ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    60%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

«Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, եւ այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որեւէ երկիր ենք գնում, մեզ համար կարեւոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաեւ մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարեւոր բաղադրիչը»,-ասել է Նենսի Փելոսին:

Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսին հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո.

«Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը:

Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում:

Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ:

Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար:

Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը:

Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: Փելոսին այս մասին հայտարարեց Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում:

Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:

«Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին:

 

Նա հավելեց. «Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է  ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»:

Նա հիշեցրեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձև, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատմությունը ջնջելու ջանքերի դեմ էր: «Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով ԱՄՆ կառավարությունը կարող էր ցեղասպանության մերժման հարցի հետ առնչություն ունենալ»,- նշեց Փելոսին:

Թեմայի այլ նորություններ