Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երևանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    97%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երևանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան

Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երևանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան

Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիների, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են: Այս մասին բարձրաձայնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը, ոլորտի փորձագետներ:

Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել իրավապահ մարմիններին՝ հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երևանի կենտրոնում: «Մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացման ռեսուրսի կարգավորման խնդիր»,- նշել է պատգամավորը` հավելելով, որ տարիներ շարունակ հարցը բարձիթողի վիճակում է եղել, և համակարգում առկա բացթողումներն ակնառու են դարձել 44-օրյա պատերազմի ընթացքում: Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անհրաժեշտ է խնդիրը կարգավորել` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդությունը ցանկանում է մասնակցություն ունենալ Արցախի հարցի լուծման գործում:

Պատգամավորը կարևորել է եռամսյա հավաքների կազմակերպումը և երիտասարդների մասնակցությունը դրանց:

44-օրյա պատերազմից հետո զինվորական կոմիսարիատներն առաջին անգամ սկսել են եռամսյա վարժական հավաքներ, որոնցից երկուսն արդեն անցկացվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է: Այս մասին ասել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը: Նա նշել է, որ այդ հավաքներից խուսափող անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ: Հաշվի առնելով  սպառազինության, ռազմական տեխնիկայի ու կապի միջոցների արդիականացումը` պահեստազորում հաշվառված բոլոր անձինք, ըստ զեկուցողի, պարտավոր են մասնակցել վարժական հավաքներին:

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը կարևորել է քննարկումը: Նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի սահմաններին և Արցախում ստեղծված իրավիճակը` կարևոր է պատրաստված և հայրենասիրական գաղափարներով երիտասարդների ներգրավումը սահմանների պաշտպանության գործում:

Ոստիկանապետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ բերման ենթարկված անձանց տվյալները նույնականացվել են, և այդ տեղեկատվությունը կփոխանցվի Պաշտպանության նախարարությանը` պարզելու` արդյոք նրանք զորակոչային տարիքի՞ են, թե՞ ոչ:

Պատգամավորները ողջունել են քննարկումը, նշել, որ այն հանրային պահանջի արդյունք է: Նրանք կարևորել են խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթի ամբողջ ծավալով իրականացումը: Կարևորվել է իրավապահ մարմինների աշխատանքը` ստուգելու անձանց  ժամկետային զորակոչից ազատելու հիմքերի իրավաչափությունը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ քննարկման վերաբերյալ տեղեկացրել է ընդդիմադիր գործընկերներին, որոնք, սակայն, չեն եկել քննարկման:

Առաջիկայում հանձնաժողովը հարցի վերաբերյալ կկազմակերպի փակ քննարկում:

Թեմայի այլ նորություններ