Հրազդանում և Էջմիածնում կայացել են Կառավարության, ԱԺ-ի ու ՏԻՄ ներկայացուցիչների հերթական հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հրազդանում և Էջմիածնում կայացել են Կառավարության, ԱԺ-ի ու ՏԻՄ ներկայացուցիչների հերթական հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Հրազդանում և Էջմիածնում կայացել են Կառավարության, ԱԺ-ի ու ՏԻՄ ներկայացուցիչների հերթական հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակաբար գտնվում են ՀՀ իշխանությունների ու ԱԺ պատգամավորների ուշադրության կենտրոնում։ Հրազդան և Էջմիածին քաղաքներում կայացել են հերթական հանդիպումները՝  մարզպետների, համայնքների ղեկավարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցչի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի ու ԱԺ պատգամավորների մասնակցությամբ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը մանրամասներ ներկայացրեց այդ հանդիպումներից։   

«ԱԺ պատգամավորներից ու գործադիր մարմնի ներկայացուցիչներից կազմված խումբը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Հրազդանում հանդիպումը կայացավ տեղի հանրակրթական դպրոցներից մեկում։ Բարձրաձայնված հիմնական հարցերը վերաբերում էին բնակարանային ապահովման ծրագրին, ու քանի որ հիմա այն դեռ մշակման փուլում է, ուստի նրանց առաջարկները շատ կարևոր են, որպեսզի կարողանանք այդ ծրագիրը դարձնել ավելի համապարփակ, և բոլորը կարողանան դրանից օգտվել։ Իսկ Էջմիածնում հանդիպումը կայացավ Մշակույթի տանը։ Այնտեղ հարցերը մի փոքր տարբերվում էին՝ առնչվելով հիմնականում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտությանը։ Շատերը հակված են այն մտքին, որ երկար պահեն բռնի տեղահանվածի կարգավիճակը, որպեսզի կարողանան օգտվել տարատեսակ աջակցություններից։ Բայց այդ մտածելակերպը սխալ է, քանի որ բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը չեն դադարեցվի և նրանք նույնիսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում կշարունակեն օգտվել այդ ծրագրերից»,- տեղեկացրեց Ղազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ մեր հայրենակիցների հետ հանդիպում են բոլոր անհրաժեշտ կառույցների ներկայացուցիչները, ովքեր կարող են համապարփակ կերպով պատասխանել նրանց հուզող հարցերին։

«Թեև պատգամավորները տարբեր ձևաչափերով ունենում են հանդիպումներ բռնի տեղահանվածների հետ, բայց վերոհիշյալ ձևաչափը տարբերվում է, քանի որ ավելի ներկայացուցչական է։ Մեզ հետ զրույցներում կան նաև մարդիկ, ովքեր, կարծես, վերջնագիր են ներկայացնում, որ եթե իրենց հուզող հարցերը շուտափույթ կերպով չլուծվեն և իրենք կարճ ժամանակում աշխատանք չգտնեն, ապա կհեռանան Հայաստանից։ Գլխավորապես, ցանկանում են մեկնել Ռուսաստան։ Բայց պետք է նշեմ, որ արտերկիր մեկնելուց հետո շատերը վերադառնում են, իսկ առհասարակ մեր հայրենակիցների 90 տոկոսը ցանկանում է մնալ այստեղ, գտնել աշխատանք ու հարմարվել պայմաններին։ Էջմիածնում նույնիսկ բարձրացնում էին գյուղատնտեսական ոլորտի հարցեր, ցանկանում էին իմանալ, թե ինչպես կարող ենք իրենց աջակցել, որպեսզի զբաղվեն հողագործությամբ և այդ կերպ հոգան իրենց առօրյա հոգսերը»,- նշեց պատգամավորը։

Ղազարյանը հավաստիացրեց, որ խնդիրների լուծման դինամիկան դրական է, հանդիպումների ժամանակ իրենց մոտենում են բազմաթիվ մարդիկ և դիմում անձնական խնդիրներով, և պատգամավորները փորձում են դրանց տալ համարժեք լուծումներ, իսկ թիրախային հարցերին արդեն պատասխանում են առանձին ոլորտների ներկայացուցիչները։

«Մարդիկ հիմնականում տեղյակ չեն աջակցության ծրագրերի մանրամասներից։ Մի մասն օգտվել է, սակայն կան բռնի տեղահանվածներ, ովքեր դուրս են մնացել ցուցակներից կամ տեղն են փոխել ու չեն գրանցվել։ Նման խնդիրները նույնպես լուծելի են։ Հանդիպումներին գալիս են գլխավորապես միջին տարիքի անձինք և հիմնականում նրանք են մեզ հարցեր ուղղում։ Ծնողները ներկայացնում են նաև իրենց երեխաների խնդիրները։ Երիտասարդներն այդքան էլ ակտիվ չեն շփման առումով, թեև ուշադրությամբ լսում են քննարկումները։ Նրանց համար, ովքեր դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու, գործում է հեշտացված ընթացակարգ, հարցը լուծվում է մոտ մեկ ամսում, պարզապես անձնագրային բաժանմունքներում տեխնիկական խնդիրներ են առաջանում հերթերի պատճառով, իրավիճակն այդպիսին է հատկապես քաղաքամերձ բնակավայրերում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե բռնի տեղահանված մեր հայրենակիցները ցանկանու՞մ են արդյոք վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և արդյո՞ք բարձրացնում են փոխհատուցման հարց իրենց բռնազավթված կամ ոչնչացված գույքի դիմաց, Ղազարյանը պատասխանեց, որ խոսակցությունների ընթացքում առաջանում է որոշակի անհամաչափության խնդիր։

«Մեզ հետ զրույցներում մեր հայրենակիցներից ոմանք նշում են, որ թեև իրենց բնակարանային աջակցության ծրագրով ՀՀ տարբեր մարզերում բնակվելու համար առաջարկվում է 3-5 միլիոն դրամ, բայց մեկն, օրինակ, ասում էր, որ ունեցել է ավելի մեծ տուն Ստեփանակերտում։ Պետական ծրագրերով փորձ է արվում աջակցել նրանց, ովքեր արդեն հաստատվել են Հայաստանում, հարմարվել են պայմաններին և ուզում են բնակարան ձեռք բերել ՀՀ-ում։ Իրենց խոսքում մեր հայրենակիցներից ոմանք նշում են, որ կցանկանային վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, սակայն այդ ձգտումը նկարագրում են երազանքի տեսքով։ Շատերն ուզում են մնալ այնտեղ, ուր արդեն հաստատվել են»,- ասաց ԱԺ Պատգամավորը։

Թեմայի այլ նորություններ