Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    30 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    30 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում. Նիկոլ Փաշինյան

Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ  Փառուխում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով՝ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում:

«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»:

Վարչապետն ընգծեց՝ ցավով են արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:

«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաեւ, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ: Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը:

«Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման Ադրբեջանի Արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ: 

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և ընդունում է, և չի ընդունում: Եվ սա արտահայտվում է հետևյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում ևայս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եվ հետո, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով և Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում»:

Փաշինյանն արձանագրեց՝ Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել ևչի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:

«Մյուս կողմից մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը ևերկաթուղին: Կառուցել ճանապարհ և երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և ճանապարհը, և երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,-իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը օգտագործում է էսկալացիոն տրամաբանությունը արդարացնելու խոսույթ ձեւավորելու համար Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցը:

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»: Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որեւէ տարընթերցման տեղ տալ եւ ակնհայտ է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր»:

Վարչապետը հայտնեց, որ Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել:

«Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչեւ օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար: Այս հարցում, սակայն, մենք եղել ենք եւ կանք մաքսիմալ ճկուն եւ հետքաշման մի քանի  բանաձեւեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաեւ սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու եւ այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:

Ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, եւ մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,-ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ