Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    32%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    45%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    48%
    12 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    51%
    13 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    19%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    40%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    32%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    39%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.1624
  • Դոլար = 388.08

Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը

Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան: Հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսության բացման արարողությանը կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

 

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ:  Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը հատկանշական համարեց, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստան և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –րդ տարում:

«Անցած 30  տարիների ընթացքում մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով: Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա  փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»,-ասաց ԱԳ նախարարը:

Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, ավելի կխորանան  և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության շնորհիվ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաև հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը: «Այն կդառնա երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»,-ընդգծեց Միրզոյանը:

Նա հյուպատոսին շնորհավորեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: Այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախ նշեց, որ Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պրոֆեսիոնալ դիվանագետներից է: Նա վստահություն հայտնեց, որ Կապանում հյուպատոսության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի կառավարության, Երևանում ԻԻՀ  դեսպանության, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և, իհարկե, տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը:

«Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին: Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Նախարարը հույս հայտնեց, որ թե Երևանում դեսպանության, թե Կապանում հյուպատոսության գործընկերների  ջանքերի շնորհիվ կաշխատեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ավելի զարգացնել:

Աբդոլլահիանն ընդգծեց, որ Սյունիքի մարզը հանդիսանում է  հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: «Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը: Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումները, ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Վերջում նա փոխանցեց Իրանի կառավարության և ժողովրդի ջերմ ողջույնները:

Իրանը տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն չի ճանաչելու. եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն: Այս մասին ասաց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հարցին:

«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հստակ և բազմիցս հայտարարել են` թե երկրների տարածքային ամբողջականությունը, և թե միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն»,-ասաց հյուպատոսը:

Նա հիշեցրեց, որ Իրանի ԱԳ նախարարը ևս շեշտել է՝ ՀՀ անվտանգությունը ԻԻՀ-ի անվտանգությունն է: «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որևէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ և կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության և բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց Մորթեզա Աբեդին Վարամինը:

Իրանը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տալու տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխություն: Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու այս առնչությամբ գործնական քայլերը՝ հյուպատոսը հույս հայտնեց, որ որևէ երկիր թույլ  չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ: «Հակառակ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից համապատասխան հակազդեցություն կցուցաբերվի»,-նշեց նա:

Իսկ, թե կոնկրետ ինչպիսի՞ հակազդեցություն՝ հյուպատոսն ասաց, որ այդ հակազդեցությունը լինելու է տվյալ գործողությանը համարժեք:

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Ինչպես հայտնում է Արցախպրես լրատվական գործակալությունը, այս մասին հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:


-Արդյոք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելու է աշխատանքները։ Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։
 
-Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։
 
-Ինչպե՞ս է հյուպատոսությունը պատրաստվում նպաստել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։
 
-Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով այստեղ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Լիահույս եմ, որ հյուպատոսությունը մոտ ապագայում կօգնի զարգացնել մեր պատմական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, առևտրային, տնտեսական և այլն։
 
-Արդեն կա՞ն մշակված պլաններ կապված Սյունիքի հետ։
 
-Ինձ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ այստեղ մարդկանց, Սյունիքի մարզի պաշտոնյաների հետ ծանոթանալու համար, և դրանից հետո մենք կորոշենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելի լավ համագործակցել։
 
-Բայց ակնհայտորեն Կապանում հյուպատոսության բացումը նաև քաղաքական մեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերից ընդամենը 2կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, թե ինչու է հյուպատոսությունը Սյունիքում բացվում հենց այժմ։
 
-Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։
 
-Արդյոք քաղաքական իրավիճակն էր առաջին պատճառը Սյունիքում հյուպատոսության բացման համար։
 
-Կարծում եմ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Այս որոշումը տարիների պատմություն ունի և մենք այժմ ականատես ենք լինում հյուպատոսության բացմանը։
 
-Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպես անհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։
 
-Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։
 
-Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։
 
-Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։

Թեմայի այլ նորություններ