«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության բնակիչների համար կենսական նշանակություն ունեցող գազը Ադրբեջանի կողմից անջատվել է, սակայն միջազգային հանրության կողմից որևէ արձագանք չկա։
« 21-րդ դարում, նույնիսկ պատերազմական վիճակում նման տեսակի հումանիտար աղետ չի լինում, բայց հիմա փաստացի չունենալով պատերազմական իրավիճակ Արցախի Հանրապետությունում և ունենալով, իհարկե, օկուպացիոն իրավիճակ, տեսնում ենք, որ նորից գազը անջատում են։ Եվ դա արվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ուղղակի դիտավորությամբ, որպեսզի մարդկանց համար նման աղետալի վիճակ լինի»,- Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց Վարդևանյանը։
Պատգամավորը նշեց, որ աշխարհում համանման բազմաթիվ իրավիճակներ են ստեղծվել, երբ միջազգային հանրությունը իրար հերթ չտալով կտրուկ և կոշտ գնահատականներ է տվել։
«Ինչպե՞ս է ստացվում, որ նման պարզ և հասարակ իրավունքների հարցում տեսնում ենք մեծ ծավալի երկակի ստանդարտներ։ 20-րդ դարի կեսերին, երբ ընդունվում էր մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը, դրանով արձանագրվում էր մի գիծ բոլոր երկրների համար, որ մարդու իրավունքները համընդհանուր են և երկակի ստանդարտ չկա։ Ցավոք, մենք 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչ օրս միջազգային հանրությունը երկակի ստանդարտ է կիրառում»,- եզրափակեց Վարդևանյանը։