«Արցախ՝ իմ տուն». Ազգային պատկերասրահը հանդես է եկել կրթական, ճանաչողական նոր ծրագրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

«Արցախ՝ իմ տուն». Ազգային պատկերասրահը հանդես է եկել կրթական, ճանաչողական նոր ծրագրով

«Արցախ՝ իմ տուն». Ազգային պատկերասրահը հանդես է եկել կրթական, ճանաչողական նոր ծրագրով

Երեխաներին, պատանիներին Արցախ աշխարհն առավել ճանաչելի դարձնելու, նրանց Արցախի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Արցախ՝ իմ տուն» կրթական ծրագիրը: Նախագծի շրջանակում 5-15 տարեկան մասնակիցները պետք է Արցախի վերաբերյալ թեմատիկ ստեղծագործություն նկարեն և լուսանկարներն ուղարկեն educationaldepartmentnga@mail.ru հասցեին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱՊ գիտակրթական բաժնի վարիչ Անի Նազարյանն ասաց, որ մինչ վերոնշյալ նախաձեռնությունը կյանքի են կոչել «Ձոն խաղաղության» նախագիծը, որի մասնակից երեխաները պատկերել են խաղաղությունն իրենց աչքերով: Հիմնական նպատակը երեխաներին պատերազմական իրականությունից կտրելն է եղել, իսկ «Արցախ՝ իմ տուն»  ծրագրին մասնակցելով երեխաներն ու պատանիներն առավել լավ կճանաչեն իրենց հայրենիքը՝ Արցախը:

«Նրանք կփորձեն ուսումնասիրել Արցախը, դիտել բազմաթիվ  լուսանկարներ, որևէ տեսարան կարող են հավանել ու պատկերել այն: Նախագծի վերնագիրը խորհրդանշական է. մասնակիցները պետք է հասկանան, որ Արցախը մեր հայրենիքն է: Նախատեսում ենք աշխատանքները ցուցադրել նաև թանգարանում: Այդպես կապ կստեղծենք երեխաների և մշակութային օջախի միջև»,-նշեց Նազարյանն ու հավելեց՝ արդեն 70 աշխատանք են ստացել, որոնք հրապարակել են «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Մասնակիցներն իրենց գործերը կարող են ուղարկել մինչև դեկտեմբերի 28-ը: Համացանցում առավելագույն հավանումների արժանացած տասը աշխատանքը և պատկերասրահի կողմից ընտրված 40 աշխատանք հունվարին կներկայացվի պատկերասրահի մասնաճյուղերից մեկում՝ կա՛մ  Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, կա՛մ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) թանգարանում:

Նազարյանի խոսքով՝ կան երեխաներ, որոնք մշտապես մասնակցում են պատկերասրահի կրթական ծրագրերին, նրանք անհամբեր սպասում են նորությունների ու մշտապես գրանցվում այս կամ այն նախաձեռնությանը մասնակցելու համար:

Համաճարակի տարածման ընթացքում Ֆինլանդիայից են մասնակիցներ ունեցել: «Հելսինկիի հայկական համայնքից շուրջ 8 առցանց կրթական ծրագրի է մասնակցել 15 երեխա: Ծրագրերը նախագծված էին հենց սփյուռքի համար: Պատկերասրահն ամեն օր աշխատանք է տանում երեխաներին կրթելու, հայկական և համաշխարհային մշակույթին ծանոթացնելու ուղղությամբ, անում է ամեն հնարավորը, որ ծրագրերն առավել հետաքրքիր լինեն և հասանելի նաև սփյուռքին»,-շեշտեց Նազարյանը:

Նրա համոզմամբ՝ մշակույթի առաջնային գործառույթը մարդկանց միավորելը, համախմբելն է: «Մեր ապագա սերունդը պետք է լավ ճանաչի սեփական մշակույթը՝ այն աշխարհում տարածելու համար, որպեսզի հակառակորդը երբեք չկարողանա այն ներկայացնել որպես իրենը»,-եզրափակեց Անի Նազարյանը:

Թեմայի այլ նորություններ