Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 11 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    14%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    19%
    6 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    12 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արարատ 29°C
    15%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    14%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    14%
    7 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    21%
    15 կմ/ժ
  • Արցախ 23°C
    44%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 11 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 11 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։44

Այսօր խոսեցի նախագահ Պուտինի, իսկ հետո նախագահ Զելենսկու հետ։ Մենք աշխատանքներ ենք տանում Ուկրաինայի քաղաքացիական միջուկային կայանքների ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ՝ ի լրումն Ռուսաստանին առաջադրված առաջնահերթ պահանջների՝ զինադադար և խաղաղ բնակչության պաշտպանություն։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

23։33

Լեհաստանը կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, ինչպես նաև թույլ չի տա օգտվել իր օդանավակայաններից։ Մենք օգնում ենք շատ այլ ոլորտներում։  [Լեհաստանի վարչապետի գրասենյակ]

23:15

TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը «կեղծ տեղեկությունների մասին» նոր օրենքի պատճառով:

 

22։50

ԱՄՆ-ը «կանաչ լույս» կվառի ՆԱՏՕ-ի երկրներին, եթե որոշեն Ուկրաինային կործանիչներ տրամադրել։ ԱՄՆ-ն այս հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Զելենսկին Zoom-ով հանդիպման  ժամանակ Կոնգրեսի անդամներին խնդրեց տրամադրել դրանք։

22:42

TikTok-ը դադարեցնում է նոր բովանդակության հրապարակումը և ուղիղ հեռարձակումների թողարկումը Ռուսաստանում «կեղծիքների մասին» նոր օրենքի պատճառով:

22։37

 

Ռուսաստանից դեպի Խարկով ուղղաթիռներ են թռչում, ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական կողմը հավանաբար դեսանտ կիջեցնի։

22։19

American Express-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։ Արտասահմանում թողարկված American Express քարտերն այլևս չեն աշխատի այս երկրներում, տեղական բանկերում թողարկվածներն էլ չեն աշխատի երկրներից դուրս: 

22։00

Ալբանիայի մայրաքաղաքի Տիրանայի փողոցը, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դեսպանատները, կվերանվանվի «Ազատ Ուկրաինա»։ 
 
«Ռուսները ստիպված կլինեն աշխատել, ապրել և փոստով նամակներ ստանալ «Ազատ Ուկրաինայի» հասցեով»,- ասել է քաղաքի քաղաքապետ Էրիոն Վելիայը։

 

21:50

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի պնդմամբ Ռուսական 500 կգ-անոց ռումբն ընկել է Չեռնիգովի բնակելի շենքի վրա և չի պայթել։ «Շատ ուրիշները սպանեցին անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների: Օգնեք մեզ պաշտպանել մեր ժողովրդին ռուս բարբարոսներից: Տրամադրեք մեզ մարտական ինքնաթիռներ»,- գրել է նա։ 

21։37

ՌԴ ՊՆ պնդմամբ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել փետրվարի 24-ին առանձնապես վտանգավոր պաթոգենների հրատապ ոչնչացման մասին։ Խոսքը  ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահաբեր հիվանդությունների հարուցիչների մասին է․ «Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ ուկրաինական կենսալաբորատորիաներում իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում»,- ասել է նա։

21։30

Վիննիցայի օդանավակայանը Մերձդնեստրի տարածքից չի հրթիռակոծվել․ Մոլդովայի ՊՆ

Հրթիռները, որոնք խոցել են Վիննիցայի օդանավակայանը, արձակվել են Սև ծովից, այլ ոչ թե Մերձդնեստրի տարածքից։ Այս մասին հայտնել են Մոլդովայի պաշտպանության նախարարությունից։
 
Մոլդովայի ներկայացուցիչները պնդում են, որ Մերձդնեստրի տարածքում կան միայն «Գրադ» բազմակի հրթիռային կայաններ՝ 20 կմ հեռահարությամբ։ Իսկ հրթիռները արձակվել են Սեւ ծովում ռուսական նավերից, եւ դրանց հետագիծը փաստացի անցել է Մերձդնեստրի տարածքով։

 

21։25

Ուկրաինացի զինվորը Խարկովի օդային տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռ է խոցել։

21։23

ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել ՆԱՏՕ երկրների համար, եթե նրանք որոշեն կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Բլինկենը նշել է, որ կան մի քանի հարցեր, որոնք ծագում են այդ որոշումից՝ ներառյալ այն, թե ինչպես կարող են ինքնաթիռները Լեհաստանից տեղափոխվել է Ուկրաինա։ 

20:58

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ շարունակել է երկխոսությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ․ «Դատապարտել է միջուկային ահաբեկչությունը և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Զելենսկին՝ նշելով, որ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ամրապնդումը և պայմանավորվել հաջորդ համատեղ քայլերի համար։

20։43

ՌԴ-Ուկրաինա բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ասել է, թե պատասխանը, որ իրենք ստանում են ՆԱՏՕ անդամ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարիների ընթացքում․ «Մենք չենք պայքարելու ՆԱՏՕ-ի հայտերի համար․ կպայքարեինք արդյունքի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել ՆԱՏՕ-ից դուրս որոշ մոդելներ։ Նա նշել է, որ  երաշխիքներ կարող են լինել ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից կամ Գերմանիայից և Ֆրանսիայից:

20:07

Հիմնականը՝ ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցից.

«◾️Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության զենքերով շարքից հանել են Վիննիցայի օդանավակայանը,
◾️ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչն ու հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են ևս երեք ուկրաինական Սու-27 կործանիչներ և երեք անօդաչու թռչող սարքեր,
◾️Կիևի վարչակարգի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է»։ |tass.ru|

19։36

Դոնեցկի ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինի պնդմամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մեկ օրից պակաս ժամանակում ուկրաինական կողմի գնդակոծության հետեւանքով տուժել է յոթ մարդ։

19:24

Դավիթ Արախամիա. ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ուկրաինայի անդամակցությունը քննարկել առաջիկա 5-10 տարիներին։

19:18

Զելենսկին դաշնակիցներին պահանջում է Ուկրաինայի վրա հայտարարել ոչ թռիչքային գոտի և տալ ինքնաթիռներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճ և բավականին էմոցիոնալ տեսաուղերձում կրկին Ուկրաինային սատարող երկրներին կոչ է արել պաշտպանել նրան երկնքից և Ուկրաինայի վրա հայտարարել ոչ թռիչքային գոտի։

«Ամեն օր մենք կրկնում ենք։ Փակեք Ուկրաինայի վրա օդը, փակեք ռուսական բոլոր հրթիռների համար, ռուսական մարտական ավիացիայի համար, այդ բոլոր ահաբեկիչների համար։ Ստեղծեք հումանիտար օդային գոտի։ Առանց հրթիռների, առանց ավիառումբերի։ Մենք մարդիկ ենք, և դա ձեր հումանիտար պարտականությունն է պաշտպանել մեզ, պաշտպանել մարդկանց։ Եվ դա դուք կարող եք անել։ Եթե դուք դա չանեք, եթե դուք մեզ չտաք ինքնաթիռներ, որպեսզի մենք կարողանանք ինքնապաշտպանվել, ապա կարելի է միայն մեկ ենթադրություն անել. դուք ևս ցանկանում եք, որ մեզ դանդաղ սպանեն»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին այս հայտարարությունն արել էր Վինիցայի օդանավակայանի վրա հարձակումից հետո։

19։15

Մոտ 200,000 մարդու տարհանումը սկսելու այսօրվա փորձը ձախողվել է։ Անհաջող փորձերն ընդգծում են հակամարտության կողմերի միջև մանրամասն և գործուն համաձայնության բացակայությունը: [Կարմիր խաչի միջազգային կոմիտե]

19:04

УНИАН-ը գրում է Սումիում փողոցային մարտերի վտանգի մասին։ Քաղաքի բնակիչներին խնդրում են չմոտենալ լուսամուտներին։

18:53

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է ռուսաստանցի հաղորդավար և մեդիամենեջեր Թինա Կանդելակիին մեղադրանք առաջադրելու մասին։

18։52

Պուտինն ու Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։

18:46

Ռուսական պարաօլիմպիականները, որոնց արգելել են մասնակցել Պեկինի պարաօլիմպիկ խաղերին, վերադարձել են Մոսկվա։

18:43

Մոսկվայում չարտոնված ակցիային մասնակցել է մոտ 2500 մարդ, բերման է ենթարկվել 1700-ը։ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակիցների թիվը կազմել է մոտավորապես 1500 մարդ, նրանցից 750-ը բերման է ենթարկվել։ Մյուս մարզերում չարտոնված միջոցառումներին մասնակցել է 1200 մարդ, բերման է ենթարկվել 1061-ը։ [ՌԴ ՆԳՆ]

18:39

Ալմաթիում այսօր կայացել է ի աջակցություն Ուկրաինայի բողոքի ակցիա։ Ղազախտանի իշխանությունները թույլատրել են դրա անցկացումը։

18:18

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչ է նշվում Կրեմլի հաղորդագրության մեջ.

  • Պուտինը հայտարարել է Մակրոնին, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի պատահարը հանդիսանում է ուկրաինական ծայրահեղականների քարոզչական արշավի ցինիկ տարր։
  • Ռուսաստանի նախագահը նաև Մակրոնին առաջարկել է Կիևի իշխանությունների հետ ակտիվորեն աշխատել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման նպատակով։
  • Պուտինը Ֆրանսիայի նախագահին հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության հարցով հանդիպումը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով կամ որևէ երրորդ երկրում։

18:09

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս հաստատում է, որ տարհանումը չի կայացել «հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների բացակայության պատճառով»։

 

18:03

Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են, որ խաղաղ բնակիչների տարհանումը չի կայացել շարասյան գնդակոծության վտանգի պատճառով։ Զապորոժյեի մարզի հումանիտար շարասյունը, որը դուրս է եկել Մարիուպոլ, դեռևս քաղաք չի հասել։

 

17։09

BBC-ն հայտարարել է, որ իր BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։

16:37

Վլադիմիր Զելենսկի. Վինիցայի օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ։ Այն ամբողջությամբ ոչնչացվել է։

16։30

Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձի միջոցով հայտարարել է Վիննիցայի օդանավակայանի գնդակոծման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել Ուկրաինայի երկինքը։ «8 հրթիռ է արձակվել Վիննիցա քաղաքի վրա․ ամբողջովին ավերվել է օդանավակայանը։ Փակեք Ուկրաինայի երկինքը ահաբեկիչների համար։ Կառուցեք մարդասիրական գոտի։ Մենք մարդիկ ենք, եւ ձեր պարտքն է պաշտպանել մարդկանց: Իսկ դուք կարող եք։ Եթե դուք դա չանեք և մեզ գոնե ինքնաթիռներ չտրամադրեք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, կարելի է մեկ եզրակացություն անել, որ դուք էլ եք ուզում, որ մեզ կամաց-կամաց սպանեն»։

16:16

ՌԴ ԿԲ. VISA և MasterCard քարտերի համար անհասանելի կլինեն Apple Pay-ը և Google Pay-ը

16:08

Հարձակման է ենթարկվել Վինիցայի օդանավակայանը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

16։07

Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։ «Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձի ապարդյունության վրա, որն օգտագործում են Ուկրաինայի ուժայինները՝ իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։ Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու ՌԴ-ի պատրաստակամությունը»։ [Կրեմլի մամուլի ծառայություն] 

15:43

Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի «հատուկ գործողությունը» կարող է կանգնեցվել միայն «Կիևի կողմից մարտական գործողությունների դադարեցման և Ռուսաստանի հայտնի պահանջների կատարումից հետո»։

15։43

Ուկրաինայից 10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստական տեղափոխվել է հարևան երկրներ։ Փախստականների այս ճգնաժամը Եվրոպայում աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ տեմպերով։ [ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի]

15:26

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այն տևել է շուրջ 1 ժամ։

15:15

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պնդում է, որ Խարկովի մոտ ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են ռուսական Су-25 գրոհիչ։ Օդաչուն հասցրել է կատապուլտվել։ Նրան փնտրում են ուկրաինական զինծառայողները։

15։13

Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռազմական գործողության սկզբից ռուսական կողմի ընդհանուր մարտական ​​կորուստները այսպիսինն են․ անձնակազմի ավելի քան11 հազար կորուստ, տանկեր՝ մինչև 285, 985 միավոր մարտական զրահամեքենա, 109 հրետանային համակարգեր, 21 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 44 միավոր ինքնաթիռ, 48 միավոր ուղղաթիռ, 4 անօդաչու թռչող սարքեր, 2 միավոր թեթև արագընթաց նավակներ, 50 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

14։58

Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները այլ անձանց կամ հարազատներին ամսական 5000 դոլարի չափով։

14:58

Խերսոնի մարզում ռուսական կողմի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկա քաղաքում բնակիչները դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն Ուկրաինայի։

14:53

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ այնտեղ գտնվող ամերիկացիներին օգնելու համար։

Այդ մասին Բլինքենը հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ԱՄՆ քաղաքացիներին կոչ ենք անում անմիջապես լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, քանի որ մեր հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու, սահմանափակ են։ Նաև մենք Ամերիկայի քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Ռուսաստան այցերից։ Միևնույն ժամանակ, կարևոր է պահել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, որպեսզի անհրաժեշտության դեպքում տրամադրվի այդպիսի օգնություն»։

14:48

ՌԴ ՊՆ-ն՝ խոցված ուկրաինական ինքնաթիռների և անօդաչուների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսաստանցի զինծառայողները խոցել են ուկրաինական ութ ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, ինչպես նաև 6 թուրքական Bayraktar անօդաչու։

Ինչպես հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է ուկրաինական ավելի քան 2,2 հազար ռազմական օբյեկտ, այդ թվում՝

  • Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցի 76 կետ,
  • ПВО С-300, «Бук М-1» և «Оса» տեսակի 111 զենիթահրթիռային համալիր,
  • 71 ռադիոտեղորոշման կայան։

Բացի այդ, ըստ ռուսական կողմի, խոցվել է 93 ինքնաթիռ, 778 տանկ և այլ զրահատեխնիկա։

14։46

Վլադիմիր Զելենսկին իր տեղաուղերձում հայտարարել է, որ ռուսական ավիացիան պատրաստվում է Օդեսայի ռմբակոծմանը։ «Ավիացիան թռչում է խաղաղ մարդկանց դեմ, խաղաղ քաղաքների դեմ։ Նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ռուսները միշտ եկել են Օդեսա։ Նրանք միշտ միայն ջերմություն են զգացել Օդեսայում, միայն անկեղծություն։ Իսկ հիմա ինչ․․․ Օդեսա՞, հրետանին Օդեսայի դեմ, հրթիռներ Օդեսայի դեմ․ դա կլինի ռազմական հանցագործություն, դա կլինի պատմական հանցագործություն»։

14:43

Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել են մարտի 6-ի դրությամբ ռուսական կողմի կորուստների վերաբերյալ տվյալներ.

  • Ռուսաստանն ունի անձնակազմի ավելի քան 11 հազար կորուստ,
  • 985 միավոր մարտական զրահամեքենա,
  • 109 միավոր հրետանային միջոց,
  • համազարկային կրակի 50 միավոր ռեակտիվ համակարգ,
  • 21 միավոր ՀՕՊ միջոց,
  • 44 միավոր ինքնաթիռ,
  • 48 միավոր ուղղաթիռ,
  • 447 միավոր ավտոմոբիլային տեխնիկա,
  • 2 միավոր թեթև արագընթաց նավակներ,
  • պայթուցիկ նյութերով 60 միավոր ցիստեռն,
  • 4 միավոր օպերատիվ-մարտավարական անօդաչու։

14:38

Ռոսկոմնադզորը արգելափակել է Медиазона-ն։

14:31

Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական 10 օրվա ընթացքում տեղափոխվել է հարևան երկրներ։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների հետ կապված ամենաարագ աճող ճգնաժամն է»,- գրում է Գրանդին։

 

14:29

Ռուսաստանի բնակիչների մեծ մասի մոտ անհասանելի է դարձել «Медиазона»-ի կայքը։

14:25

Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։

Իր ուղերձում նա անդրադարձել է նաև Ռուսաստանի քաղաքացիներին։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հենց հիմա, հենց այս օրերին, այս ժամերին, անում են նույն ընտրությունը՝ կյանքի և ստրկության միջև։ Այսօր, վաղը, առաջիկա շաբաթը այդ ժամանակն է, երբ դեռ կարելի է չարին հաղթել առանց անդառնալի կորուստների։ Երբ դիրքորոշման համար սպառնում են աշխատանքի հեռացմամբ կամ ավտոզակով, նաև ԳՈՒԼԱԳով, նյութական կորուստներով, գնդակահարությամբ։ Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը... Ձեզ պետք է լսեն։ Մենք՝ ուկրաինացիներս, խաղաղություն ենք ուզում»,- ասել է Զելենսկին։

13։34

Եվրամիությունը բացարձակապես չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը ԵՄ-ին շատ մոտ բարեկամ երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներում։ Առաջին անգամ մենք զբաղվում ենք մահաբեր զենքի մատակարարմամբ, սակայն այդ եվրոպական միջոցները նախատեսված չեն Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար։ [Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել]

12։49

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6-կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար․միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար, աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում, դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար, անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար», պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։

12։40

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։ «Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները դարձան «Ազատություն» ռադիոկայանի և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը»,-ասվում է մեդիա կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ։

12:34

Դոնեցկի Կիևի շրջանում վնասվել է գազատարը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ լսվում են գազի արտահոսքի ձայներ։

12:26

ՌԴ ԿԲ-ն սահմանափակել է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ամուսիններին և բարեկամներին ՌԴ քաղաքացիների կողմից ամսական 5000 ԱՄՆ դոլարից ավելի ուղարկումը։

11:58

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հրաժարական է տվել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Վիկտոր Գուլևիչը։ Բելառուսական կողմից դեռևս պաշտոնական որևէ արձագանք չկա։

11։51

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում ծառայությունների մատուցումը։ Ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:

11:43

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումի մարզում ռուսական զորքերը քաղաքացիական բնակչությանը չեն թույլատրում դուրս գալ քաղաքից։ Ըստ ուկրաինացիների՝ նրանք թալանում են մեքենաները։

 

11:24

3000 ամերիկացիներ պատրաստ են կամավորագրվել ուկրաինական բանակին

Մոտ 3000 ամերիկացիներ պատրաստ են կամավորաբար մեկնել Ուկրաինա։ Այդ մասին Ամերիկայի ձայնին հայտնել են Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունից։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ 16 հազար օտաերկրացիներ պատրաստակամություն են հայտնել օգնել Ուկրաիանյին ՝ ռուսական ներխուժման դեմ պայքարում։

11:18

Առավոտյան Պոլտավայում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

11:05

Ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները դադարեցրել են իրենց թռիչքները Ռուսաստանի բոլոր քաղաքներ

Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 6-ին, ժամը 09:00-ից։

11։02

Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն հետ։ «Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը», ասված է Զելեսկու թվիթերյան գրառման մեջ։ 

10:57

Սպիտակ տունը Բայդեն-Զելենսկի բանակցությունների մասին.

  • ամերիկյան առաջնորդը ողջունել է VISA և Mastercard-ի Ռուսաստանից դուրս գալու որոշումը,
  • ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։
  • ԱՄՆ նախագահ մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ,
  • Բայդենն ու Զելենսկին քննարկել են Մոսկվայի և Կիևի վերջին բանակցությունները։

10:46

Բելգորոդում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառը դեռևս հայտնի չէ։

10:43

Ազատություն ռադիոկայանը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

10:39

Պուտինին միջազգային արենայից մեկուսացնելու համար Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում նույնիսկ Վենեսուելայի հետ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խումբը մարտի 5-ին մեկնել է Կարակաս՝ բանակցություններ վարելու այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ջանքեր է գործադրում Կրեմլին իր միջազգային դաշնակիցներից մեկուսացնելու ուղղությամբ։

Թերթը գրում է, որ Կարակաս ամերիկացի քաղաքական գործիչների ներկայիս այցը ամենաբարձրն ու ամենաներկայացուցչականն է վերջին տարիների ընթացքում։ 2019 թվականին ԱՄՆ-ն խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և փակել Կարակասում իր դեսպանությունը՝ իշխանություններին մեղադրելով նախագահական ընտրությունների կեղծման մեջ, որտեղ հերթական անգամ հաղթել էր Մադուրոն։ 

ԱՄՆ վարչակազմը նույնիսկ փորձել էր տապալել Մադուրոյի կառավարությունը՝ պատժամիջոցներ սահմանելով վենեսուելական նավթի արտահանման և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, ինչպես նաև՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական նախագահ։

10։37

Visa-ն և Mastercard-ը այսօր երեկոյան հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով: Ընկերություները կդադարեցնեն գործարքները «առաջիկա օրերին», և, հետևաբար, Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում։

10:32

Բորիս Ջոնսոնը մշակել է Ուկրաինայում Ռուսաստանին հակադարձելու վեց կետից բաղկացած պլան 

«Բավարար չէ մեր աջակցությունը հայտնել միջազգային կարգին, որը հիմնված է կանոնների վրա։ Մենք պետք է պաշտպանենք այդ կարգը՝ ռազմական ուժի օգնությամբ կանոնները վերաշարադրելու մշտական փորձերից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նրա ռազմական պլանը, որը բացառում է Արևմուտքի ռազմական միջամտությունը Ուկրաինայում մարտական գործողություններին, այս տեսքն ունի.

  • Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման համար միջազգային կոալիցիայի ձևավորում։
  • Ուկրաինայի ինքնապաշտպանությանն աջակցություն։
  • Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում։
  • Ուկրաինայում ռուսական գործողությունների «սողացող կարգավորման» կանխարգելում։
  • Եվրատլանտյան ողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդում։
  • Կիևի ամբողջական մասնակցությամբ ապասրմանն ուղղված դիվանագիտական ճանապարհների կիրառում։

Առաջիկա օրերին Բորիս Ջոնսոնը մտադիր է իր պլանը քննարկել Կանադայի, Նիդերլանդների, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի առաջնորդների հետ։

10:26

Զապորոժյեի մարզում բջջային կապի և ինտերնետի հասանելիության խնդիրներ են առաջացել։

Էներգոդարում, որտեղ գտնվում է Զապորոժյեի ԱԷԿ-ը, չի գործում Vodafone բջջային օպերատորը, ինտերնետ մատակարարների աշխատանքը խափանվել է։ Հարևան Դնեպրոպրուդնոյեում և շրջանի մյուս բնակավայրերում ևս չկա բջջային կապ։

10:24

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ողջ աշխահում ի աջակցություն Ուկրաինայի իրականացվող բողոքի ցույցերը։

10:15

Կիրակի օրն առավոտյան բացվել են Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքներից քաղաքացիական բնակչության տարհանման համար նախատեսված միջանցքները։ Այդ մասին հայտնել է ԴԺՀ ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Մարտի 5-ին Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Դոնեցկի մարզի վերը նշված քաղաքների խաղաղ բնակիչների համար լռության ռեժիմի հաստատման և միջանցքի բացման մասին։ Սակայն շուտով կողմերը սկսեցին միմյանց մեղադրել պայմանավորվածությունների խախտման մեջ։

10։13

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ խափանել է Կրեմլի պլանները Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։ «Ուկրաինայի Դաշնային Հանրապետությունը» պետք է ներառեր մի քանի մարզեր։ Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո նախատեսվում էր գրավել վարչական շենքերը և այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ»-ի օրինակով «ժողովրդական հանրապետություններ» հռչակել, ապա միավորվել ՌԴ կողմից վերահսկվող նոր պետության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։     

10:11

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ուկրաինայում կռվում են բելառուսցի դեսանտայիններ։ «Դեսանտայինները, ինչպես ամբողջ զինված ուժերը, գտնվում են Բելառուսում և կատարում են իրենց առջև դրված խնդիրները, որոնք դրված են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- հայտարարել են այդ երկրի պաշտպանական գերատեսչությունում։ Այսպես են բելառուսցի զինվորականներն արձագանքել Կիևում, Խարկովում և ուկրաինական մյուս քաղաքներում բելառուսցի դեսանտայինների ի հայտ գալու մասին լուրերը։

10:08

ԴԺՀ իշխանությունների տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 15 խաղաղ բնակիչ։ Զոհերի կամ տուժածների վերաբերյալ այլ տվյալներ չկան։

10:05

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն՝ երկրի տարբեր շրջաններում նախորդ գիշերվա մասին.

  • Խարկովի մարզի Բալակլեա քաղաքում ռուսական զորքերը փորձել են առաջ շարժվել Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ, սակայն նրանց կանգնեցրել են։ Նշվում է, որ ռուսական տեխնիկայի շարասյունը ոչնչացվել է։
  • Խարկովում շարունակվում են կրակոցները։
  • Սումի մարզում մարտեր են ընթացել։ Նշվում է, որ ուկրաինական զինծառայողները ոչնչացրել են ռուսական տեխնիկայի շարասյուն։
  • Կիևում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն քաղաքի մատույցների մոտ կա մեծ թվով ռուսական տեխնիկա։ Իրպենում, Բուչակում և Գոստոմելում շատ բարդ իրավիճակ է։

10:02

Խարկովը ողջ գիշեր հարվածի տակ էր։ Այդ մասին պնդում է Украина 24-ի թղթակիցը։ Նրա խոսքով՝ պայթյունները և թռչող ինքնաթիռների ձայները լսվել են քաղաքի տարբեր շրջաններում։ Ուշադրությո'ւն, տեսանյութում կա հայհոյանք։

10:00

Ինչ է կատարվել մարտի 6-ի գիշերը, հակիրճ.

  • ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք խոսել են Զապորոժյեի ԱԷԿ-ում առկա իրավիճակի մասին, որը ռուսական վերահսկողության տակ է անցել։
  • Ուկրաինայից հաղորդագրություններ են ստացվել Կիևում և Կիևի մարզում, Չեռնիգովում, Ժիտոմիրում օդային տագնապի ազդանշանների միացման մասին։
  • VISA և MasterCard վճարային համակարգերը հայտարարել են, որ դուրս են գալիս Ռուսաստանից։ Մի քանի օր անց Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում։
  • Միջազգային արժութային հիմնադրամը զգուշացրել է, որ Ուկրաինայում տտեղծված իրավիճակ լրջորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին։

Թեմայի այլ նորություններ