Գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված զիջումների տարբերակին․ Սերժ Սարգսյանին Սամվել Բաբայանի նամակի ամբողջական տարբերակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված զիջումների տարբերակին․ Սերժ Սարգսյանին Սամվել Բաբայանի նամակի ամբողջական տարբերակը

Գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված զիջումների տարբերակին․ Սերժ Սարգսյանին Սամվել Բաբայանի նամակի ամբողջական տարբերակը

Պարզվում է՝ դեռևս 2013 թվականին Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանին ուղղված փակ նամակով ասել էր, որ ստեղծված է ամեն ինչ կորցնելու վտանգ և հետագա արյունահեղություններից խուսափելու համար առաջարկել էր Սերժ Սարգսյանին գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված զիջումների տարբերակին, այսինքն Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների՝ ներառյալ Քարվաճառի հանձնմանը Ադրբեջանին։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գրասենյակը հրապարակել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին 2013 թ․ ուղղված նամակը։
Արցախյան 44-օրյա պատերազմը, ըստ էության, հետևանք էր հայկական երկու հանրապետությունների նախկին և ներկա իշխանությունների անգործության կամ էլ գուցե  ճիշտ հակառակը՝ գործունեության: Դեռ երկար ժամանակ հայկական և միջազգային հանրությունը շարունակելու է դատողություններ անել այն մասին, թե ինչու և ինչպես եռակողմ համաձայնությամբ ստորագրվեց կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը:
Հայկական միջավայրում ետպատերազմյան շրջանում ծավալված հասարակական-քաղաքական գործընթացներն ակամա անհրաժեշտություն առաջացրեցին հրապարակելու 2013 թվականի հունիսին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հղված Սամվել Բաբայանի ՆԱՄԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, որում վերջինս ներկայացնում է հայկական երկու հանրապետությունների ազգային անվտանգության սպառնալիքները, այդ համատեքստում զինված ուժերում առկա խնդիրները, ինչպես նաև դրանք հաղթահարելու ուղիները: Նամակը կարելի է որակել որպես ռազմական գործչի, փորձագետի վերլուծություն և դրա հիման վրա գծված ճանապարհային քարտեզ, որին պարտավոր էին արձագանքել իշխանությունները և որի անտեսումը հանգեցրեց ներկա իրավիճակին, ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նամակի տեքստը ստորև.

Հայաստանի Հանրապետության նախագահ

պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի´ Սերժ Ազատի,

Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ սույն ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության առջև ծառացած սպառնալիքները, մենք պարտավոր ենք մի կողմ թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներզորության ամրապնդման նկատառումներով:

Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ ներկայում մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:

Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հագեցվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`

Ներկայում Ադրբեջանի իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ պահանջելով ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:

ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցվել ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.

2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի՝ սպառազինության և մարտական տեխնիկայի գնման ռազմական պայմանագրերի ժամկետները:

Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով:

Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:

Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:

Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները:

Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի ռազմական պարտության, Արցախում մեր ձեռքբերումների կորստյան, մի քանի հազար նոր փախստաակնների և տնտեսական կոլապսի Հայաստանում:

Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող քաղաքական զիջումների տարբերակը, որով հնարավոր կլինի խուսափել անիմաստ արյունահեղությունից, անթիվ-անհամար զոհերից, ազգային տնտեսության քայքայումից և ռազմական ամբոջական պարտությունից:  Այսպիսի կարծիքը հիմնավորված է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատականով, ոչ թե պարտվողական տրամադրություններով:

Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:

Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:

Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:

Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: Օբյեկտիվորեն գնահատելով Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակը `կարծում եմ նպատակահարմար է օգտագործել Ձեր` որպես Հայաստանի պետության ղեկավարի հեղինակությունը` համախմբելու հայկական Սփյուռքի և հայկական բիզնես-միջավայրի ֆինանսական ներուժը` վերը նշված խնդիրները լուծելու համար: Հակառակ դեպքում, մեր կողմի պարտությունը հայկական բիզնեսի ներկայացուցիչների համար կհանգեցնի ֆինանսական և անձնական կորուստների:

Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:

Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը:

Սամվել Բաբայան, 26 հունիսի, 2013թ.

Թեմայի այլ նորություններ