Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 10 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 10 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 10 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։44

Պուտինը հրամանագիր է ստորագրել «Դոնբասի պաշտպանության գործողության ժամանակ զոհված ռուս զինվորականների ընտանիքներին 5 միլիոն ռուբլի լրացուցիչ վճարման մասին», հաղորդում է Կրեմլը։ |tass.ru|

23:26

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Լեհաստանի սահմանին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին նա ասել է փետրվարի 5-ի երեկոյան ճեպազրույցում։ ԱԳՆ-ից նշել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուսական ագրեսիան զսպելու համար արդեն իսկ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը և այդ ուղղությամբ հետագա քայլերը։ |eurointegration.com.ua|

22։48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության համատեքստում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ |ria.ru|

22:38

Պուտինի հետ հանդիպելուց հետո՝ Բենեթը զանգահարել է Զելենսկուն

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո, որը տևել է շուրջ 2 ժամ, զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և պատմել բանակցությունների արդյունքների մասին։ Այդ մասին հայտնել է Նաֆթալի Բենեթի մամուլի քարտուղարը։

Ներկայումս Բենեթը մեկնում է Բեռլին, որտեղ կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ մամլո քարտուղարի՝ Իսրայելն իր գործողությունները համակարգում է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Բենեթին ուղեկցել է կաբինետի ևս մեկ անդամ՝ Զեեվ Էլկինը։ Նա ծնվել է Խարկովում, որտեղ մինչ օրս ապրում են նրա հարազատները։

22:26

Ուկրաինայի անվտանգության ծառայություն. կանխվել է Ուկրաինայի արևմուտքում «Ժողովրդական հանրապետության» ստեղծման փորձը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի արևմուտքում հակասահմանադրական պետական կազմավորման ձևավորման փորձի կանխման մասին։ «Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խափանել է Կրեմլի պլանները նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։

«Ուկրաինայի դաշնային հանրապետության» կազմում պետք է ներառվեին հետևյալ մարզերը.

  • Իվանո-Ֆրանկովսկի մարզը,
  • Անդրկարպատյան մարզը,
  • Լվովի մարզը, 
  • Տերնոպոլի մարզը,
  • Չեռնովցիի մարզը։

«Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո պլանավորվում էր գրավել վարչական շենքերն ու հայտարարել «ժողովրդական հանրապետություններ»՝ այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ» օրինակով»,- նշվում է հայտարարության մեջ։

22:22

Azur Air-ը մարտի 8-ից ևս դադարեցնում է միջազգային չվերթները։

22:21

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Կուլեբան խնդրել է մատակարարել ինքնաթիռներ և ՀՕՊ միջոցներ։

 

22:18

Puma ընկերությունը դադարեցնում է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան և դադարեցնում իր խանութների աշխատանքն այդ երկրում։

22։17- Չեռնիգովի շրջանում ուկրաինացի զինվորականները ջախջախել են ռուսական ուժերը՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի Կիև․ «Հակառակորդի տեխնիկան այրվել է, իսկ օկուպանտները դիմել են փախուստի։ Չերնիգովի մարզում «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության զորամիավորումներն այսօր ջախջախել են թշնամու ուժերին, ինչը ևս մեկ անգամ թույլ չի տվել նրանց առաջխաղացումը դեպի Ուկրաինայի մայրաքաղաք»։ 

22:14

Զելենսկին Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Ստամբուլում կամ Անկարայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին։

 
 

22:11

Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլը կընթանա երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին։ Այդ մասին հայտնում է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

22:08

Կադիրովը Զելենսկուն առաջարկում է իշխանությունը հանձնել Յանուկովիչին։ Վերջինիս Չեչնիայի առաջնորդը համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։

22:04

Nordwind Airlines-ը մարտի 7-ից դադարեցնում է միջազգային բոլոր թռիչքները։

22:01

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Մոսկվայում է։ Նա հանդիպում է Պուտինի հետ և քննարկում Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

21:57

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է լեհ-ուկրաինական սահման և փախստականների պահման կենտրոն։ Այդ մասին փոխանցում է AFP-ն։ Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնը նախատեսում է փախստականների օգնության համար հատկացնել 2,75 միլիարդ դոլար։

21:52

ՌԴ ՊՆ. հարձակողական գործողությունները վերսկսվել են Մոսկվայի ժամանակով 18:00-ին

Այսօր Ուկրաինայում պետք է պահպանվեր «լռության ռեժիմը»։ Սակայն ՌԴ ՊՆ-ն նշում է, որ Մարիուպոլի և Վոլնովախայի անվտանգության միջանցքներով չի կարողացել դուրս գալ ոչ մի խաղաղ բնակիչ։ Դրանում ռուսական կողմը մեղադրում է «ազգայնական գումարտակներին»։

Ավելի վաղ, ուկրաինական իշխանությունները հայտարարել էին, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվել ռուսական կողմից։

21:48

ՌԴ ՊՆ. Ժիտոմիրի շրջանում տեղի ունեցած օդային մարտի ժամանակ խոցվել է ուկրաինական 4 Су-27 ինքնաթիռ։ Նեժինա շրջանում ՀՕՊ-ը խոցել է Су-25։ Խոցվել են նաև Ми-8 ուղղաթիռ և Bayraktar TB-2 անօդաչու։

21:42- ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը առաջ են շարժվում լայն ճակատով, ևս 7 բնակավայր Ուկրաինայում վերցվել են վերահսկողության տակ: |ria.ru|

21:37

Интерфакс Украина-ի խմբագրությունում կայացել է ռուսաստանցի գերեվարված զինծառայողների մամլո ասուլիսը։

Շաբաթ օրը Интерфакс Украина գործակալությունում տեղի է ունեցել ռուսաստանցի գերեվարված զինծառայողների մամլո ասուլիսը։ Նրանք ռուսաստանցիներին կոչ են արել դադարեցնել գործողություններն Ուկրաինայում։ Ելույթ ունեցողների մի մասը հայտարարել է, որ չեն ցանկանում վերադառնալ Ռուսաստան և վախենում են իրենց ընտանիքների համար։

21:29

Սթիվեն Քինգը չի երկարացնի իր պայմանագրերը ռուսական հրատարակչությունների հետ։ Թվիթերյան իր միկրոբլոգում Քինգն աջակցել է գրող Լինգվուդ Բարքլիի համանման որոշմանը։

 

21։24- Ադրբեջանի ավիաընկերությունները՝ AZAL-ը («Ադրբեջանական ավիագծեր») և Buta Airways-ը մարտի 6-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստան:

21:12

Հնդկաստանի իշխանությունները Ռուսաստանին և Ուկրաինային կոչ են անում հետևել հրադադարի ռեժիմին, որպեսզի այդ երկիրը հնարավորություն ունենա Սումի քաղաքից դուրս բերել 700 հնդիկ ուսանողների։ Այդ մասին հայտնում է CNN-ը։

21։08- Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի՝ մարտի 7-ին: [Բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիա]

21:02

Adobe-ը դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում։ 

20:36

«Важные истории»-ն և OCCRP-ն ներառվել են «ոչ ցանկալի կազմակերպությունների» շարքում։

 

20:32

ՌԴ ՊՆ պնդմամբ՝ ուկրաինական կողմի՝ «լռության ռեժիմը»  երկարացնել չցանկանալու պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին հարձակողական գործողությունները վերսկսվել են։ |ria.ru|

20:18

Ուկրաինայում զոհվել է 351 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 707-ը։

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մարմինը։ Զոհերի թվում 22 երեխա կա։ 

ՄԱԿ-ի մարմինը գրում է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ որոշ շրջաններից տվյալները բավականին ուշ են հասնում։ Մասնավորապես, տվյալների մեջ ներառված չեն Վոլնովախայում հարյուրավոր ենթադրյալ տուժածները։

20:04

Hromadske-ն, հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային գրում է, որ Բորոդյանսկի հոգենյարդաբանական դիսպանսերում ռուսական զինծառայողները գողացել են 670 պացիենտի, իսկ դիսպանսերը կարող է ականապատված լինել։ Նա հավելել է, որ տեղեկատվությունը դեռևս ստուգվում է, քանի որ դիսպանսերին հասանելիություն դեռևս չկա։

20:00

Adobe-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում և կասեցնում է դրանցից մի քանիս մուտքը ՌԴ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար:

19:49

Ուկրաինական Главред պարբերականը հայտնում է, որ Օչակովում խոցվել է ռուսական ևս մեկ ինքնաթիռ։

 

19:31

Победа ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է արտասահմանյան թռիչքների իրականացումը։

 

19։24

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերխի Բրաչուկի պնդմամբ՝ մարտի 5-ին Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը Օդեսայի երկնքում ռուսական ինքնաթիռ է ոչնչացրել։ 

19:17

Վոլնովախայից և հարակից գյուղերից հնարավոր է եղել հանել ավելի քան 400 մարդու, բայց արկակոծման արդյունքում տարհանումը կանգնեցվել է։ Այդ մասին հայտնում է Ukraine NOW-ն։

18:55

Forbes-ի հաշվարկներով՝ 10 օրերի ընթացքում ուկրաինական բանակը ոչնչացրել է շուրջ 3 միլիարդ դոլարի ռուսական ռազմատեխնիկա։

 

18:54

Ուկրաինայում գործողությունների ժամանակ զոհվել է 21-ամյա ռուսաստանցի պայմանագրային շարքային զինծառայող Օլեգ Մանույլովը։ Այդ մասին հայտարարել է Ստավրոպոլի երկրամասի Նովոալեքսանդրովսկի քաղաքային շրջանի ղեկավար Սերգեյ Սագալաևը։ Մանույլովը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով։

 

18:22

BBC-ի տեսանյութը Խերսոնում կայացած բողոքի ցույցից։

18:19

Թուրքական Anadolu գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին, հայտնում է, որ կիրակի օրը՝ մարտի 6-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։

«Պատերազմը պետք է անհապաղ դադարեցնել։ Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին։ Պետք է հրադադարի հնարավորություն տալ, ձևավորել մարդասիրական միջանցքներ։ Եթե պատերազմը ձգձգվի, կործանիչ հետևանքներն իրենց վրա կզգան ոչ միայն Ռուսաստանը կամ էլ Ուկրաինան, այլ ողջ տարածաշրջանը»,- նշել է Քալընը։

18:12

Ուկրաինայի հարավում, Խերսոն և Օդեսա քաղաքների միջև խոցվել է ռուսական ևս մեկ ռազմական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում է УНИАН-ը։ Պարբերականը նաև հրապարակել է օդաչուի հարցաքննության տեսանյութը։

18:04

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեռնիգովում խոցվել է ռուսական Су-34 կործանիչ։ Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ ձերբակալվել։ Տելեգրամյան ալիքներում հրապարակվել է ձերբակալված օդաչուի տեսանյութը, ինչպես նաև լուսանկար, որտեղ ենթադրաբար նա կանգնած է Պուտինի, Շոյգուի և Ասադի հետ միասին։

 

17։54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին․ հայտարարել է, որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, եւ մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։

17։48

Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է մնալ ծանր, և փախստականների թիվը մինչև շաբաթվա վերջ ներկայիս 1,3 միլիոնից կարող է հասնել 1,5 միլիոնի: [ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար] |reuters.com|

17։42

Հազարավոր մարդիկ հավաքվել են աշխարհի տարբեր քաղաքներում՝ բողոքելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ։ Մասնավորապես՝ Շվեյցարիայում, Խորվաթիայում, Թաիլանդում են, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Լոնդոնում և Բաթում։ |bbc.com|

17:37

Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյա Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ. «Ես զրուցել եմ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Հիմնական թեման ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն էր»:

17:36

Կարմիր խաչը հայտնում է, որ այսօր Մարիուպոլից և Վոլնովախայից անվտանգ հումանիտար անցում չի բացվի։

 

17։35

Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում հայտնել է, որ իրենք արդեն մտածում են ուկրաինական քաղաքները, տնտեսությունը վերականգնելու մասին․ «Ես զրուցել եմ Համաշխարհային բանկի տնօրեն Դաիդ Մալպասի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգող տնօրեն Կրիստալինա Ջորջիևայի հետ։ Մենք համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում։ Արդեն կա արտակարգ օգնության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար միլիարդավոր դոլարների որոշում»։

17։34

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարն ասում է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ոչ միայն կմեծացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար վտանգը, քանի որ նրանք կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական ինքնաթիռների հետ, այլ նաև կարող է խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը: |bbc.com|

17:26

Պուտինը փողի մասին.

  • Ռուսաստանին անհրաժեշտ է բիզնեսի համար առավելագույն տնտեսական ազատություն,
  • Նա աջակցում է տնտեսական հանցագործությունների համար քրեական հետապնդումից հրաժարվելու գաղափարին, հատկապես, եթե փոխհատուցվել է վնասը,
  • Բոլոր կենսաթոշակներն ու սոցիալական վճարները կինդեքսավորվեն ըստ նախատեսվածի։

17։23

Ուկրաինայի ապառազմականացման համար շատ բազմազան տարբերակներ կան․ դրանք Կիևի հետ բանակցային սեղանին են, հույս ունենք՝ դրական արձագանք կլինի։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |ria.ru|

17։16

Գերմանական ARD և ZDF հեռուստաընկերությունները ժամանակավորապես դադարեցնում են հեռարձակումները Մոսկվայի ստուդիաներից: Որոշումն ընդունվել է կեղծ լուրերի մասին ռուսական նոր օրենքի ընդունման ֆոնին, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։ [DW]

17:14

Պուտինի մտքերը կին օդաչուների և բորտուղեկցորդուհիների հետ հանդիպման ժամանակ.

  • Ուկրաինա գրեթե ողջ ռազմական ենթակառուցվածքները ոչնչացված են, փաստացի ավարտվել է «ՀՕՊ ոչնչացումը»,
  • «ՌԴ ԶՈւ գործողությանը» չի մասնակցում որևէ ժամկետային։ Ռուսաստանի իշխանությունները չեն նախատեսում ուղարկել պահեստազորին, որոնք զորակոչվում են հավաքների,
  • Այլ երկրների կողմից Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է ընկալվել որպես մարտական գործողություններին մասնակցություն,
  • Ուկրաինայում «գնդակահարում են առանց դատարանի և քննության բոլոր նրանց, որոնք դեմ են արտահայտվում ՌԴ-ի դեմ պատերազմական գործողություններին»,
  • Ռուսաստանում ևս կան նեոնացիստներ, «հիմարներ, որոնք վազում են սվաստիկայով», բայց նրանք չեն աջակցվում պետական մակարդակով,
  • «Հատուկ գործողության» որոշումը ծանր է եղել։

17։02

Երեկ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ՌԴ-ին աջացկող երթ է տեղի ունեցել։ [bbc.com] 

16:58

Վլադիմիր Պուտին. ՌԴ տարածքում որևէ հատուկ վիճակ չի նախատեսվում սահմանել։ Նրա խոսքով՝ «ռազմական դրությունը մտցվում է արտաքին ագրեսիայի պարագայում։ Ռուսաստանում այդպիսի իրավիճակ հիմա չկա և, կարելի է հուսալ, որ չի լինի»։

16։54

ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ սենատոր Գրեհեմի «սադրիչ հայտարարությունների առնչությամբ»։
«ԱՄՆ վարչակազմի՝ սենատոր Գրեհեմի դեմ կոնկրետ գործողություններ չձեռնարկելը հետագա կործանարար ազդեցություն կունենա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

16։50

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից ժամանակավոր դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների։ Որոշումը պայմանավորված է թռիչքները խոչընդոտող լրացուցիչ հանգամանքներով։

16:49

Ուկրաինական պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, ձերբակալության փորձի ժամանակ, սպանել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլի ժամանակ ուկրաինական պատվիրակության մասնակիցներից մեկին՝ Դենիս Կիրեևին։ 

Կիրեևի սպանության մասին հայտնել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նրանց պնդմամբ՝ Կիրեևին կասկածում էին պետական դավաճանության մեջ։ Կասկածներն առաջացել են, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի գաղտնալսումից հետո։
 
 

16:35

Իտալիայում ձերբակալվել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի և գործարար Ալիշեր Ուսմանովի առանձնատները։

16։29

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վ.Մակեի հետ։ Նրանք քննարկել են միջազգային ասպարեզում ռուս-բելառուսական համագործակցության հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականացումը։ Լավրովը հատուկ շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրելու և հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Նախարարները պայմանավորվել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների հետագա քայլերի շուրջ։ [ՌԴ ԱԳՆ]

16:22

Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում։ Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ ՌԴ-ի հետ։ [Սերգեյ Լավրով] |tass.ru|

16:11

Ուկրաինական և ռուսական իշխանությունները միմյանց մեղադրում են Մարիուպոլի բնակիչների տարհանման տապալման մեջ։

 
 

16:02

Аэрофлот-ը մարտի 8-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները։

15:48

Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։ Հիմնական մտքերը.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հերթական տեսաուղերձով։ Ահա հիմնական մտքերը.

  • Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի հաստատելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին ուղղված պահանջի մասին. «Ամերիկացիների 74 %-ը կողմ է ոչ թռիչքային գոտուն, 74: Բացարձակ մեծամասնություն։ Էլ ի՞նչ է պետք որոշումների ընդունման համար։ Մենք վստահ ենք. այդպիսի արդյունք է նաև ժողովրդավարական մյուս երկրներում»,
  • Ռուսաստանի հետ բանակցությունների մասին. «պայմանավորվել ենք առաջին քայլի մասին, կտեսնենք, թե արդյոք կարելի է առաջ շարժվել»,
  • հումանիտար միջանցքի մասին. «Ուկրաինան անում է ամեն ինչ, որպեսզի պայմանավորվածությունները գործեն՝ մարդկանց փրկելու համար։ Բոլորը, որոնք օգնության կարիք ունեն, պետք է ունենան ելքի հնարավորություն։ Ով ցանկանում է։ Բոլորը, որոնք կարող են պաշտպանել իրենց քաղաքը, պետք է շարունակեն պայքարը»,
  • Լեհաստանի կողմից Ուկրաինային օգնության մասին. «Հիմա երկրների միջև փաստացի սահման չկա»,
  • Ռազմաճակատում առկա իրավիճակի վերաբերյալ. «Ուկրաինայի զինված ուժերը խիզախորեն պահում են պաշտպանությունը բոլոր ուղղություններով, ռուսական կողմը կրում է սարսափելի կորուստներ»,

15։46

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ ժամը 9-ից երկու մարդասիրական միջանցք ենք ստեղծելու։ Ես արձանագրում եմ այն փաստը, որ ՌԴ-ն խախտել է պայմանավորվածությունը, նույնիսկ Կարմիր Խաչի միջնորդությամբ չի պահել իր ստանձնած պարտավորությունները»։

15:34

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ «օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը»   ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար»։ |ria.ru|

15:34

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ ռուսական զորքերը չեն պահպանում «լռության ռեժիմը»

Ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է ռմբակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա մատույցները։ Այդ մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։ Այդ պատճառով խաղաղ բնակչության տարհանումը տեղափոխվել է։

«Բոլոր մարիուպոլցիներին խնդրում ենք ցրվել և շարժվել թաքստոցների ուղղությամբ։ Տարհանման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կտեղադրվի առաջիկայում։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ լռության ռեժիմի հաստատման և անվտանգ հումանիտար միջանցքի ապահովման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

15։28

Ռուսական օդային և հրետանային հարվածների տեմպերը Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի ցածր են եղել, քան նախորդ օրերին, սակայն ենթադրվում է, որ ռուսական ուժերը առաջ են շարժվում երկրի հարավում։ Ուկրաինան շարունակում է պահել առանցքային քաղաքները՝ Խարկովը, Չերնիգովը և Մարիուպոլը։ Սումիում փողոցային կռիվների մասին հաղորդումներ են եղել: Շատ հավանական է, որ ռուսական ուժերը շրջափակել են բոլոր չորս քաղաքները։ [Մեծ Բրիտանիայի ՊՆ]

15:23

Նավալնու թիմը հայտարարել է իր լրատվամիջոցի բացման մասին։ Դա «Популярная политика» յութուբյան ալիքն է, որն ունի ավելի քան 500 000 բաժանորդ։

 

15:12

Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսը հայտնել է Ուկրաինայում 32-ամյա մայոր Սերգեյ Կաշանսկու զոհվելու մասին։

 

15:02

Ռոսավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տվել դադարեցնել թռիչքներ իրականացնել դեպի արտասահմանյան երկրներ և այնտեղից Ռուսաստան։

14։56

Գերմանիան հակաօդային պաշտպանության միջոցներ կտեղակայի Լիտվայում, իսկ Միացյալ Նահանգները տանկերով զինված գումարտակ կուղարկի այնտեղ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

14:51

ՌԴ-ում «ֆեյքերի վերաբերյալ օրենքի» կիրառման ոլորտը ցանկանում են ընդլայնել 

Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտենը հայտարարել է, որ ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ ֆեյքային լուրերի տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկման վերաբերյալ օրենքը կարող է տարածվել նաև Ռոսգվարդիայի և ուժային մյուս կառույցների վրա, որոնք Ուկրաինայում մասնակցում են ռազմական գործողություններին։

14։50

Լեհաստանի եւ Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը սահմանին, իրավիճակն այնպես կազմակերպել, որ ուկրաինացի հազարավոր կանայք ու երեխաներ արժանի վերաբերմունք ստանան։ Ոչ ոք չի հարցնում՝ ինչ ազգություն ունեն նրանք, ինչ հավատք, որքան գումար ունեն։ Փաստացի, մենք այլեւս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ։ Որովհետեւ մենք միասին բարու կողմն ենք։ [Վլադիմիր Զելենսկի]

14։45

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ ռուսական կողմը չի պահպանում լռության ռեժիմը և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանման ժամը փոխվում է։ Հավելենք, որ ուկրաինական կողմը ավելի վաղ հաստատել է ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ ժամանակավոր «լռության ռեժիմի» անցնելու վերաբերյալ։

14:39

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • «Ռուսական զինվորականների գործողությունների վերաբերյալ ֆեյքերի տարածման համար քրեական պատասխանատվության ենթարկման օրենքը խիստ անհրաժեշտություն էր Ռուսաստանի դեմ ծավալվող տեղեկատվական պատերազմի պատճառով»,
  • «ՌԴ զինված ուժերի վարկաբեկման համար պատժի մասին օրենքն ընդունվել է, այն պետք է իրագործել»,
  • Պեսկովն այն հարցին, թե ինչպես ռուսաստանցիները պետք է արտահայտեն իրենց տեսակետը, որը չի համընկնում պետական դիրքորոշման հետ, պատասխանել է. «Օրենքի շրջանակներում»,
  • «Արևմտյան ընկերությունները աստիճանաբար կվերադառնան ռուսական շուկա և հետաքրքրված կլինեն նրանով, որ լցնեն բացթողածը»։ Պեսկովը նաև նշել է, որ ապագայում Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ընկերությունների տեղերը կարող են ուրիշները զբաղեցնել։
  • «ԱՄՆ պլանները, սահմանափակելու ռուսական նավթի օգտագործումը, կարող է խառնել էներգետիկ շուկաները։ Դա կունենա լուրջ հետևանքներ»։
  • «Հիմա Ռուսաստանի տնտեսության մեջ առկա իրավիճակը արտակարգ է և այն պահանջում է արտակարգ միջոցներ»,
  • «Այլ երկրների կողմից տնտեսական ավազակությունը Ռուսաստանից պահանջում է համապատասխան արձագանք»,
  • «Աշխարհը շատ մեծ է, որպեսզի Եվրոպան կամ ԱՄՆ-ն կարողանան մեկուսացնել այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է»։

14:23

Zara, Massimo Dutti, Bershka, Pull&Bear խանութները դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։

14։22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ալբանիայի վարչապետի Էդի Լամայի հետ։ Զելենսկին նշել է, որ վարչապետին պատմել է ռուս հարձակվողների դեմ պայքարի մասին․ «Քննարկվել են ՄԱԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր։ Գնահատում ենք Ալբանիայի պրակտիկ օգնությունն ու աջակցությունն այս ծանր ժամանակներում։ Անում ենք ամենը պատերազմը կանգնեցնելու համար»։

14։08

ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակելու են լինել Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին․ «Մենք անհապաղ տրամադրում ենք 500 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կտարամդրենք ավելին։ Մենք աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Եվ մենք միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների հետ անում ենք ամեն ինչ, որ ստեղծենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի ներսում։ [Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ հայտարարությունը]

14:06

«Новая газета»-ի լրատվական ծառայությունը դադարեցնում է իր աշխատանքը։ Պարբերականի հայտարարությունը.

«Մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 00:00-ից «Новая газета»-ն ժամանակավորապես հրաժարվում է լրատվական հաղորդագրությունների ձևաչափից՝ լրագրողների քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով»։

14։02

ԵՄ-ն հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին՝ դադարեցնելով խորհրդում ՌԴ-ի և Բելառուսի գործունեությունը։ «Այս որոշումը ԵՄ և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։ |reuters.com|

13։41

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) ասել են Starlink-ին արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները։ Մասկը նշել է․ «Մենք դա կանենք, եթե զենքի սպառնալիքի լինի»։

13։40

«Ուկրաինական երկաթուղիներ»-ը հրապարակել է տարհանման համար նախատեսված գնացքի պայթեցված գծերի լուսանկարը։

13:39

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ. ռազմական գործողությունների սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները գերազանցել են 10 000-ը։

13։32

Հենց այս պահին Խերսոնում ավելի քան երկու հազար մարդ հանրահավաք է անում՝ բղավելով «Խերսոնը Ուկրաինա է»։ [Ուկրաինայի Գերագույն ռադա]

13:28

Խերսոնում սկսվել է հակառուսական բողոքի ցույց։ BBC-ի ուկրաինական ծառայության տվյալներով՝ դրան մասնակցում է «մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար մարդ»։ Ռուսական զինծառայողները դեպի երկինք կրակ են բացել։ Տուժածների մասին չի նշվում։

13։25

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ռազմական գործողությունների ընթացքն արդեն իսկ չի եղել այնպես, ինչպես կարող էր ծրագրած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցին, թե արդյո՞ք ինքը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել, Բլինքենը հայտնել է. «Ժամանակի ընթացքում, միանշանակ»։ |bbc.com|

13:19

Новая газета-ն դադարեցրել է Ուկրաինայում մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Պատճառը՝ «ռուսական զինվորականների գործողությունների վերաբերյալ ֆեյքերի տարածման համար» քրեական պատասխանատվության ենթարկման աղմկահարույց օրենքն է։

Սա նշանակում է, որ ցանկացած տեղեկատվության տարածում, որը կտարբերվի ՌԴ պաշտոնական դիրքորոշումից և կլինի ռուսական կողմի դեմ, այդ թվում ռուսական զինուժի կորուստների, ուկրաինական կողմի հայտարարությունների վերաբերյալ, կարող է քրեական պատասխանատվության պատճառ հանդիսանալ։

13:04

Իլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային։

 

13:03

Ռուսաստանի հարավում փակ երկնքի ռեժիմը երկարացվել է մինչև մարտի 14-ը։ Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունում TACC-ի աղբյուրը։ Ավելի ուշ, դա հաստատել են նաև «Аэродинамика» ընկերությունը և Կրասնոդարի օդանավակայանը։

13:00

Ճապոնական Komatsu, Hitachi և Panasonic ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքի դադարեցման մասին։

12։58

Ամենից խոցելին Ուկրաինայի երկինքն է․ ագրեսորն ակտիվորեն գործածում է իր օդային ու հրթիռային ներուժը։ [Ուկրաինայի պաշտպանության նախարար]

12։57

Թշնամիները (ռուսական կողմ- խմբ․) Իրպենի շրջանում պայթեցրել են երկաթուղային գծերը՝ անհնարին դարձնելով երկաթուղով տարհանումը։ Այս մասին հայտարարել է Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը՝ մարդկանց կոչ անելով գնալ Նովոիրպենսկայա մայրուղի, որտեղ ավտոբուսներով տարհանում կիրականացվի դեպի Կիև։

12:54

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է այս հանգստյան օրերին

Այդ մասին հեռոխասազրուցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, նշվում է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ուկրաինական կողմը նշել էր, որ բանակցությունները կարող են կայանալ մարտի 5-ին կամ 6-ին։

Հիշեցնենք, որ բանակցությունների երկրորդ փուլն կայացել էր մարտի 3-ին։

12:51

Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն հայտնել է սպայի մասին, որն Ուկրաինայում իր գործողությունների համար ստացել է Ռուսաստանի հերոսի կոչման։ 

12:48

Բուրյաթիայի կառավարությունը հայտնել է Ուկրաինայում իր ութ բնակիչների զոհվելու մասին։ Եվս 40-ը վիրավորվել են։

12:46

Խերսոնում տեղացիները դուրս են եկել ռուսական զինծառայողների դեմ։

12:42

Մարիուպոլում թալանվել է մթերային խանութներից մեկը։

12:28

ՌԴ պաշտպանության նախարարության ճեպազրույցի հիմնական մտքերը.

  • ԴԺՀ (Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության) ուժերը գիշերը 27 կիլոմետրով առաջ են շարժվել` իրենց վերահսկողության տակ վերցնելով 7 բնակավայր։ Նրանք շարունակում են սեղմել Մարիուպոլի շուրջ ստեղծված օղակը։
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել 10 բնակավայր, Ժիտոմիրում ոչնչացրել զինամթերքի պահեստ, որտեղ պահվում էր Javelin տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ։
  • Գործողության ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2037 օբյեկտ, խոցվել 82 ինքնաթիռ, 708 տանկ և այլ զրահամեքենա, 56 անօդաչու։

12:21

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տարածած թարմացումը։ Հաղորդագրության հիմնական մտքերը.

  • Ռուսական զորամասերը բարոյալքված են, զինծառայողներն ու սպաները շարունակում են հանձնվել, փախչում են՝ հանձնելով զենքերն ու տեխնիկան,
  • Ռուսական բանակը շարունակում է արկակոծել խաղաղ բնակիչներին և խաղաղ ենթակառուցվածքների օբյեկտները,
  • Ուկրաինայի զորքերը շարունակում են պահել իրենց դիրքերը բոլոր ուղղություններով, իսկ որոշ ուղղություններով հակահարձակման են անցնում։ 

12:17

Coursera կրթական հարթակը սահմանափակում է Ռուսաստանում իր գործունեությունը

Coursera-ն դադարեցնում է համագործակցությունը ռուսական կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև ռուսական համալսարաններից և մյուս գործընկերներից կթաքցնի բովանդակությունը։ Բացի այդ, հարթակի ռուսական օգտատերերը չեն կարողանա ձեռքբերել վճարովի դասընթացները։

12:12

PayPal համակարգը հեռանում է Ռուսաստանից

Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դեն Շուլմանը հայտարարել է, որ ընկերությունը «աջակցում է միջազգային հանրությանը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային դատապարտման գործում»։

«Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք Ռուսաստանում PayPal-ի աշխատանքը»,- հայտարարել է Շուլմանը։

PayPal-ում նշել են, որ ընկերությունը ռուսական օգտատերերին կտա ժամանակ, որ իրենց հաշիվներից հանեն միջոցները։

12:09

«Эхо Москвы»-ի տնօրենների խորհուրդը աշխատանքից հեռացրել է Ալեքսեյ Վենեդիկտովին։

12:07

TACC-ը հայտնում է, որ eBay-ը մարտի 3-ից դադարեցրել է Ռուսաստան և Ուկրաինա պատվերների առաքումը։ eBay-ի կայքում առաքումների դադարեցման ծանուցումը դրվել է դեռ փետրվարի 25-ին։

12:04

Մարիուպոլում մարտի 5-ին, տեղի ժամանակով ժամը 09:00-16:00-ը սահմանվել է լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել են Մարիուպոլի քաղաքային իշխանությունները։ Տեղի ժամանակով 11:00-ից (Երևանի ժամանակով 13:00-ից) կսկսվի խաղաղ բնակչության տարհանումը։ 

12:00

Ինչ է կատարվել մարտի 5-ի գիշերը, հակիրճ.

  • Սումիում պայթյուններ են հնչել, քաղաքային իշխանությունները զգուշացրել են հնարավոր փողոցային մարտերի մասին։
  • Մնացած քաղաքներից թարմ տվյալներ չկան, չկա կոնկրետ հստակություն նաև Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան հրապարակած տվյալների մեջ էլ։
  • Ռուսաստան մատակարարումների դադարեցման մասին հայտարարել է նաև կորեական Samsung ընկերությունը, որին բաժին է ընկնում ռուսական սմարթֆոնների շուկայի գրեթե մեկ երրորդը։
  • Սինգապուրը հայտարարել է ռուսական բանկերի և պետության դեմ պատժամիջոցների մասին՝ նշելով, որ իր համար՝ որպես փոքր պետության, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վատ նախադեպ է։
  • Իտալիայում ձերբակալվել է «Северсталь»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի զբոսանավը, որը մինչև ռազմական գործողությունները և պատժամիջոցները մուլտիմիլիարդատեր էր։

11:49

Ամերիկյան Cogent Communications (CCOI.O) ընկերությունը մասամբ դադարեցնում է ինտերնետի ծառայությունները ռուս հաճախորդների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ուրբաթ օրը հայտարարել է Cogent-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Շեֆերը:

11։41

PayPal-ը դադարեցնում է իր ծառայությունները Ռուսաստանում։ Պատճառը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան է։ |reuters.com|

11։28

«Իտալիայի ոստիկանությունը առգրավել է «Lady M Yacht»՝ 65 միլիոն եվրո արժողությամբ նավը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի վարչապետի մամուլի խոսնակ Ֆերդինանդո Ջուլիանոն։ Ըստ գրառման՝ նավը, որը գտնվում էր Իմպերիայում, պատկանում է Ալեքսեյ Մորդաշովին։ Ջուլիանոյի խոսքով նավն առգրավվել է՝ համաձայն ԵՄ վերջին պատժամիջոցների։

11։05

Ռուսական Զինված ուժերը վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Պրիոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե և Լյուբիմովկա բնակավայրերը։ [ՌԴ ՊՆ] |ria.ru|

11։00

Զապորոժիեի շրջանում ճառագայթային վիճակի փոփոխություն չի գրանցվել, ճառագայթային գամմա ֆոնը գտնվում է նորմալ սահմաններում։ [Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչություն]

10:45

Մարդասիրական միջանցք կազմակերպելու իրավիճակը՝ 8:30 (Մոսկվայի ժամանակով 9:30) դրությամբ․ այս պահին (Երեւանի ժամանակով 10:30) ընթանում է մարդասիրական «կանաչ» միջանցքի բացման եւ Մարիուպոլի համար լռության ռեժիմի գործընթացը։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքը։

Մարդասիրական միջանցք կազմակերպելու իրավիճակը՝ 8:30 (Մոսկվայի ժամանակով 9:30) դրությամբ․ այս պահին (Երեւանի ժամանակով 10:30) ընթանում է մարդասիրական «կանաչ» միջանցքի բացման եւ Մարիուպոլի համար լռության ռեժիմի գործընթացը։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքը։

10։32

Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ, բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Մարդասիրական միջանցքնեն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ։ [ՌԴ ՊՆ] |tass.ru|

01։25

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։ |dw.com|

01։13

Ուկրաինայի վրա ոչ թռիչքայն գոտի ստեղծելու Արեւմուտքի փորձերը կհանգեցնեին ՌԴ-ի հետ պատերազմի։ Չնայած մենք (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ) անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ուկրաինացիներին ապահովենք ՌԴ-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցներով, միեւնույն ժամանակ մենք պատասխանատվություն ենք կրում, որ պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս չտարածվի։ Ոչ թռիչքային գոտի մտցնելու միակ միջոցը ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք ուղարկելն ու ռուսական ինքնաթիռները խոցելն է։ Եւ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում։ Եւ ինչպես հստակ հասկացրեց նախագահ Ջո Բայդենը, մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնել։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]

Թեմայի այլ նորություններ