«Ոտքդ կախ մի գցիր», իշխանություն. քաղաքական ուժերը արձագանքում են Նիկոլ Փաշինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

«Ոտքդ կախ մի գցիր», իշխանություն. քաղաքական ուժերը արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

«Ոտքդ կախ մի գցիր», իշխանություն. քաղաքական ուժերը արձագանքում են Նիկոլ Փաշինյանին

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ ԵԽ ընդունած բանաձևը եզակի է, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը դուրս բերել այն իրավիճակից, որը կա 2020 թվականից առ այսօր:

Իր դիրքորոշումը Սարգսյանը հայտնել է «Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին. Ռազմավարական նպատակ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ:

«Ես կարծում եմ, որ անվտանգային խնդիրները տարածաշրջանում միանշանակ սրվել են մանավանդ վերջին օրերին, և սա նաև անվտանգային տվյալ խնդրի լուծման բանալիներից մեկն է, ինչը Եվրոպան շատ արագ կազմակերպեց»,- նկատել է նա:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ նկատի ունենալով Ռուսաստանը, ՀՀ-ի սահմանները չի ճանաչել, չի ճանաչում, հետևաբար Հայաստանի ուղին դեպի Եվրոպա է:

«Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար, որովհետև հակառակ պարագայում իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»,- նշել է:

ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանին սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին նա արձագանքել է. «Անկախություն ունենալու ոչ ռիսկային տարբերակ գոնե Հայաստանի պարագայում չկա, որովհետև մենք Կենտրոնական Եվրոպայում չենք, և այդ առումով ռիսկեր կան բոլոր ուղղություններով: Իսկ ավելի ռիսկային չէ՞ այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը: ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նաև նկատել է՝ Ռուսաստանի հետ լինելու դեպքում ՀՀ-ի բոլոր սահմաններին կանգնելու են ռուս խաղաղապահները. ««Զվարթնոց»-ում կանգնելու են ռուս խաղաղապահները, Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևան են գնալու ռուս սահմանապահների վերահսկողությամբ ճանապարհով: Սա նշանակում է, որ Հայաստանը դե ֆակտո գոյություն չունեցող պետություն է դառնալու: Ինձ համար սա ամենամեծ ռիսկն է, չկա ավելի մեծ ռիսկ, քան սեփական պետականությունը կորցնելը: Մենք աչքի լույսի նման պետք է պաշտպանենք մեր անկախությունը, ամեն ինչ պիտի անենք, որ չհայտնվենք Բելառուսի, կամ, Աստված մի արասցե, Թաթարստանի կարգավիճակում»:

Հարցադրմանը, թե ի՞նչ վտանգների պետք է սպասել՝ հաշվի առնելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը, որ Երևանի ներկայիս քայլերը կարող են անուղղելի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին՝ Սարգսյանն ասել է՝ ՌԴ-ն էլ ի՞նչ պիտի անի, որ դեռ չի արել, էլ ի՞նչ պետք է պահանջի, որ մինչև հիմա չի պահանջել:

«ՌԴ-ն չի կարող մտնել ու անեքսիայի ենթարկել Հայաստանը, որովհետև դրա համար պետք է պատճառ ունենա: Ուկրաինայում հորինեցին նացիֆիկացի, որովհետև այնտեղ ազգությամբ ռուսներ են ապրում: ՀՀ-ում ապրող ռուսները Հայաստանի բարեկամներն են, դեմ են այդ ՌԴ-ին և չեն պահանջում, որ գա իրենց «փրկի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որին անընդհատ հրահրում են, նրանք թվաբանություն անել գիտեն, Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի որդին է, արտաքին քաղաքական կրթություն ունի, նրան էլ են Արևմուտքից առաջարկություն անում, նա էլ կշռում է՝ ում առաջարկությունը ինչ արժե, այս առումով էլ ռուսները չեն հաջողում: Այնպես որ մնում են միայն տնտեսական սանկցիաները, սակայն կարծում եմ՝ դրան չեն գնա, քանի որ այսօր մեր կարիքն ունեն»,- ասում է նա:

Միաժամանակ քաղաքական գործիչը ափսոսանք է հայտնում ռուս ժողովրդի համար, որ նման իշխանություն ունի. «Բայց դա իրենց խնդիրն է, մենք մեր ուղին տեսնում ենք եվրոպական ընտանիքում և ՀՀ իշխանություններին էլ ասում ենք՝ «ոտքդ կախ մի գցի», մենք պատրաստ ենք ամեն ինչում օգնել ու քո հետ միասին պատասխանատվություն վերցնել»:

Խոսելով Թուրքիայից և Ադրբեջանից հնչող «խաղաղասեր» հայտարարությունների և հարաբերությունները Հայաստանի հետ սերտացնելու մասին՝ Սարգսյանն ասել է՝ ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի վրա եվրոպական կապը կամ ազդեցությունը անհամեմատ ավելի մեծ է, քան ռուսականը, և այդ երկրների ղեկավարները որքան էլ ՀՀ-ի ոխերիմ թշնամիներն են, իրենց շահերը կշռել են կարողանում. «Ես համոզված եմ, որ Հայաստանի՝ եվրոպական ուղենիշ վերցնելը հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ դեպի խաղաղության տանելու հիմնական ճանապարհներից մեկն է»:

Անդրադառնալով պնդումներին, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալը վտանգավոր է Հայաստանի համար՝ Արամ Սարգսյանը հարց է հղել այդ տեսակետը պնդողներին, թե՞ ինչ է Ռուսաստանը տալիս Հայաստանին:

«Ռեալ առաջարկները եվրոպական երկրներից են՝ Արևմուտքից, Միացյալ Նահանգներից, ու սա պիտի լինի ՀՀ-ի զարգացման ճանապարհը: Այս տարբերակն է, որ ինձ հույս է տալիս՝ իմ զավակները, իմ թոռնիկները ապրելու են բարեկեցիկ կյանքով, եվրոպացու նման, չեն ճանաչելու, թե իրենց վարչապետն ով է, Էկոնոմիկայի նախարարը՝ ով, լավ կրթվելու են, առողջապահական լավ համակարգ են ունենալու, գնալու են երբ ու ուր ուզեն, իրենց անձնագիրը տեսնելիս մարդիկ ժպտալու են: Ես այսպիսի Հայաստան եմ ուզում»:

Նա նաև նկատել է՝ մարդիկ կան, որ այլ Հայաստան են ուզում, ասում են՝ խնդիր չէ, թող հարցերը լուծվեն, թեկուզ լինենք Միութենական պետության մեջ. «Կան այդպիսի մարդիկ, կոնկրետ 2-րդ նախագահը ուղիղ ասում է՝ ի տարբերություն մնացածի. թե դրանից Հայաստանը ի՞նչ է շահում, ոչի՛նչ, ՀՀ-ն կորցնում է, շահողը ի՛նքն է: Նրանց հետևից մարդ չի գնալու, որքան էլ փորձեն ղարաբաղցի մեր եղբայրների ու քույրերի մոտ գնալ. ամենաշատը նրանք են ռուսականացված եղել, սակայն իրենց աչքով են տեսել, թե ռուս զինվորը ոնց է ծիծաղում, երբ իրենք իրենց 3000 տարվա հայրենիքից դուրս են գալիս»:

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ համոզված է, որ Եվրամիության անդամության հեռանկարը համազգային, համաժողովրդավարական նպատակ և ռազմավարություն է. «Որից պիտի բխեն և ածանցվեն մեր բոլոր նպատակներն ու օրակարգերը, կլինի արտաքին, թե ներքին, և սա վերաբերում է և՛ քաղաքականությանը, և՛ տնտեսությանը, և՛ անվտանգային կոմպոնենտին»:

Նա շեշտել է, որ իրենց այստեղ գտնվելը ուղիղ ցույց է տալիս, որ այն օրակարգը, որով հայ ժողովուրդը գնաց փոփոխությունների 2018 թվականին, լայն քաղաքական համախոհություն ունի: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, վերացնելով այդ օրակարգը, «որբ» չի մնալու, և նրա անվտանգության երաշխիքը ինչ-որ իմաստով քաղաքական ուժերի լայն շրջանակի համախոհության մասին անընդհատ տեղեկացնելն է այն բոլոր պոտենցիալ սպառնալիքների և երկրների մասին, որոնք ուզում են ՀՀ-ում ահաբեկչությամբ իշխանության հարց լուծել:

«Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանն էլ տեսակետ է հայտնել, որ Հայաստանը պատմական օրեր է ապրում, և, կարելի է հստակ ասել, որ 200-ամյա ռուսական լուծը թոթափվում է հայ ժողովրդի ուսերից:

Միաժամանակ նա նկատել է, որ երբ Հայաստանը հանդգնում է քայլ կատարել դեպի Արևմուտք, այն անմիջապես ուղղորդվում է հստակ գործողություններով այն շրջանակների կողմից, որոնց անվանում են «5-րդ շարասյուն». «Իհարկե, իրենք հոգեկան հիվանդ չեն, դրանք ցինիկ, նենգ, ստոր մարդիկ են, ովքեր շատ լավ գիտակցում են, որ կատարում են թշնամու պատվերը: Անշահախնդիր չեն. տարիներ շարունակ իրենք և իրենց տերերը չարաշահում և շահագործում էին արցախահայության խնդիրը և ազգի այդ մասի ճակատագիրը, հիմա չեն ամաչում շարունակել խաղալ այդ մարդկանց ճակատագրի հետ: Ցավոք, հասարակության որոշ մասը տրվում է այդ գայթակղությանը: Մեր դեմ վարվում է պատերազմ, և ժամանակակից պատերազմը սկսվում է հենց տեղեկատվականով: Սա պրոքսի պատերազմ է»:

Խզմալյանը վերհիշել է «Հոկտեմբեր 27»-ի ահաբեկչական ակտը՝ ասելով. «Թե ինչի է ունակ ՌԴ-ն, դրա վկայությունն է Արամ Սարգսյանի ավագ եղբոր ողբերգական ճակատագիրը. քիչ մարդ կա, ով կասկածում է, որ դա ռուսական հատուկ ծառայությունների գործողությունն էր: Իսկ երբ ասում են՝ Ուկրաինայի ճակատագրին կարժանանաք, իսկ 2020 թվականը, որ ուկրաինական մեծ պատերազմից առաջ էր, նույն ճակատագիրը չէ՞ր մեզ համար, էլի՞ ինչ-որ բան է պետք: Հենց այդ պատճառով, որ ՌԴ-ն իր անվտանգային երաշխիքները սպառնալիքներով է մեզ առաջարկում, մենք պետք է հասկանանք, որ չենք կարողանա միայնակ դիմակայել դրան, ոչ մի ֆիդայական հերոսական ջանք չի փրկի մեզ, եթե մնանք միայնակ ու մեկուսացված: Օր առաջ, ժամ առաջ պետք է մտնենք ռազմաքաղաքական նոր դաշինքի մեջ, որը մեզ վաղուց առաջարկում էին»,- պնդել է նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԽ ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա՝ ակնկալելով արձագանքներ:

Թեմայի այլ նորություններ