Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    0 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    23%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    0 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    67%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ:

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր  նշանակություն ունի: 

«Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում հայտնված երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Հատկապես գնահատելի են ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում դպրոցականներին և ուսանողներին հեռավար ուսուցման գործիքներ տրամադրելու, կրթական նոր հարթակներ ստեղծելու, ինչպես նաև ապահով վերաբացման համար դպրոցներին հիգիենիկ պարագաներով աջակցելու համատեղ ջանքերը: Կրթությունը մարդկային կապիտալի կառուցման և երկրի զարգացումը խթանող շարժիչ ուժերից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:

 ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, ներկայացնելով կրթության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, կարևորել է ներկայումս Հայաստանում կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկի՝ համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության համակարգում անցում է կատարվելու համընդհանուր ներառականությանը:

Կողմերն անդրադարձել են նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում: Նշվել է, որ համավարակով պայմանավորված առկա ուսուցման բացակայության պայմաններում երեխաներին դպրոցական սննդի շրջանակում տրվել են սննդի տուփեր:

Խոսելով համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման մարտահրավերի մասին` նշվել է, որ Հայաստանում միջազգային և տեղական կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների գործուն աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել հեռավար դասերին աշակերտների 85 տոկոս մասնակցություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ իրագործելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովմանը միտված աշխատանքները` առանձնահատուկ կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ համապատասխանաբար ԿԶՆ 4-ի և ԿԶՆ 2-ի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է Կրթության միջազգային գործընկերությանը Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես դրամաշնորհային գործակալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերակատարումը լավագույնս կնպաստի ծրագրի առաջին փուլի արդյունավետ իրականացմանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով:

Թեմայի այլ նորություններ