Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները և ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել են ՀՀ փոխվարչապետերի, ԱԳՆ-ի, ԱԽ քարտուղարի և ԱԺ նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    11%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Լոռի 24°C
    42%
    14 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    52%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    12%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    50%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    11%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    33%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    11%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    21%
    12 կմ/ժ
  • Արցախ 23°C
    48%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.16947
  • Դոլար = 388.08

Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները և ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել են ՀՀ փոխվարչապետերի, ԱԳՆ-ի, ԱԽ քարտուղարի և ԱԺ նախագահի հետ

Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանները և ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել են ՀՀ փոխվարչապետերի, ԱԳՆ-ի, ԱԽ քարտուղարի և ԱԺ նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:
 

Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությամբ:

«Հարգելի՛ դիվանագետներ, ես՝ որպես խորհրդարանական, ցանկանում եմ ձեզ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին և ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:

Շնորհակալություն հայտնելով ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:

ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այս օրերին կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և նրանց առաջնային խնդիրների լուծման վրա, որն առավել արդյունավետ կարող է լինել միայն միջազգային ուժեղ ներգրավման դեպքում: Նա հավելել է, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից արդեն իսկ հատկացված մարդասիրական օգնությունը:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ, այնտեղ մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև խորհրդարանական ընդդիմության, խորհրդարանում կանանց ներգրավվածության, որոշումների վրա կանանց ազդեցության հարցերով:

Ավելի վաղ, նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է հանդիպել Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումներին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ա. Գրիգորյանը դեսպաններին նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
 
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զանազանեցմանը:
 
Նշենք, որ նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:
 

Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը:

Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:

Ավելի վաղ կայացել է փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Թեմայի այլ նորություններ