Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է.

«

Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,

Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:

Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:

Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:

Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:

Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:

Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:

Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:

Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:

2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:

Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:

Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:

Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:

Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:

Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է.

«

Հարգելի հայրենակիցներ,

Սիրելի զինվորներ և սպաներ,

Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը:

Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և' հաղթանակի բերկրանք, և' կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար:

Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայորդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ:

Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը:

Սիրելի զինվորներ ու սպաներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, տոկունություն և ամուր կամք»:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։

Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ և ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:

Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, և առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության և բարեփոխված զինված ուժերի։ Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։

Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին»:

Թեմայի այլ նորություններ