«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժմումը» մարտի 2-ին խիստ մտահոգիչ էր համարել նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը չստորագրելու դիրքորոշումը և հանդիպում պահանջել նրա հետ:
Հանդիպմանը մասնակցել են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը և ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Նա ասաց, որ ի գիտություն կընդունի մեր խոսքը և կիրականացնի իր սահմանադրական լիազորությունը»,- հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը որևէ բան չի ասել, թե ինչու ԳՇ պետին ազատելու միջնորդագրի հարցով չի դիմել ՍԴ: