2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան

2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան

2021 թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ:

«Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերության եւ շինարարության տեմպերը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական աճին: Մինչդեռ գյուղատնտեսության նվազումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա»,- նշել է ֆինանսների նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ սպառման աճը կազմել է 3,7 տոկոս, արտահանումն աճել է 16,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10,9 տոկոսով:

Հաշվետու տարվա ընթացքում մի քանի անգամ վերանայվել են տնտեսական աճի կանխատեսումները, եւ փաստացի արձանագրվել է 5,7 տոկոս աճ: Ամբողջ տարվա ընթացքում եղել է գնաճային բարձր ֆոն: Միջին գնաճը կազմել է 7,2 տոկոս. սա նաեւ այն գործոնն է, որը նկատվում է այս տարվա ընթացքում: «Գնաճն ամբողջ աշխարհում է եղել նկատելի թե՛ նախորդ տարվա ընթացքում, թե՛ այս տարվա»,- հավելել է նախարարը:

Աշխատանքի շուկան արձանագրել է դրական զարգացումներ, 2020 թ. համեմատությամբ՝ նկատելի է միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Մասնավորապես, միջին աշխատավարձը 2021 թ. 7,6 տոկոսով ավելի բարձր է եղել 2020 թ. համեմատ:

ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4,6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,8 տոկոսային կետով, իսկ Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,3 տոկոս՝ նախորդ տարվա փաստացի արդյունքից նվազելով 3,2 տոկոսով:

Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 690 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 49 մլրդ դրամ: Արձանագրվել է 359,1 մլրդ դրամի պակասուրդ:

«Ծախսերի կատարողականը կազմել է 97,8 տոկոս, ըստ ճշտված պլանի՝ ունեցել ենք 359 մլրդ դեֆիցիտ ֆինանսավորելու ծրագիր, փաստացի 320 մլրդ դրամ է կազմել ներգրավված միջոցների հաշվին ֆինանսավորումը կամ դեֆիցիտը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Պետական պարտքը 2021 թ. տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 3 մլրդ 6 մլն դոլարի, դրա գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրիլիոն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը 2 տրիլիոն 972 մլրդ եւ ներքինը՝ 1 տրիլիոն 237 մլրդ դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրահանգումով եզրակացությունը ներկայացրել է ՀՊ-ի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Վերջինիս խոսքով` եզրակացությունը ձեւավորվել է բացառապես ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների արդյունքում:

Կենտրոնական բանկի դրական եզրակացությունը եւ 2021 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունը 2021 թ. վերականգնվել է սպասվածից ավելի բարձր տեմպերով` արձանագրելով տնտեսական աճի 5,7 տոկոս մակարդակ: Աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին պահանջարկի վերականգնմամբ եւ որոշակի ներքին պահանջարկի աճի գործոններով: 
 
«ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը՝ այստեղ:

Թեմայի այլ նորություններ