Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Արարատ 13°C
    78%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին

Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին

2021 թ. սեպտեմբերի 14-ը, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարի խոսքով, նշանավոր օր է Ուկրաինայի և Հայաստանի համար, քանի որ երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվեցին՝ ինչպես կարելի է բարելավել փոխշահավետ համագործակցությունը, ինչպես բարելավել մարդկանց կյանքի որակը և ավելի լավ ապագա ստեղծել Ուկրաինայի և Հայաստանի համար: Այդ մասին Մարինա Լազեբնայան հայտարարեց միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը տեղեկացրեց, որ իր հետ մեծ պատվիրակություն է եկել, որի մեջ ընդգրկված են պաշտոնյաներ տարբեր նախարարություններից և գերատեսչություններից՝ ներառյալ էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բժշկությունը, կրթությունը և մշակույթը: Այս համատեքստում նա ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքը կարևոր դերն ու կշիռը ինչպես երկրում ընդհանրապես, այնպես էլ՝ հայ-ուկրաինական հարաբերություններում:

«Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շեշտը դնել նաև սոցիալական ոլորտի վրա, քանի որ Ուկրաինայում շատ մեծ հայկական սփյուռք կա, և նրանք նույնպես ուշադիր հետևում են՝ ինչ է արվում մեզ մոտ՝ Ուկրաինայում: Եվ ես վստահ եմ, որ նրանք կուզենային, որ մենք ավելի շատ համագործակցենք և ավելի շատ զարգացնենք մեր հարաբերությունները և որ մեր համաքաղաքացիները գոհ լինեն կյանքի որակից ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում», - ասաց ուկրաինացի նախարարը:

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ստորագրված ընդարձակ փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, սոցիալական քաղաքականություն, թվային տրանսֆորմացիա և մի շարք այլ բնագավառներ:

«Կարծում եմ, որ մեր կողմից ստորագրված արձանագրությունը շատ լավ մեկնարկային կետ կլինի երկկողմ հարաբերությունները էապես բարելավելու համար», - մեկնաբանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բացի այդ, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն  ստորագրեցին «Հուշագիր Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի միջև հեռուստատեսության, ռադիոհաղորդակցության կարգավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին ելույթներով հանդես էին եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան: Իր խոսքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ լավ նախադրյալներ կան հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար: Իսկ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը ասել էր, որ Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ այժմ լավ հնարավորություններ են ստեղծվել երկկողմ առևտրաշրջանառության աճ ապահովելու համար, և այդ հնարավորությունները չի կարելի ձեռքից բաց թողնել:

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան:

Նախորդ անգամ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ տեղի էր ունեցել 8 տարի առաջ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թթ. տատանվել է 109.8-243.5 մլն ԱՄՆ դոլարի տիրույթում, այդ թվում՝ արտահանումը՝ 6.2-26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8-232.4 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020 թ. կազմել է 148.5 մլն ԱՄՆ դոլար: 2021 թ. հունվար-հունիսին Հայաստանի առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով:

Թեմայի այլ նորություններ