«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    33 կմ/ժ
  • Լոռի 16°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    24%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    11 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    55%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռահարկ շինությունը (մոտ 2889 ք. մ)։

Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Սուրմալու առևտրի կենտրոն) տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ ՀՀ֊ում հայտարարված սուգի կապակցությամբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանձնարարությամբ ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի:

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Դեպքի վայրում աշխատում է մոտ 89 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 8 բեռնատար ինքնաթափ, 2 աղբատար, 1 ջրատար և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում փրկարարական աշխատանքների վերաբերյալ վերջին տվյալներն է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կտեղեկացներ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

««Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021 թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2021 թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։

Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։

Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին՝ անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով եկել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:  

«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը և շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ  ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով համահեղինակն է այդ նախագծի, և ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված: Ի պատասխան լրագրողների հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ  4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում արդեն իսկ շատ մեծ ռիսկ է: Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի:

«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները: Մի կողմից խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետևանքի կարող է բերել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ:

Թեմայի այլ նորություններ