Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 8 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    15 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 12°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    67%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    41%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    15 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    49%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 8 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 8 (թարմացվող առցանց լուսաբանում)

23:23

Մեծ Բրիտանիան ևս պատժամիջոցներ է սահմանել Ալիշեր Ուսմանովի և Իգոր Շուվալովի նկատմամբ։

23:11

ԱՄՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասնյակ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ։

Դրանց շարքում են գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Արկադի և Բորիս Ռոտենբերգները, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ВЭБ բանկի ղեկավար Իգոր Շուվալովը, Ռոստեխի նախագահ Սերգեյ Չեմեզովը։ 

Ընդհանուր առմամբ, «ռուսաստանցի 19 օլիգարխ, նրանց ընտանիքներից և փոխկապակցված 47 անձ»։

22:56

Ոստիկանությունը ժամանել է «Дождь»-ի խմբագրություն։

Նրանցից մեկը համազգեստով է, մյուսը՝ քաղաքացիական հագուստով։ Ինչպես հայտնում է հեռուստաընկերությունը, ոստիկանները բերել էին երկու զգուշացում ԶԼՄ-ների միջոցով ծայրահեղական նյութերի տարածման անթույլատրելիության վերաբերյալ։

Զգուշացման մեջ նշվում է «Дождь»-ի յութուբյան ալիքի հասցեն, սակայն նշված չեն կոնկրետ նյութերը։

«Дождь»-ը ենթադրում է, որ դա նշանակում է հեռուստաընկերության յութուբյան ալիքի ամբողջական ջնջում։

 

22:51

Բրիտանական The Economist-ի նոր համարի շապիկը։

22:45

Ռուսական զինծառայողները գրավել են Խերսոնի հեռուստաաշտարակը։

Այդ մասին հայտնում է Խերսոնի մարզի ղեկավար Գենադի Լագուտան։ Նա մարզի բնակիչներին զգուշացրել է «իբր ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և կապիտուլյացիայի» վերաբերյալ ապատեղեկատվության տարածման հնարավորության մասին։

22:20

Հրապարակվել է նաև Մեդինսկու և Սլուցկիի ճեպազրույցը։

22:16

Հրապարակվել է Ուկրաինայի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի մեկնաբանությունը լրատվամիջոցների համար։

22:12

Բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները մեկ լուսանկարում։

22:08

Reuters գործակալությունը դրոնով նկարահանել է, թե ինչ տեսք ունի Կիևի մարզի Բորոդյանկա գյուղը։ Մի քանի օր գյուղը հրթիռակոծվում էր։

22:03

Интерфакс-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ հաջորդ շաբաթվա սկզբին։ Ենթադրվում է, որ այդ հանդիպումը ևս կկայանա Բելառուսում։

21:57

Ռուսական պատվիրակությունը ևս հաստատել է ժամանակավոր հրադադարի և բանակցությունների երրորդ փուլի հավանականությունը։

Նման հայտարարությամբ հանդես է եկել ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Պատվիրակության մեկ այլ անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին նշել է, որ առաջիկա օրերին կընթանա բանակցությունների երրորդ փուլը։

21:46

Բելառուսի Բրեստի մարզում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։

Ինչպես պատմել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, կողմերը պայմանավորվել են ստեղծել խաղաղ բնակիչների դուրսբերման համար հումանիտար միջանցք։

Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն երրորդ փուլով՝ մաքսիմալ մոտակա ժամկետներում։

21:33

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցով պետական ծառայությունը հայտնում է, որ Չեռնիգովի հրթիռակոծության պատճառով զոհերի թիվը հասել է 33-ի։ Փլատակների տակից հանվել է 18 վիրավոր։ Հիմա աշխատանքները դադարեցվել են հրթիռակոծության պատճառով։

21:29

Հիմա էլ Ռոսկոմնադզորը պահանջներ ունի Telegram-ի նկատմամբ։

Ռուսական գերատեսչությունը ընկերությունից պահանջում է ջնջել այն ալիքները, որոնք տեղեկատվություն են առաջարկում գերեվարված կամ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակից ռուսաստանցի զինծառայողների մասին։ 

21:22

Այդ ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Վլադիմիր Պուտինին։

«Ի՞նչ տամ։ Ի՞նչ ես դու մեզնից ուզում։ Հեռացի՛ր մեր երկրից։ Չես ուզում հիմա գնալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանին, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր։ Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ։ Նստիր ինձ հետ խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչներ չենք։ Մենք բանկեր չենք գրավում, ուրիշի հողեր չենք նվաճում»։

21:13

Իր ելույթի վերջում Պուտինն առաջարկեց հարգել «հատուկ գործողության» ժամանակ զոհվածների հիշատակը։

Դրանից հետո հեռարձակումն ավարտվեց, իսկ Անվտանգության խորհրդի նիստը շարունակվեց փակ ռեժիմով։

21:08

Վլադիմիր Պուտին. «Հատուկ գործողությունն ընթանում է պլանին, նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են»։

20:59

Պուտինը հայտարարել է, որ «Ուկրաինայում ազգայնականները և օտարերկրյա վարձկանները թաքնվում են խաղաղ բնակչության հետևում որպես կենդանի վահան»։ «Ուկրաինայի զինված ուժերը և ազգայնականները չինացի և հնդիկ ուսանողներին գերի են պահում»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ Ուկրաինայում «նեոնացիստները գործում են այնպես, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիստները»։

20:56

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում։ 

Նա հայտարարել է, որ հրաման է ստորագրել Ուկրաինայում զոհված Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչման արժանացնելու համար։

20:41

Չեռնիգովում փլատակների տակից հանել են 22 մարմին

Չեռնիգովում հարվածների պատճառով փլատակների տակ են հայտնվել խաղաղ բնակիչներ։ 

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փլատակների տակից հանել են 22 զոհի մարմին։

 

20:16

Ռուսական «Дождь» հեռուստաընկերության եթերի դադարեցման վերջին հատվածը։ Նատալյա Սիդնեևան հայտարարում է «Дождь» հեռուստաընկերության աշխատանքի դադարեցման մասին։

20:11

Իսպանական Mango հագուստի և աքսեսուարների ցանցը հայտարարել է Ռուսաստանում իր խանութների և առցանց խանութի ժամանակավորապես փակման մասին։

20:02

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեախոսազրույց են ունեցել։ Ահա, թե ինչ են խոսել կողմերը, ըստ Ելիսեյան պալատի աղբյուրի և Կրեմլի պաշտոնական հաղորդագրության։

Ելիսեյան պալատ՝

  • Ելիսեյան պալատում համոզվել են Ռուսաստանի առաջնորդի՝ «ռազմական գործողությունների շարունակման» վճռականության մեջ։ Ըստ Ելիսեյան պալատի զրուցակցի՝ հեռախոսազրույցը կայացել է Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։
  • Մակրոնը Պուտինին խնդրել է «չստել» և հայտարարել, որ «ուկրաինացիները չեն հանձնվի» և որ «անհնար է պայմանավորվել ատրճանակը ճակատին»։ Մակրոնը Պուտինին հրադադարի կոչ է արել։
  • Պուտինը բացատրել է Ուկրաինայում «ռուսական գործողության» նպատակները, հիշել «ապանացիֆիկացման» մասին և հայտարարել, որ տեղի ունեցող իրադարձություններում «Արևմուտքն ունի պատասխանատվության մեծ բաժին»։
  • Պուտինը Մակրոնին հայտնել է ուկրաինացիների կողմից «հումանիտար իրավունքի խախտման» գործող դեպքերի մասին։
  • Պուտինը, խոսելով «ենթակառուցվածքների դիպուկ խոցման մասին», «հերքել է Կիևի և Ուկրաինայի մյուս քաղաքների ռմբակոծումը»։
  • Պուտինն ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, բայց եթե «ցանկացածին» չհասնի դիվանագիտական ճանապարհով, դա կանի ռազմական ճանապարհով։ «Ոչ մի արդյունք դեռևս ձեռք չի բերվել, բայց կարելի է խոսել վատագույնի մասին»,- նշում են Ելիսեյան պալատում։

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝

  • Պուտինը Մակրոնին ասել է, որ Կիևի հրթիռակոծությունն ու ռմբակոծությունը «հակառուսական ապատեղեկատվական արշավի տարրեր են»։
  • Պուտինը սպառնացել է, որ Կիևի կողմից բանակցությունների ձգձգումը կհանգեցնի նրան, որ «ռուսական բանակցային դիրքերում Կիևի նկատմամբ ի հայտ կգան լրացուցիչ պահանջներ»։
  • Պուտինը խոստացել է, որ «ռազմական գործողության» նպատակները կիրագործվեն ցանկացած դեպքում։
  • Պուտինը չի համաձայնվել Մակրոնի հետ այն հարցում, որ վերջինս սուտ է անվանել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում նացիզմի դեմ պայքարը և «տվել փաստարկված մեկնաբանություն Կիևի պետական քաղաքականության մեջ նեոնացիստների էական դերի վերաբերյալ»։
  • Պուտինը Մակրոնին առաջարկել է օգնել ապահովել Ուկրաինայից օտարերկրացիների տարհանմանը։ Կրեմլում հայտնել են, որ Մակրոնը «խոստացել է Կիևի ղեկավարության հետ համապատասխան աշխատանք անցկացնել»։

19:42

Էներգոդարի անցակետի մոտ շարունակվում են մարտերը։

Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել է քաղաքի մուտքի մոտ գտնվող անցակետի շրջանում մարտերի մասին։ Նրա խոսքով՝ մի քանի տուն տուժել է։ Վիրավորների թիվը ճշտվում է։

19:11

Մոսկվա-Երևան թռիչքն իջեցվել է Միներալնիե Վոդիի օդանավակայանում։

Այսօր կեսօրին Ուրալյան ավիաուղիների Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռն իջեցվել է Միներալնիե Վոդիի օդանավակայանում։ Ինչպես նշում է «Можем объяснить» տելեգրամյան ալիքը, ուղևորները դա բացատրել են նրանով, որ «Հայաստանը հենց նոր է միացել պատժամիջոցներին»։

«Հավանաբար խոսքը գնում է օդանավերի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Լիզինգային ընկերությունները, որոնք եվրոպական և ամերիկյան ինքնաթիռները փոխանցել էին ռուսական ավիաընկերություններին, հիմա ստիպողաբար վերադարձնում են դրանք։ Այս դեպքում մարդկանց հետ միասին»,- նշում է տելեգրամյան ալիքը։

19:03

Բելովեժյան թավուտում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։

18:56

Չեռնիգովի մարզի իշխանությունները պնդում են, որ ռուսական ավիացիան հարձակվել է Չեռնիգովի երկու դպրոցների և բնակելի տների վրա։

Մարզային իշխանությունների փոխանցմամբ՝ այս պահին հայտնի է 9 զոհերի և 4 վիրավորների մասին։

18:41

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը մրցանակ է հայտարարել «ուկրաինական ազգայնականների հրամանատարների գլուխների համար»։

18:28

«Дождь» հեռուստաընկերությունը հայտարարել է աշխատանքի ժամանակավորապես դադարեցման մասին։

Նման հայտարարության է արել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սիդնեևան։

18:15

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • Ուկրաինա վարձկանների ուղարկման համար ԱՄՆ-ում և մյուս երկրներում ծավալվել է մասշտաբային քարոզչական արշավ։ «Օտարեկրյա պետությունների քաղաքացիներին, որոնք պատրաստվում են մեկնել կռվելու Կիևի ազգայնական վարչակարգի համար, կոչ ենք անում յոթ անգամ մտածել մեկնելուց առաջ»։
  • Ուկրաինայի համար կռվող վարձկանները ռազմագերու կարգավիճակ ունենալ չեն կարող։ Լավագույն դեպքում նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության։
  • ԴԺՀ և ԼԺՀ ուժերը վարում են հաջող հարձակում։

18:04

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելովեժյան թավուտ, որտեղ նախատեսված է ռուսական կողմի հետ բանակցությունները։ ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուկրաինացիները ժամանել են ուղղաթիռով։

17:57

Գերագույն ռադան օրենք է ընդունել Ուկրաինայում ռուսական սեփականության բռնագրավման վերաբերյալ։

  • Փաստաթուղթը նախատեսում է ռուսական իրավաբանական անձանց սեփականության և ֆինանսերի ազգայնացում,
  • Բռնագրավման ենթակա օբյեկտների ցանկը սահմանում է կառավարությունը,
  • Բռնագրավման վերաբերյալ որոշումը կիրագործվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից՝ կառավարության խնդրանքով։

17:52

Մոսկվացիների արձագանքը Ռուսաստանում IKEA-ի փակմանը։

17:46

IKEA-ն հայտարարել է, որ արդեն մարտի 4-ից Ռուսաստանում իր բոլոր խանութները կփակվեն։

17:09

Դնեպրի ջրերը սկսել են լցնել Հյուսիս-Ղրիմական ջրանցքը։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Նախորդ շաբաթ ռուսական բանակը պայթեցրել էր պատվարը, որը փակում էր ջրի մուտքը դեպի ջրանցք։ Մինչև 2014 թվականը Հյուսիս-Ղրիմական ջրանցքն ապահովում էր Ղրիմ թերակղզու բնակչության խմելու ջրի պահանջների 85 %-ը։ Ղրիմի Ռուսաստանին միանալուց հետո՝ Ուկրաինայի Խերսոնի մարզի իշխանությունները պատվարով փակեցին ջրանցքի հունը։

17:06

Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրում է Ուկրաինային հատկացնել 10 միլիարդ եվրո

Ջո Բայդենի վարչակազմը ԱՄՆ կոնգրեսից խնդրում է Ուկրաինային հատկացնել 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ակնկալվում է, որ որոշումը կընդունվի մինչև մարտի 11-ը ներառյալ։

17:04

Համացանցում տեսանյութ է հրապարակվել մի քանի օր առաջ Գոստոմելի օդակավակայանում տեղի ունեցած մարտերից։

Հենց այս օդանավակայանում էր տեղակայված աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Ан-225-ը։

Օդանավակայանը ներկայումս գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

 

16:52

Ուկրաինայի ազգային բանկ. Ուկրաինային միջազգային օգնությունը գերազանցել է 15 միլիարդ դոլարը

«Մեր գնահատականներով, գումարային առումով, միջազգային ֆինանսական, տեխնիկական և հումանիտար աջակցությունը հասնում է ավելի քան 15 միլիարդ դոլարի, որից ավելի քան 5 միլիարդը ուղղակիորեն բյուջե»,- հայտարարել են Ազգային բանկից։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի աջակցության համար բացված հատուկ հաշվին փոխանցվել է ավելի քան 6 միլիարդ գրիվնա կամ մոտ 299 միլիոն դոլարով։ Դրանցից 1,6 միլիարդ գրիվնան բանկն ուղղել է զինվորականների կարիքներին։

16:43

Ուկրաինական կողմը պնդում է, որ իրենց վերահսկողության տակ է վերադարձել Կիևի մարզի Բուչա քաղաքը։ Համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որոնք ևս վկայում են այդ մասին։

 

16:37

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է ռուսական կողմի հետ բանակցությունների։

 

16:32

Չելյաբինսկում փակ դագաղով թաղել են տանկիստ Կոնստանտին Գլուշկովին, որն զոհվել է Ուկրաինայում։ Կոնստանտինն ամուսնացած էր և ուներ երեք երեխա։ Новая газета-ն գրում է, որ թաղմանը մասնակցել է մոտ 400 մարդ։ Նրան թաղել են զինվորական պատվով, բայց առանց նվագախմբի։ 

16:22

Շկոդան դադարեցնում է Ռուսաստանի տարածքում ավտոմեքենաների արտադրությունը։

16:12

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկատվություն է տարածել.

  • Հումանիտար աղետ է առաջանում Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումիում,
  • ՌԴ ԶՈւ-ն լռության ռեժիմ է սահմանում Ուկրաինայից հումանիտար միջանցքներով մարդկանց տարհանման համար,
  • Ուկրաինացի ազգայնականները խոչընդոտում են Խարկովից Հնդկաստանի, Վիետնամի և Չինաստանի ավելի քան 6000 քաղաքացիների տարհանմանը։

16:03

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է Չեռնիգովի բնակելի թաղամասերի ուղղությամբ հարվածների մասին։

15:48

Ալեքսեյ Վենեդիկտովը «Эхо Москвы»-ի փակման մասին

«Ես որևէ տեղ չեմ մեկնում, ես չունեմ որևէ բաց վիզա, ես շարունակում եմ աշխատել, որովհետև կարծում եմ, որ դա իմ իրավունքն է։ Մենք ոչինչ չենք խախտել»։

Մարտի 3-ին, ավելի վաղ, Ռուսաստանից հեռանալու մասին հայտարարել էր Republic-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Կոլեզևը։

15:18

IKEA-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։

14:54

Ռուսաստանի մեկուսացում տեղի է ունենում նաև տիեզերքում։

  • Բրիտանական OneWeb-ը դադարեցնում է Բայկոնուրի տիեզերակայանից իր արբանյակների արձակումը,
  • Ռոսկոսմոսը այլևը արձակումներ չի իրականացնի Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից,
  • Ռոսկոսմոսը դադարեցնում է նոր հրթիռային շարժիչների մատակարարումը ԱՄՆ և նախկինում իրականացված մատակարարումների տեխնիկական սպասարկումը,
  • Ռոսկոսմոսի առաջնահերթությունը կդառնա պաշտպանական նպատակներով արբանյակների ստեղծումը։

14:39

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Ուկրաինայում զոհվել է գեներալ-մայոր Ալեքսեյ Սուխովեցկին։ Նա ավելի վաղ 7-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի հրամանատարն էր, որը տեղակայված էր Նովոռոսիյսկում, իսկ 2021 թվականի նոյեմբերին նշանակվել էր ՌԴ զինված ուժերի 41-րդ բանակի հրամանատարի տեղակալ։

14:25

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ լուրերը կեղծ են,
  • «Эхо Москвы»-ն օրենք է խախտել, իսկ փակման մասին որոշումը կայացրել է սեփականատերը,
  • Ռուսական պատվիրակությունն ուկրաինացի բանագնացներին սպասում էր դեռ երեկ, բայց նրանք չեն շտապում։

14:17

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա այսօր

Այն կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) Բելառուսի Բրեստի մարզում։ Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Բանակցությունների վայրի և օրվա տեղափոխման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

13:58

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նոր տեսաուղերձի հիմնական մտքերը.

  • «Մեր պաշտպանության բոլոր գծերը պահպանված են։ Ռազմավարական ուղղություններից և ոչ մեկում թշնամին հաջողություն չունի»,
  • «Մենք կվերականգնենք յուրաքանչյոր տուն, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք։ Եվ ասում ենք Ռուսաստանին. սովորեք «ռազմատուգանք» բառը։ Դուք կփոխհատուցեք այն ամենի համար, ինչ արել եք Ուկրաինայի դեմ»,
  • «Չկա այնպիսի զենք, որը օգտագործած չլինեն ուկրաինացիների դեմ։ Իսկ հիմա դուք դուրս եք գալիս ու ձեր քարոզիչներին պատմում, որ դուք պատրաստվում եք Ուկրաինա ուղարկել այսպես կոչված «հումանիտար շարասյուներ»»,
  • «Յուրաքանչյուր վարձու աշխատակից, յուրաքանչյուր ձեռնարկատեր, մեր յուրաքանչյուր քաղաքացի, որից Ռուսաստանը խլել է աշխատելու հնարավորությունը, առանց ինչ-որ նախապայմանների կստանա 6500 գրիվնա»,
  • «Չնայած պատերազմին, մենք ապահովում ենք կենսաթոշակի ամբողջական վճարում։ Ինդեքսավորված կենսաթոշակ։ Ինչպես դա պետք է օրենքով լինի։ Մարտի 1-ից ուկրաինացիների համար կենսաթոշակները կինդեքսավորվեն 14 %-ով»,
  • «Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորներին, որոնք ժամանում են մեր երկիր։ 16 հազարից առաջիններին»։

13:47

Մտքեր ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցից։

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան այսօր։ Ես չեմ կասկածում, որ լուծում կգտնվի։ Բայց չնայած բանակցություններին, մենք շարունակում ենք մեր ռազմական գործողությունը։ Ուկրաինացիները ցուցումներ են ստանում Վաշինգտոնից և սադրանքներ պատրաստում։ ԱՄՆ-ն իրեն է ենթարկել Եվրոպային, ինչպես ժամանակին Նապոլեոնը կամ Հիտլերը։ Արևմուտքը չի լսում Ռուսաստանին, բայց հիստերիան կանցնի։ Ուկրաինայի ապագայի հարցը պետք է լուծեն այնտեղ ապրող ժողովուրդները։ Մարդկային ցանկացած կյանք անգին է, բայց ռազմական ցանկացած գործողություն ուղեկցվում է զոհերով։

13:23

«Холод»-ը մի տեղ է հավաքել Խարկովի և Կիևի լուսանկարները Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողությունների մեկնարկից առաջ և հետո։

 
 

13:11

Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ռուսական բանկերի հետ կապված իրավիճակի մասին. «Երկաթե վարագույրն արդեն իջել է»

Գործարար Օլեգ Դերիպասկան Կրասնոյարսկի տնտեսական համաժողովի ժամանակ խոսել է առաջիկայում ռուսական բանկերի հետ կապված իրավիճակի մասին։

«Այսպիսի մարտահրավերների հետ մենք դեռևս չենք բախվել։ Երկաթե վարագույրն արդեն իջել է։ Ինձ շատ են խնդրում, որ ես այդ մասին չխոսեմ, բայց ես խաղաղության կողմնակիցն եմ։ Երեք շաբաթ անց պարզ կդառնա, թե ինչ կլինի բանկերի հետ։ Կտեսնենք, թե ով կմնա մեր գործընկերներից։ Կարծում եմ, մենք շատ կզարմանանք, թե ինչքան են մնացել։ Նրանց հնարավոր կլինի հաշվել մատների վրա»,- գործարարի խոսքերը մեջբերում է NGS24.ru-ն։

Դերիպասկայի խոսքով՝ որպեսզի գնահատվի հնարավոր պատժամիջոցները, պետք է հիշել 1998 թվականի ճգնաժամը և բազմապատկել երեքով։

13:04

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է անում անմիջապես լքել Ռուսաստանը։

«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և այդ երկրի (Ռուսաստանի) դեմ միջազգային պատժամիջոցների սահմանման համատեքստում բարձր զգոնություն է պահանջվում: <…> Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնքցներկայությունը և նրանց ընտանիքների ներկայությունը Ռուսաստանում անհրաժեշտություն չէ, խորհուրդ ենք տալիս կազմակերպել ելքն այդ երկրից տարանցիկ չվերթներով»,- նշվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

12:49

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական կողմն ունի մոտ 9000 մարդկային կորուստ. Նախօրեին ՌԴ-ն հայտարարել էր միայն 498 զոհի մասին

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական կողմի կորուստները կազմել են մոտ 9000 մարդ։ Ավելի վաղ, նման թիվ էր հայտարարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական զորքերը կորցրել են 217 տանկ, 30 ինքնաթիռ և մոտ 30 ուղղաթիռ։ 

Նախօրեին, ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր ռուսական անձնակազմի կորուստների թիվը, որոնք զոհվել են Ուկրաինայում։ Գերատեսչության տվյալներով՝ մարտական գործողություններ մեկնարկից ի վեր զոհվել է ռուսաստանցի 498 զինծառայող, ևս 1597-ը՝ վիրավորվել։

12:34

Ղազախստանի պաշտպանության փոխնախարարը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մասին.

«Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը Ղազախստանի հետ որևէ կապ չունի։ Մենք չենք աջակցում ոչ այս, ոչ էլ այն կողմին։ Այդ առումով որևէ հարց չի կարող լինել»,- հայտարարել է Սուլթան Կամալետդինովը։

Նախօրեին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի խոսքն այն մասին, որ ժամանակակից Ուկրաինան ստեղծել են բոլշևիկները, ԽՍՀՄ նախկին մյուս հանրապետություններին (այդ թվում Ղազախստանին), չի վերաբերում։

12:23

Ահա, թե ինչ է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների մասին մտածում ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Եթե գործողությունը չսկսվեր, տառացիորեն հաջորդ օրը գործողություն կսկսվեր ՆԱՏՕ-ի կողմից, բայց միայն բանդերականների, Ուկրաինայի նեոնացիստների ձեռքով։ Մենք հասցրեցինք, իսկ դա նշանակում է, որ փրկեցինք հարյուր հազարավոր կյանքեր»։

Միայն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրերին զոհվել են հարյուրավոր մարդիկ։

12:15

Ռոսկոմնադզորը Google-ից պահանջում է ջնջել «Дождь»-ի և «Эха Москвы»-ի հավելվածները։

 
 

12:02

Չեռնիգովում արկն ընկել է նավթաբազայի վրա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։

11:57

Ուկրաինայի իշխանությունները միջազգային կազմակերպություններին կոչ են արել օգնել ձևավորելու հումանիտար միջանցքներ

«Գյուղերն ու քաղաքները, որտեղ կանգնած են ռուսական զորքերի շարասյուները, անմիջապես վեր են ածվում կողոպուտի, թալանի, սպանությունների վայրեր։ Անհրաժեշտ են հումանիտար միջացնքներ՝ մթերք, դեղամիջոցներ, շտապ օգնության մեքենաների անցում, երեխաների տարհանում։ Սպասում ենք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-չ ակտիվ օգնություն։ Հերիք է միայն բառեր հնչեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

11:53

Խարկովի դպրոցներից մեկը ևս հայտնվել է հարվածի տակ։

 
 

11:42

Ֆիննական Fortum էներգետիկ ընկերությունը որոշում է ընդունել Ռուսաստանում կանգնեցնել բոլոր նոր ներդրումային ծրագրերը։

Fortum-ը (իր Uniper ընկերության միջոցով) հանդիսանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հիմնական ներդրողներից մեկը։

11:33

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան հայտարարությունը։ Հիմնական մտքերը համառոտ.

  • Ռուսական զորքերը խոշոր քաղաքներում շարունակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ հարվածները,
  • ՌԴ զինծառայողները, խուսափելով մարտական բախումներից, փորձում են հասնել Կիևի հյուսիսային ծայրամաս,
  • Զոլոչև, Խարկով, Բալակլեա քաղաքների շրջաններում ընթանում է հարձակողական գործողություն։ Մարտեր են ընթանում Էներգոդարի շրջանում։
  • Սև ծովի ավազանում նկատվում է ռուսական նավատորմի դեսանտային ուժերի շարժ։

11:24

Տնօրենների խորհուրդը որոշել է փակել «Эхо Москвы» ռադիոկայանն ու կայքը։ 

 
 

11:22

Միջազգային պարաօլիմպիկ կոմիտեն ռուսական և բելառուսական մարզիկներին արգելել է Պեկինում մասնակցել Պարաօլիմպիկ խաղերին։

11:10

ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առավոտյան ճեպազրույցով։ 

  • ԼԺՀ զորքերը դուրս են եկել Կրասնի Լիման-Պրիվոլյե-Սևերոդոնեցկի սահմանագիծ,
  • ԴԺՀ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Վինոգրադնոյե, Վոդյանոյե, Սարտակա բնակավայրերը և նեղացրել Մարիուպոլի շուրջ ձևավորած օղակը։
  • Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնեվոյեն։
  • Բալակլեա քաղաքն «ազատագրվել է ազգայնական գումարտակներից»։
  • Շարքից դուրս է բերվել Կիևի Լիսայա Գորա շրջանում գտնվող ռեզերվային տեխնոլոգիական ռադիոհեռուստակենտրոնը։
  • Ռազմական գործողության ողջ ընթացքում խոցվել է ուկրաինական 1612 ռազմական օբյեկտ, այդ թվում 62 ինքնաթիռ, 606 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 67 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետերի 227 միավոր, 53 անօդաչու թռչող սարքավորում։

Պատերազմական գործողությունների պատճառով այս տեղեկատվությունը ստուգելն անհնարին է։ Ուստի, «Հետք»-ը միայն փոխանցում է երկու կողմերի պաշտոնական տվյալները, առանց հավելյալ ստուգման։

 

10:50

Ինչ է կատարվել մարտի 3-ի գիշերը․ հակիրճ

Նախորդ գիշեր Կիևում և Ուկրաինայի մյուս քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշանը։ Ականատեսները նշում են, որ վերջին 24 ժամերի ընթացքում ռուսական կողմից հարվածների թիվն էականորեն մեծացել է։ Հարյուր հազարավոր մարդիկ կրկին գիշերել են նկուղներում և մետրոյում։

  • Կիևում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանցից մեկը տեղի է ունեցել ամերիկյան CBS հեռուստաընկերության թղթակցի ուղիղ եթերի ժամանակ։
  • Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է, որ ռուսական զորքերը մտել են քաղաք, բայց այն մնում է ուկրաինական դրոշի տակ։
  • Ուկրաինայի հյուսիսում՝ Չեռնիգովում, տեղական իշխանությունների փոխանցմամբ, թևավոր երկու հրթիռ է ընկել հիվանդանոցի շենքի վրա։
  • Խարկովի ուղղությամբ շարունակվում են հարվածները։ Նշվում է տասնյակ վիրավորների և զոհերի մասին։
  • Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսել Ուկրաինայում Ռուսաստանի ԶՈՒ հատուկ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր ռազմական  հանցագործությունների վերաբերյալ։
  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ ուկրաինացի փախստականների թիվը հասել է միլիոնի։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարել է, որ "ուկրաինական բանակին հաջողվում է կանգնեցնել ռուսական հարձակումը"։
  • Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ռուսական տեխնիկայի մի քանի կիլոմետրանոց շարասյունը, որը մեկ օր առաջ շարժվում էր Կիևի ուղղությամբ, անհասկանալի պատճառով կանգ է առել։

Թեմայի այլ նորություններ