Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը. ընտրված ուժերն իրենց պայմաններն են առաջ քաշում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը. ընտրված ուժերն իրենց պայմաններն են առաջ քաշում

Ո՞վ կլինի Երևանի հաջորդ քաղաքապետը. ընտրված ուժերն իրենց պայմաններն են առաջ քաշում

Սեպտեմբերի 17-ին անցկացված Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքներով ավագանու կազմ անցած ուժերից որևէ մեկը չունի մեծամասնություն և չի կարող ստանալ քաղաքապետի աթոռը։ Ավելի քան 234 հազար ընտրողների ձյաները բաշխվել են այսպես. 

  • «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ավելի քան 75 հազար քվե կամ ձայների 32,5 տոկոսը, 
  • «Ազգային առաջընթաց»-ը՝ ավելի քան 43 հազար քվե կամ ձայների 18,9 տոկոսը, 
  • «Մայր Հայաստան» դաշինքը՝ 15,4 տոկոսը, 
  • «Հանրապետություն»-ը՝ 11,3 տոկոսը, «Հանրային ձայն»-ը՝ 9,7 տոկոսը։
  • Մյուս կուսակցությունների հավաքած ձայներն անցողիկ 4 տոկոսից պակաս էին։

Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը, մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը.

Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 14-ը՝ «Ազգային առաջընթաց»-ը, 12-ը՝ «Մայր Հայաստան»-ը, 8-ը՝ «Հանրապետություն»-ը և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։

«Շեմը հաղթահարած քաղաքական ուժերը պիտի սպասեն մինչև գործող ավագանու լիազորությունների ավարտը, ինչը ենթադրում է հոկտեմբերի 10: Հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանին պետք է գումարի առաջին նիստը, եթե որևէ քաղաքական ուժ չունի 50+ մանդատ, ապա այդ դեպքում արդեն ավագանին պետք է երկշաբաթյա ժամկետում ընտրի քաղաքապետ», - ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Եթե այս 2 շաբաթվա ընթացքում ավագանու անդամները չկարողանան համաձայնության գալ ու ընտրել քաղաքապետի, կնշանակվեն նոր ընտրություններ։ Ավագանու կազմ անցած ուժերը արդեն սկսել են հայտարարել դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու իրենց պայմանների մասին։
 
 
Երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց»-ի թեկնածու Հայկ Մարությանը տեսաուղերձով հայտարարեց՝ որոշել են՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ չեն համագործակցի։ Մյուս երեք ուժերին՝ «Մայր Հայաստան»-ին, «Հանրապետության»-ը և «Հանրային ձայն»-ին առաջարկում է իրեն ընտրել քաղաքապետ՝ առանց որևէ նախապայմանի և ստվերային պայմանավորվածության։
 
«Իսկ ինչո՞ւ, քանի որ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ և սա շատ ազնիվ կլինի թե՛ մեր ընտրողների նկատմամբ, թե՛ ամեն մեկս մեր նկատմամբ, ոչ մեկն իր սկզբունքներից դուրս չի գա: Նաև գլխավոր նպատակն այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը զրկել քաղաքային իշխանությունից, այս նպատակը, որը բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն, կարող ենք ի կատար ածել», - նշեց Մարությանը:
 

Ըստ Մարությանի՝ քաղաքային իշխանությունը պետք է ստանձնի իր թիմը, իսկ մյուսները՝ չնայած կքվեարկեն իր օգտին, պաշտոններ չեն ստանա և կդառնան ընդդիմություն։ Հակառակ դեպքում, Հայկ Մարությանն առաջարկում է գնալ նոր ընտրությունների՝ քվորում չապահովելով և տապալելով առաջին նիստը, ինչի հնարավորությունը 3 ուժերը ունեն։ Մարությանի այս առաջարկն, ըստ էության, խառնեց խաղաթղթերը։

Մինչ այդ «Հանրային ձայն»-ի փաստացի առաջնորդ, ծանր հանցանքների համար հետախուզվող Վարդան Ղուկասյանն հայտարարել էր՝ պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց»-ի ու «Մայր Հայաստան»-ի հետ՝ վերցնելով քաղաքապետարանում վերահսկողական պաշտոններ։

«Ես ասում եմ՝ եթե գա մի պահ, որ ես զգամ, որ՝ ոչ, երկու կողմերն ասում են՝ չէ, մենք չենք ուզում ձեր մոտից քաղաքապետ, դուք ամենաքիչ ձայներն եք հավաքել, ես դրան էլ եմ համաձայն, բարի, այդ դեպքում եկեք որոշենք՝ ձեր երկուսից ով կլինի քաղաքապետ, ես դեմ չեմ: Ձեզանից ցանկացածին ես կողմ եմ, բայց մեկ պայմանով՝ վերահսկողական բոլոր վարչությունները տրվելու են «Հանրային ձայն»-ին: Դուք դառնում եք քաղաքապետ, վերահսկողական ապարատը անցնում է իմ կադրերին, այսինքն, ինձ: Հայկ Մարության Դուք քաղաքապե՞տ եք ուզում դառնալ, ես կողմ եմ, եկեք, նստեք քաղաքապետ, կարող եմ օբյեկտիվ ասել, որ Դուք շատ թույլ քաղաքապետ եք, մենք տեսանք Ձեր կառավարումը: Թևանյանն է ուզո՞ւմ, թող նստի Թևանյանը, դրան էլ եմ կողմ, նորից եմ կրկնում՝ վերահսկողական ծառայությունները իմն են, և պայմանագրով իշխանությունը, այսինքն կառավարումը հանձնելով ձեզ, պարոնայք քաղաքապետեր, դուք կստորագրեք», - հայտարարել է Ղուկասյանը:

«Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն, իր հերթին, նշել է. - «Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը և աջակցել որևէ մեկին, տվյալ դեպքում եթե Մարությանի անունն է տրվում, մենք խնդիր չունենք էդ մասով քննարկելու, բայց նախապայմանն այն է կամ հիմնական սկզբունքն այն է, որ թեկնածուն կիսի մեր մոտեցումն ամբողջական իշխանափոխության ծրագիր իրականացնելու մասով: Սա է, ուրիշ որպես այդպիսին բանակցություններ, քննարկումներ չեն եղել»:

Դաշինքում վստահ են՝ քաղաքապետի պաշտոնը վերցնելուց հետո կկարողանան փոխել նաև իշխանությունը, Թևանյանի խոսքով՝ Երևանում կենտրոնացած են վարչական մեծ լծակներ, թե ինչպե՞ս պետք է դրանք նպաստեն իշխանափոխությանը, նա առայժմ չի հստակեցնում։

«Երևանը հնարավոր է օգտագործել որպես իշխանափոխության գործիք, հիմա մենք բոլորս համոզվում ենք դրանում, ես էլ ասում եմ, որ հնարավոր է և անհրաժեշտ, որպեսզի ամբողջական իշխանափոխություն լինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա», - ընդգծել է Թևանյանը:

«Քաղաքացիական պայմանագիրն» էլ հայտարարել է՝ առաջիկա անելիքների մասին կխոսեն մոտակա օրերին:

«Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար: Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացած ձայների թվով առաջինն է եւ ամենամեծ խմբակցությունը կունենա Երեւանի ավագանիում:», - ասված է ՔՊ հայտարությունում:
 
Ավագանու կազմում համագործակցության պլանների մասին լռում է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որը նախկինում չի բացառել, որ կարող է համագործակցել իշխող ուժի հետ, նրանց դաշինքի դեպքում, սակայն, 2 ուժերը կունենան 32, ոչ թե քաղաքապետ նշանակելու համար անհրաժեշտ 33 մանդատ։
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։
 
«Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դիմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։ Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ