Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը

Արցախի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության  վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում տեղեկություններ է ստացել   վերջին  մեկ-մեկուկես ամիսների  զարգացումների, հանդիպումների, Հայաստան այցելած տարբեր պաշտոնատար անձանց բարձաձայնած խնդիրների վերաբերյալ, որը  հիմք է հանդիսացել  եզրակացություններ անելու և հասկանալու ընդհանուր առմամբ Ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ տեսակետներ են հնչում կամ քննարկվում միջազգային հարթությունում:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասարակությանը պետք է ներկայացնենք իրականությանը, որի մեջ մեկ-մեկ լինում են այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը: ԱՄՆ-ի, Եվրոպայի ակտիվությունը  Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կամ խաղաղության պայմանագրի  հետ  են կապված: Մեզ համար պարզ է , որ Ադրբեջանի նախագահի և  Հայաստանի   Հանրապետության վարչապետի հետ Շառլ Միշելի, Մակրոնի  հեռախոսազրույցների  ու բազմաթիվ հանդիպումների   քննարկման  ժամանակ  նաև արծարծվում է Ղարաբաղյան խնդիրը: Եթե մինչև պատերազմը տարածաշրջանի գլխավոր թեման եղել է  իրենց ձևակերպմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ, իսկ մեզ համար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և ապագայի հարցը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը դարձել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև  կոնֆլիկտները, մարտական գործողությունները, քննարկվող թեմաները: Այդ  առումով մենք սթափ պետք է գնահատենք իրավիճակը մեզ համար նախընտրելի կամ հեռանկարային քաղաքական կուրսը որոշելու և դրանով առաջնորդվելու համար՝  առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից, որը քննարկման ենթակա չէ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝  հավելելով, որ  ցանկացած հանդիպման ընթացքում նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ:

Ըստ Արցախի նախագահի՝    Երևանում  ունեցած հանդիպումներից Արցախի պատվիրակությունը բավականին ինֆորմացված է  վերադարձել:

«Չնայած ինձ համար պարզ էր, քանի որ ամենօրյա օպերատիվ կապ ունեի և ՀՀ վարչապետի հետ, և Արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտության  դեպքում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որովհետև նրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր իրականացնում են բանակցությունները»,-ասել է Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր էին, սակայն կարողացել են պաշտպանել  Արցախի Հանրապետությունը և վերահաստատում է դիրքորոշումը, որ  Արցախը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ: Այդ պատճառով պատկերացնել  Արցախն այլ կարգավիճակում, անհնար է: Դե  ֆակտո անկախությունը չի քննարկվում: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման համար մեծ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝  տարիներ, տասնամյակներ: Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր բարեկամ  ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող  երկրների հետ»,-ասաց Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝   միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, Արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:

«Բայց դա չի խանգարում մեզ՝  իրացնելու ազգերի ինքնորոշման   ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Պետք է նշեմ, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, 20,30 տարվա չէ,  և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, չի ստորադասվում տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Արցախի նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Պրահայի  քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը՝  Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց   տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ,  Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:

«Տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, և մեր պայքարը հենց այդ շրջանակներում է լինելու: Մենք որպես հայ ևս շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության , Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առումով , բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել  կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները:

«Մենք պետք է գիտակցենք այն խնդիրները, որոնք կապված են հոսանքի, գազի մատակարարման, կապի ու նոր ճանապարհի հետ: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, խաղաղապահների ներկայությունը միշտ պարտադիր է: Շփումներն առանց նրանց տեղի չեն ունեցել և չեն ունենալու: Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին կամ բանակցություններին, ապա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք քաղաքական ուժերի հետ՝ արդյոք ընդունում ենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու բանակցողները կամ այդ հանդիպման մասնակիցները: Այս հարցում դեռ որևէ հստակեցում չունենք: Պետք է գնահատենք, թե դա ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով կարողանալու ենք շարունակել պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակության հարցեր քննարկել և լուծել, ապա իհարկե, պարտավոր ենք անել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքն ու կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը»,- ասաց Հարությունյանը:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին  խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում  Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:

Նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:

«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝  Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն  կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա,   44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը  տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ  ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը:

Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանեց․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց  դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստնի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։

Թեմայի այլ նորություններ