Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին արևմտյան տնտեսական պատժամիջոցներն ու սահմանափակումները ստիպում են ռուս գործարարներին իրենց գործունեության համար նոր վայրեր փնտրել:
Այլընտրանքային ճանապարհ նրանք տեսնում են նաև Հայաստանում: Որոշ ընկերություններ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխելու գործընթացն արդեն սկսել են: Նրանց աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Գերատեսչությունը ստեղծել է գործող բիզնեսն այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։
«Work From A» կազմակերպության գործադիր տնօրեն, Երևանի ավագանու անդամ Գայանե Խաչատրյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ վերջին մի քանի օրերի ընթացքում 10-ից ավելի ռուսական ընկերություններ ու անհատներ դիմում են, որպեսզի իրենց գործունեությունը ամբողջապես տեղափոխեն Հայաստան: Կազմակերպությունը, էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելով, աջակցում է ռուս գործարարներին:
«Այս ընթացքում մեզ դիմում են բավականին խոշոր ռուսական ընկերությունների տնօրեններ: Ցանկանում են տեղափոխվել նաև իրենց ամբողջական աշխատանքային կազմով: Մենք նրանց օգնում ենք տեղափոխման հետ կապված խնդիրներով, բնակարան վարձելու, բեռներ տեղափոխելու, միջավայրին հարմարվելու հարցերով: Հիմնականում դիմում են ԱյԹի ոլորտի հետ կապված ընկերությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Բացի ընկերություններից, Հայաստան տեղափոխվելու հարցով դիմում են նաև անհատներ, որոնք ցանկանում են այստեղ աշխատանք գտնել: Նրանք կազմակերպությանն ուղարկում են իրենց կենսագրականները: Խաչատրյանն ասում է՝ ռուսական բիզնեսը արևմուտքի կողմից ՌԴ-ի հանդեպ կիրառված պատժամիջոցների հետևանքով չի կարողանում աշխատել եվրոպական երկրների ու ընկերությունների հետ: Բիզնեսին մեծ վնաս է հասցրել հատկապես արևմուտքի կողմից ռուսական բանկերը SWIFT միջազգային վճարային համակարգից անջատելը:
«Ռուսաստանից ՀՀ եկող քաղաքացիները վիզայի հետ կապված խնդիր չունեն: Տեղափոխման ընթացքում միակ դժվարությունը ՌԴ քաղաքացիների շրջանում այն է, երբ անցակետում ստուգումներ են անցկացնում՝ տվյալ մարդու կենսագրականը հասկանալու համար: Այս մասով երբեմն դժգոհություններ են լինում, ասում են, որ ուզում են իրենց բիզնեսը տեղափոխել, բայց շատ ստուգումներ են լինում: Իսկ ընդհանուր առմամբ տեղափոխման գործընթացը հիմնականում հեշտ է լինում»,- պարզաբանեց Խաչատրյանը:
Պատահում է նաև, որ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխել ցանկացող գործարարները կամ ընկերության համահիմնադիրները ազգությամբ հայ են լինում, ասում է «Work From A» կազմակերպության գործադիր տնօրենը: Ուկրաինայից այս պահին կազմակերպությանը դիմել է մեկ անհատ՝ Հայաստանում աշխատանք գտնելու հարցով:
Գայանե Խաչատրյանի խոսքով՝ այս գործընթացը դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա:
Իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխելու համար ռուս գործարարները դիմում են նաև «Լեգիտիմուս» իրավաբանական կազմակերպությանը: Ընկերության փաստաբան Մարիետա Միրիբյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ՌԴ-ում գործող պատժամիջոցներով է պայմանավորված, որ ռուսական բազմաթիվ ընկերություններ դիմում են՝ Հայաստան իրենց բիզնեսը ամբողջական տեղափոխելու հարցով:
«Մեզ դիմում են թե՛ անհատներ, թե՛ ընկերություններ: ՍՊԻ-ի դեպքում անհրաժեշտ են ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հասցեն, տնօրենի տվյալները, որից հետո հավաքվում է ընկերության համար կարևոր փաստաթղթերի ցանկը: Հիմնականում դիմում են ԱյԹի ոլորտի ու մատակարարման հետ կապված ընկերությունները»,- ասաց նա:
Գործարարներին աջակցություն տրամադրելու համար Էկոնոմիկայի նախարարությունը գործարկում է նաև արագ արձագանքման էլեկտրոնային հասցե: Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն՝ ընկերության անվանման և ոլորտի, աշխատակիցների քանակի, տեղափոխման մոտավոր ժամկետների, տեղափոխման հետ կապված հիմնական հարցերի մասին, ինչպես նաև տեղեկատվություն պատասխանատու անձի մասին, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարեց՝ նախարարություն դիմել են 100-ից ավելի ընկերություններ, որոնք ունեն ուղիղ առնչություն արևմտյան շուկայի հետ: Մեր երկրի հանդեպ ռուս գործարարների հետաքրքրվածությանը նպաստում են դրական վերաբերմունքն ու բարենպաստ բիզնես միջավայրը: