Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները․
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25205
  • Դոլար = 387.927

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները․

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ապրիլի 27-ին ևս  հանրապետության տարբեր հատվածներում շարունակել են ակցիաները և իրազեկման երթերը:

Մասնավորապես, վաղ առավոտից ՀՀԿ երիտթևի անդամները պաստառներով բարձրացել են Ազգային ժողովի շենքի դիմացի աստիճաններին` արտահայտելով իրենց պահանջները։

Երևանի կենտրոնում մի խումբ քաղաքացիներ Արցախի և Հայաստանի դրոշներով շրջել են փողոցներով և կոչ են արել ուսանողներին միանալ պայքարին:

Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտից նրանք կոչերով հասան Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, շրջեցին համալսարանի ներսում, փակեցին Թումանյան փողոցը: Ակցիային միջամտեցին իրավապահները:

Գրեթե զուգահեռ` Հանրապետական կուսակցության անդամներն ու համակիրներն էին քայլերթ անում: Դատախազության շենքի առջև էլ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատներն էին հավաքվել: Իրավապահ կառույցն այսօր պաշտոնապես տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցում է տրվել զինվորներին` տուժող, իսկ նրանց հարազատներին` տուժողի իրավահաջորդ ներգրավել դեռ 2020-ից քննվող քրեական գործով:

Իշխանության քայլերի հետ անհամաձայնության գործողությունների վերաբերյալ իրազեկման ակցիաների հետ մեկտեղ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժերը, նաև քայլերթներ են անում տարբեր մարզերից դեպի Երևան:

Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթ իրականացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ խոստանում են մայիսի 1-ին անպայման ներկա գտնվել Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Կեսօրին արդեն «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ անցկացրել են հակագազերով բողոքի ակցիա: Ակցիայի ընթացքում 11 քաղաքացի բերման են ենթարկվել:

«5165 շարժման» անդամները ևս շարունակում են իրազեկման ակցիաները Երևանի տարբեր մասերում։ «Համախմբվենք հանուն Հայաստանի և Արցախի» և այլ պաստառներով շարժման անդամները քաղաքացիներին կոչ են արել անտարբերություն չցուցաբերել այս օրհասական վիճակում։

Օրվա ընթացքում ընդդիմությունը նաև Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա էր անցկացնում` փակելով փողոցները: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման էր ենթարկվել 52 անձ: Մի խումբ քաղաքացիներ նաև փորձել են խաթարել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը, սակայն ոստիկանության ծառայողների միջնորդությամբ այն շուտով վերականգնվել է:

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ևս ակցիա են իրականացրել:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում, հայտարարել էր, որ իրենց պայքարի վճռական փուլին չեն անցել և ամեն ինչ դեռ առջևում է:

Ըստ «Հայրենիք» կուսակցության նախագահի` առաջիկայում մեկնարկելու է պայքարի հաջորդ փուլը և հենց այդ փուլում ներկայացնելու են իրենց ծրագրերը և անելիքները:

Երեկոյան «Հայաստան» դաշինքը երթ անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակից։

 «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ իր աջակիցների հետ է քայլերթ է արել Երևանի կենտրոնով:

Երևանում երեկոյան բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հարվածել վերջինս, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Որոշ ցուցարարներ էլ Մարտիրոսյանի ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել:

Նա նշել է, որ այդ հատվածում կանգնած է եղել: Իսկ թե ինչի՞ համար են հարձակվել, ասել է, որ չգիտի:

«Ես ոստիկանների կողքին կանգնած էի, պայմանավորված էի, մարդու էի սպասում: Կասեմ, որ Հայաստանում մտքի ու խոսքի ազատություն չկա»,- նշել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ ընդդիմադիրներին զսպել և միջադեպը կանխել են տեղում կարգը պահող ոստիկանները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս միջադեպ էր արձանագրվել Երևանում քաղաքական հայացքների համար հաշվեհարդար տեսնելու: Ոմն Գրիգոր Հարությունյան, որը ընդդիմադիր հայացքներ ունի, սպառնացել և հարվածել էր քաղաքացի Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր, ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել:

Այսօր ցուցարարների երթուղին անցավ Մաշտոցի պողոտայով, Պռոշյան փողոցով, Բաղրամյանով, իսկ վերջնակետը՝ կրկին Ազատության Հրապարակն էր:

Թեմայի այլ նորություններ