Ստեփանակերտի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    64%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    64%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    64%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Արցախ 15°C
    61%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.23574
  • Դոլար = 388

Ստեփանակերտի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի

Ստեփանակերտի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի

 Ստեփանակերտի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 40 հազար քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ հոկտեմբերի 30-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Ի՞նչ ուղերձներ է պարունակում Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը

Լինել Արցախի կողքին` նշանակում է կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին: Այս մասին  հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը:

«Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում, և մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ, և այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետև մենք ապրող ազգ ենք, և հակառակ տեսանելի և անտեսանելի թշնամիների, Արցախը պիտի ապրի և զորանա: 1988-ի անկախության «Այո»-ն մնում է այժմեական և ավելի զորեղ, որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ` անտարբերությունից հանելու շատերին և ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու, դառնա առ Աստված աղերս` փրկության և հավերժության համար»,- նշեց թեմակալ առաջնորդը՝ համոզմունք հայտնելով, որ  Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի քանի տասնյակ հազար արցախահայերի հանրահավաքն ու ներկայությունը, արդեն իսկ պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրների:

 «Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված, առերեսվում ենք գոյաբանական վտանգների: Ավելին՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում գոյաբանական վտանգների: Ապագան մեծապես կախված է Արցախից: Այս ծանր վիճակից պատվով դուրս գալու համար պետք է աշխատենք՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում: Ամենակարևորը՝ չպետք է անտարբեր լինենք: Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ: Պետք է լինենք սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը»,- ասաց արտգործնախարարը՝ ընդգծելով, որ անընդունելի է և մերժվելու է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս, իսկ տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից նման առաջարկների դեպքում, դրանք դիտարկվելու են որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը շեշտեց, որ Արցախի Ազգային ժողովի հոկտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստը, որտեղ ընդունվեց Արցախի խնդրի հետ կապված հայտարարություն, ու հանրահավաքը ուղերձ են  միջազգային հանրությանը և Արցախյան հիմնախնդրի կարգավորման դերակատարներին, որ Արցախի ժողովուրդը չի պատրաստվում որևէ կերպ զիջել ինքնորոշման իր հիմնարար իրավունքը:

«Մենք տարբեր հարթակներում բազմիցս շեշտել ենք, որ 1991 թվականին, Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ինքնորոշվելու և անկախ պետություն ունենալու մեր կամքն ենք արտահայտել: Արդյունքում՝ ունեցանք մեզ պարտադրված երեք պատերազմները, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստներ: Չի կարելի, ճնշելով կամ տարբեր մեխանիզմներ կիրառելով, մեզ պարտադրել հրաժարվել ինքնորոշման իրավունքից: Մենք չենք պատրաստվում այդ իրավունքը որևէ կերպ զիջել. սա է մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք ներկայացնել միջազգային հանրությանը, բոլոր դերակատարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի բոլորն էլ հասկանան, որ Արցախի ժողովուրդը պայքարելու է մինչև վերջ՝ իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքն  իրացնելու համար»,-նշեց Արթուր Հարությունյանը:

«Ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որը չի բխում այս տրամաբանությունից, մեզ համար անընդունելի է: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել բանակցային, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը: Այս պահին տեղի են ունենում որոշակի զարգացումներ, որոնք, մեր ընկալմամբ, որոշ շահերի բախման արդյունքում են ձևավորվում, հաշվի չեն առնվում միջազգային իրավանորմերը, իսկ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում: Բազմաթիվ անգամ Կոսովոյի օրինակն ենք ներկայացրել, որն ինքնորոշվել է և առանձին պետություն ստեղծելու իր կամքն է արտահայտել. մի դեպքում  ընդունվում է միջազգային հանրության կողմից, իսկ մյուս կողմից՝ մեր դեպքում՝ ոչ: Պատմության ընթացքում Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Հիմք ընդունել և առաջնորդվել այն հանգամանքով, որ 20-րդ դարի 20-ական թվականներին Խորհրդային Միության տարիներին Արցախը՝ որպես ինքնավար մարզ, բռնակցվել է Ադրբեջանին, անհեթեթություն է»,-հավելեց Արթուր Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված առաջարկը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ենթակա է կարգավորման բանակցային գործընթացով, ոչ թե ուժի կիրառմամբ, հնարավորություն է տալիս շարունակել պայքարը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանարահավաքի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հայտարարությունը, ելույթ են ունեցել մտավորականության և երիտասարդության ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել համայն հայությանը  համախմբել և սատար կանգնել Արցախի Հանրապետությանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Թեմայի այլ նորություններ