Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    93%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    60%
    26 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
 
Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
 
Եվրոպական խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
 
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992 թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
 
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
 
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց»:
 

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ԵԽ նախագահի տարածած հայատարարության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։

 Հայտարարության մեջ ասվում է՝
 
1․ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը` հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ:

2․ Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես` հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են:

Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են`

բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը,

ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում:

Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն:

3․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի` ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարկշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից:

Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության` նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ:

4․ Ադրբեջանի իշխանությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության  հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում:

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ  կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը:

Թեմայի այլ նորություններ