերջնականապես կհաստատվի այդ։ Հավանական է, որ պատժամիջոցների նոր ցուցակը կհրապարակվի այսօր երեկոյան։

14:37

«Ուկրէներգո». Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Դա տեղի է ունեցել ռուսական զորքերի գործողությունների արդյունքում, նշվում է էներգետիկ ընկերության հայտարարության մեջ։ 

«Մարտական գործողությունները շարունակվում են, ինչը հիմա անհնարին է դարձնում վերանորոգման աշխատանքների իրականացումն ու էներգասնուցման վերականգնումը։ Սլավուտիչ քաղաքը ևս հոսանքազրկված է։ «Ուկրէներգո»-ն մշտադիտարկում է իրավիճակը և կտեղեկացնի բոլոր փոփոխությունների վերաբերյալ»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։

14։33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հնարավոր հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ |anadolu.tr|

14։30

Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը նախատեսված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ։ [ՌԴ ԱԳՆ] |ria.ru|

14:25

Ուկրաինայում իշխանության տապալումը չի մտնում Ռուսաստանի «հատուկ գործողության» նպատակների մեջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դրա նպատակների մեջ չեն մտնում ոչ Ուկրաինայի բռնակցումը, ոչ նրա պետականության կործանումը, ոչ էլ գործող իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- մարտի 9-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

14:21

Ռուսաստանի և ուկրաինական կողմի միջև բանակցությունները ընթանում են անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար, արդեն որոշակի առաջընթաց գրանցվել է։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |ria.ru|

14:19

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ Ուկրաինայից մոտ երկու միլիոն մարդ դիմել է Ռուսաստան տարհանվելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության, Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել մոտ 140 հազար մարդ։

14:11

Ռուսաստանի սահմանադրական դատարանը դուրս է եկել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովից, որը միավորում է եվրոպական 40 երկրների սահմանադրական դատարանները կամ դրանց համարժեք մարմինները։

14:02

Ռուսական բանակի տանկային վաշտերի հրամանատարներից մեկին, կապիտան Ալեքսեյ Լևկինին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Այդ մասին հայտարարել է Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսը։

Ավելի վաղ, Звезда հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Լևկինի տանկային վաշտն Ուկրաինայում ընկել է շրջափակման մեջ, որից հետո կապիտանը «անձամբ ոչնչացրել է հակառակորդի երկու տանկ և երեք ՀՄՄ», ծածկել ռուսական զորքերի նահանջը, այնուհետ գիշերվա ընթացքում ճշգրտել հրետանու կրակը։

13:45

Հոլանդական Heineken գարեջրագործական ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում իր գարեջրի արտադրությունն ու վաճառքը։ Ավելի վաղ Ռուսաստանում գարեջրի վաճառքից հրաժարվել էր Carlsberg-ը։

13։43- Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովն ամբողջությամբ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո է, և ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ չի իրականացնում։ «Մեր զինվորականները հերթական հակահարվածն են տվել հակառակորդին Դերգաչովի ուղղությամբ։ Զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները Ազգային գվարդիայի և Տերոբորոնայի ստորաբաժանումների հետ հակահարձակում են իրականացրել հակառակորդի հրետանու և բազմակի հրթիռային կայանների դիրքերի վրա։Անհաջող դիմադրությունից հետո հակառակորդը դիմել է փախուստի` միաժամանակ թողնելով զինտեխնիկա»,- ասել է նա։

13:29

Վերջին 13 օրերի ընթացքում Վրաստան է ժամանել 20 000-ից ավելի Ռուսաստանի քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին։ «2019 թվականի նույն օրերին Վրաստան է ժամանել Ռուսաստանի շուրջ 40 000 քաղաքացի»,- լրագրողներին հայտարարել է Գոմելաուրին։
 

Նախարարի խոսքով՝ ռուսական քաղաքացիները Վրաստան են ժամանում Թուրքիայից և Հայաստանից։ «Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ Հյուսիսկովկասյան հանրապետություններից են. դաղստանցիներ, չեչեններ, հիմնականում կանայք և երեխաներ, որոնք վերջին օրերին գտնվում էին Թուրքիայում և թռիչքների դադարեցման պատճառով հիմա  ավտոբուսներով կազմակերպված ժամանում են Վրաստան և ուղիղ շարժվում դեպի «Լարս»-ի անցակետ»,- նշել է վրացի նախարարը։

Վախթանգ Գոմելաուրին հերքել է այն տեղեկությունները, որ ռուսական քաղաքացիների մեծ մասը մնում են Վրաստան։ «Վերջին օրերին Ռուսաստանի մոտավորապես 3000 քաղաքացի մնացել է Վրաստանում։ Ավելի քան 100 քաղաքացու էլ տարբեր պատճառներով վրացական իշխանությունները չեն թույլատրել մտնել երկիր»,- եզրափակել է Վախթանգ Գոմելաուրին։

13:08

Visa-ն մեկ օրով, մինչև մարտի 11-ը երկարաձգել է Ռուսաստանում իր քարտերի աշխատանքը։ Այդ մասին նշվում է վճարային համակարգի պաշտոնական կայք էջում։ Ընդ որում, ընկերությունն իրեն իրավունք է վերապահել այդ ժամկետից շուտ դադարեցնել քարտերի աշխատանքը։

12։54

Մարտի 8-ին՝ ժամը 20:50-ին, Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով ավերվել է յոթ մեկհարկանի բնակելի տուն, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ 2021 թ․ ծնված երկու երեխա։ Խարկովի մարզում՝ Չուխուևի շրջանի Դինեց գյուղում, ավիահարվածի ժամանակ արկը հարվածել է բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, այդ թվում՝ 2015 թվականին ծնված երեխա։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] |ukrinform.net|

12:50

Պրոցեսորների արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշորագույն Intel և AMD ընկերությունները պաշտոնապես հայտարարել են Ռուսաստան իրենց արտադրանքի մատակարարման դադարեցման մասին։

12:36

«Ես վկայում եմ...» Ուկրաինայի առաջին տիկինը հանդես է եկել ուղերձով

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան համաշխարհային հանրությանն ուղղված նամակում խոսում է պատերազմի արհավիրքների և պատմում մի քանի երեխաների մասին, որոնք զոհվել են մարտական գործողությունների արդյունքում։

«8-ամյա Ալիսայի մասին, որը զոհվել է Ախտիրկայի փողոցում։ Պապիկը փորձում էր նրան ծածկել իր մարմնով։ Կամ էլ Կիևից Պոլինայի մասին, որը ծնողների հետ միասին զոհվել է հրթիռակոծման պատճառով։ 14-ամյա Արսենիի մասին... Մայրաքաղաքի երբեմնի խաղաղ արվարձանում բեկորը մտել է երեխայի գլխի մեջ, իսկ շտապ օգնության ավտոմեքենան ուղղակի չի կարողացել հասնել հրթիռակոծության պատճառով»։

Զելենսկայան շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը և հարևան եվրոպական երկրներին աջակցության համար, որոնք ընդունել են փախստականներին։ Նա նաև կրկնել է իր ամուսնու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչերը՝ ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի վրա։

12:27

Mothercare ընկերությունը, որը մասնագիտացած է ապագա մայրերի և նորածին երեխաների համար ապրանքների արտադրության մեջ, դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում, ներառյալ արդեն իսկ ստացված ապրանքների բեռնաթափումը։

12:22

Ուկրաինացի զինվորականները ռուսական զորքերին դուրս են մղել Դերգաչի քաղաքի շրջանում գտնվող բազայից (Խարկովից 16 կիլոմետր հեռավորության վրա), որտեղից հրթիռակոծվում էին Խարկովի արվարձանները։

Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերը, Ազգային գվարդիայի և տարածքային պաշտպանության ուժերի հետ, հակահարձակման են անցել դեպի հակառակորդի հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիրքեր, որոնք պարբերաբար հրթիռակոծում էին Խարկով քաղաքի արվարձանները։ Անհաջող դիմադրությունից հետո, թշնամին փախուստի դիմեց, ընդ որում թողնելով ռազմական տեխնիկան»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Վերջինիս խոսքով՝ ռուսական զորքերը հեռացել են Բելգորոդի ուղղությամբ գտնվող անտառներ։

12:18

ԱՄՆ-ն մերժել է ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու անսպասելի առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։ Պենտագոնից հայտնել են, որ ՆԱՏՕ տարածքից պատերազմի գոտի մարտական ինքնաթիռներ թռչելու հեռանկարը «լուրջ անհանգստություն է առաջացնում ողջ դաշինքի համար»։ |reuters.com|

12:12

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրն Ուկրաինա կուղարկի 787 հազար ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն։

12:06

Խերսոնի մարզի Չերնոբաևկա գյուղի բնակիչները պնդում են, որ հարբած ռուսական զինվորականները կրակել են խաղաղ բնակչության ուղղությամբ։

Ազատություն ռադիոկայանին տեղացիները պատմել են, որ հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ռուսական զինվորականները թալանել են գյուղի խանութը։ Ալկոհոլի օգտագործումից հետո, որը վերցրել էին խանութից, ռուսաստանցիները սկսել են կրակել տների ուղղությամբ։ Նշվում է, որ նրանք սպանել են տղամարդկանց, որոնք իրենց հետ վեճի էին բռնվել։ Զոհերի ճշգրիտ թիվը չի նշվում։ Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, հայտնի չէ։

Չերնոբաևկայի մոտ գտնվում է Խերսոնի օդանավակայանը, որտեղ, ինչպես պնդում են ուկրաինացի զինվորականները, վերջերս ոչնչացվել է 30 ռուսական ուղղաթիռ։

12:01

Pepsi Co-ն հայտարարել է․ «Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները՝ մենք հայտարարում ենք Pepsi-Cola-ի և Ռուսաստանում ըմպելիքների մեր համաշխարհային ապրանքանիշերի, այդ թվում՝ 7Up-ի և Mirinda-ի վաճառքի դադարեցման մասին: Մենք նաև կդադարեցնենք կապիտալ ներդրումները և բոլոր գովազդային ու խթանիչ գործունեությունը Ռուսաստանում»։

11:59

Coca-Cola ընկերությունն երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։

11:58

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է հումանիտար նոր միջանցքների մասին, որոնցով կարող է շարժվել քաղաքացիական բնակչությունը։

  • Էներգոդար - Զապորոժյե,
  • Սումի - Պոլտավա,
  • Մարիուպոլ - Զապորոժյե,
  • Վոլնովախա - Պոկրովսկ,
  • Իզյում - Լոզովայա,
  • Վորզել, Բուչա, Բորոդյանկա, Իրպեն, Գոստոմել - Կիև

11:48

Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 9-ի առավոտյան առկա իրավիճակի մասին։

  • Ուկրաինայի պետական սահմանի անցակետերի մոտ շարունակվում են մարտերը։ Մարտեր են նաև ընթանում Նեժին, Իվանիցա, Տրոստյանեց բնակավայրերի մոտ, շարունակվում է Չեռնիգովի պաշտպանությունը։
  • Կիևի պաշտպանության ուժերը «հետ են շպրտում հակառակորդի հարձակումը»։
  • Ռուսական իշխանությունները Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում, զորավարժությունների անունի տակ, իրականացնում են թաքնված զորահավաք։ Բացի այդ, ռուսական կողմը ռուսական բուհերից հեռացնում է զորակոչային տարիքի արական սեռի ուսանողներին՝ բանակի ռեզերվը լրացնելու համար։
  • Ռուսաստանը պատրաստվում է մարտական գործողություններին ներգրավել չճանաչված Մերձդնեստրի մինչև 800 զինծառայող։
  • Բերդյանսկում տարածում են քարոզչական նյութեր, որոնք ուղղված են Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկմանը։
  • Չեռնիգովի մարզի, ժամանակավորապես ռուսական վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի, բնակելի շենքերում թաքցնում են սպառազինություն և ռազմատեխնիկա։
  • Խերսոնի մարզում պարզել են, որ ռուսական զինծառայողները, հագնելով քաղաքացիական հագուստներ, շարժվել են Նիկոլաևի ուղղությամբ։

11։47

McDonald's-ը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր ռեստորանները Ռուսաստանում և դադարեցնել գործունեությունը շուկայում։ Ընկերությունից հայտնել են, որ ՌԴ-ում McDonald's-ի բոլոր աշխատակիցների կշարունակեն ստանալ իրենց աշխատավարձերը։

11:40

Լռության ռեժիմի հաստատումից հետո Ուկրաինայի Սումի քաղաքից մոտ 5000 մարդ է տարհանվել։

11:39

Վլադիմիր Պուտինը «կատաղած է եղել», երբ իմացել է, որ Վինիցայի օդանավակայանը հրթիռակոծվել է խիստ թանկարժեք հրթիռներով։ Այդ մասին հայտարարել է Bellingcat-ի լրագրող Խրիստո Գրոզևը՝ ուկրաինական հեռուստաընկերությունների եթերում։ 

«Ներքին աղբյուրները, որոնք հիմա ավելի շատ են պատրաստ պատմելու, թե ինչ է այնտեղ (Ռուսաստանում) տեղի ունենում, օրինակ, երեկ չէ առաջին օրը մեզ և այլ լրատվամիջոցների պատմեցին այն մասին, որ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ 8 հրթիռներով, ընդ որում բավականին թանկ հրթիռներով (ՌԴ դրանցից շատ քիչ պաշարներ ունի) հրթիռակոծել են Վինիցան, Պուտինը կատաղել է, որովհետև դրանից առաջ իրեն զեկուցել էին, որ այդ հրթիռներն ամենաթանկն են և դրանից հազար հատից ավելին չունեն»,- հայտարարել է Գրոզևը։

Украинская правда-ն էլ գրել էր, որ, ենթադրաբար, Վինիցայի օդանավակայանի ուղղությամբ մարտի 6-ին արձակվել էր 8 հատ X-101 թևավոր հրթիռ։

11:34

Պատերազմի 13 օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է 52 երեխա։ [Վլադիմիր Զելենսկի]

11։32

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները վերջին մեկ օրվա ընթացքում 29 անգամ կրակ են բացել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա, ինչի հետևանքով 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Կրակոցները վնասել են 34 տուն և 5 քաղաքացիական ենթակառուցվածք։ [ԴԺՀ-ի հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն] |tass.ru|

11:32

ՌԴ ՊՆ-ն փաստաթղթեր է հրապարակել, որոնք իբր ապացուցում են, որ պաշտոնական Կիևը ծրագրել էր հարձակվել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վրա։

11:22

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ։

11:18

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարման ցանկացած փորձին կհաջորդի պատասխանատվությունը։ Ըստ նրա՝ ռուսական դեսպաններն այդ մասին արդեն ծանուցել են հյուրընկալող երկրներին։

 

11:13

Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտարարել է, որ այսօր, Կարմիր Խաչի հովանու ներքո, կկազմակերպվի հումանիտար միջանցք Էներգոդարից դեպի Զապորոժյե։

11:07

Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 9-ի առավոտվա դրությամբ ռուսական կողմի կորուստների մասին.

  • անձնակազմ՝ ավելի քան 12 000 մարդ,
  • ինքնաթիռներ՝ 49 միավոր,
  • ուղղաթիռներ՝ 81 միավոր,
  • տանկեր՝ 317 միավոր,
  • զրահամեքենաներ՝ 1070 միավոր,
  • հրետանային համակարգեր՝ 120 միավոր,
  • ՀՕՊ միջոցներ՝ 28 միավոր,
  • Համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 56 միավոր,
  • ավտոցիստեռներ՝ 60 միավոր,
  • ավտոտեխնիկա՝ 482 միավոր,
  • նավեր և նավակներ՝ 3 միավոր,
  • անօդաչուներ՝ 7 միավոր։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 9-ի գիշերը՝ հակիրճ.

  • Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստան արտահանել ավիացիոն և տիեզերական արտադրանք ու տեխնոլոգիա, ինչպես նաև քրեական պատասխանատվություն սահմանել Մեծ Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի հետ կապված ցանկացած ինքնաթիռի թռիչքի կամ վայրէջքի համար։
  • ԴԺՀ իշխանությունները պնդում են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել 66 բնակավայր և հասել Զապորոժյեի մարզ։
  • ՌԴ ԿԲ-ն սահմանափակել է ռուսաստանցիների հաշիվներից արտարժույթի հանումը։ Այսուհետ հնարավոր կլինի հանել մինչև 10 000 դոլար, մնացածը՝ միայն ռուբլով։
  • Universal Music ձայնագրման ընկերությունն ու Condé Nast հրատարակչությունը դադարեցնում են իրենց բիզնես գործունեությունը Ռուսաստանում։
  • PepsiCo, Coca-Cola և Starbucks ընկերությունները հայտարարել են ՌԴ-ում իրենց գործունեության դադարեցման մասին։ McDonaldʼs-ը ժամանակավորապես փակում է իր բոլոր ռեստորանները՝ 850։
  • Ռուսաստանը հայտարարել է Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) Ուկրաինայի մի քանի բնակավայրերից հումանիտար միջանցքների ապահովման պատրաստակամության մասին։

10։51

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հայտնաբերվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի՝ 2022թ․ մարտին Դոնբասի վրա հարձակման նախապատրաստումը․ «Դեռևս հայտնի չէ՝ որքան խորն են ներգրավվել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Դոնբասի վրա հարձակման գործողության ծրագրման և նախապատրաստման մեջ։ Ուկրաինացի ազգայնականները պետք է ավարտեին մարտական համակարգումը մինչև փետրվարի 28-ը և մարտի սկզբին մասնակցեին Դոնբասի դեմ հարձակմանը»։ |tass.ru|

10:37

«Universal Music Group»-ը, հայտարարել է, որ դադարեցնում է բիզնես գործունեությունը Ռուսաստանում և փակում իր  բոլոր գրասենյակները։

10։35

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Անթալիայում ծրագրվում են բանակցություններ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի միջև։ |gazeta.ru|

10։19

Եվրոպական արդեն 4 երկիր՝ Լիտվան, Լեհաստանը, Էստոնիան և Գերմանիան, Ռուսաստանի պատերազմական հանցագործությունների հետաքննություն է սկսել։ [Ուկրաինայի գլխավոր դատախազ]

10։11

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Կիևի ժամանակով առավոտյան ժամը 9-ից (Երևանի ժամանակով 11։00- խմբ․) պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։ |bbc.com|

Թեմայի այլ նորություններ