Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ. Արմեն Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ. Արմեն Սարգսյան

Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը:

Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով:

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում: Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, ուսուցիչն է հոգևորականի հետ միասին մեր մեջ վառ պահել Հայրենիքի, Հավատի ու Լեզվի, ասել է թե՝ մեր ինքնության լույսը:

Մեր կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ՝ ընտանիքում թե դպրոցում, մեր շրջապատում թե աշխատավայրում: Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել Հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել, հինգերորդը...

Նրանք բոլորը սովորաբար ամբողջանում են մեկ՝ Ուսուցչի կերպարի մեջ...

Դպրոցն այն մեկնարկային կետն է, որտեղից, ինչպես և ընտանիքից, սկսվում է մեր ինքնության գիտակցումը՝ շնորհիվ մեր ծնողների, մեր ուսուցիչների, որոնք հաճախ են տարբեր իրավիճակներում փոխարինում միմյանց: Ասել է թե՝ երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից, որոնք բոլոր ժամանակներում էլ մնում են արժեքավոր ու անհրաժեշտ:

Մենք ապրում ենք մարտահրավերներով լի աշխարհում, երբ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում անսպասելի, չնախատեսված ու անկանխատեսելի փոփոխություններ, երբ ավելի է մեծանում գիտակից, կրթված ու ստեղծագործ մարդկանց անհրաժեշտությունը, որոնք պետք է ստեղծեն ոչ միայն Հայաստանի ապագան, այլև դրանով իսկ մասնակից դառնան աշխարհի վաղվա օրը կառուցելուն:

Այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ: Պետք է կարողանալ առավելագույն խորությամբ ըմբռնել երկրում, հասարակության մեջ, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էությունը: Մենք կարող ենք կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել:

Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որ դուք, հարգելի՛ ուսուցիչներ, հնարավորություն ունենաք ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթել, այլև կատարելագործել ձեր հմտությունները, զարգացնել գիտելիքները, որպեսզի միասին՝ դուք, ձեր ընտանիքներն ու ձեր աշակերտները, նրանց ծնողներն ու հարազատները, մենք բոլորս կարողանանք ապրել ուժեղ, բարեկեցիկ, անվտանգ և առողջ երկրում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Մեզանից յուրաքանչյուրը եղել է աշակերտ դպրոցում. ես ջերմությամբ ու երախտագիտությամբ եմ հիշում իմ ուսուցիչներին:

Մեզանից յուրաքանչյուրը շարունակում է աշակերտ մնալ: Ես շնորհակալ եմ ինչպես դպրոցի իմ ուսուցիչներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնցից ես ինչ-որ մի բան եմ սովորել ու շարունակում եմ սովորել:

Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշակերտները ողջ կյանքում հարգանքով ու սիրով հիշեն ձեզ:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

"Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել նրան պատասխանատու և անկոտրում քաղաքացի: Ուսուցիչն է, որ իր ամենօրյա աշխատանքով պայմանավորում է մեր պետության վաղվա օրը, նրա տված գիտելիքով է կառուցվում մեր պետության ապագան, նրա կրթած սերնդով են կերտվելու մեր ապագայի հաղթանակները:

Այսօր Հայաստանը կրթության և գիտության բնագավառի ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է, միջազգային ստանդարտներին ձգտելը և որակյալ մասնագիտական ռեսուրսի ապահովումը: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ կրթության գործի կազմակերպման համար: Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լայնորեն ընթանում են սեյսմակայուն նոր դպրոցների շինարարություններ, իսկ Կառավարությունը 2021-2026թթ. հնգամյա ծրագրում հանձն է առել իրականացնելու 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու նորոգման աշխատանքներ:

Ժամանակակից աշխարհում առաջատարությունը պատկանում է նոր տեխնոլոգիաներին, նոր հղացմանը և նոր մտքին, որի առաջին սերմանողը մանկավարժական հանրույթն է՝ միաժամանակ աշակերտի մեջ ուսման հանդեպ սեր արթնացնողն ու գիտելիքի ծարավը հագեցնողը: Համոզված եմ՝ մեր ձեռնարկած կրթական բարեփոխումները տալու են իրենց դրական արդյունքները, և այդ համատեքստում ավելի է ընդգծվելու ուսուցչի դերակատարությունն ինչպես կրթության բնագավառում, այնպես էլ մեր հանրային հարաբերություններում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր նվաճումներ: Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր: Այդ պատվելի առաքելության մեջ, համոզված եմ, ամեն օր ներդնելու եք հավելյալ ջանքեր՝ զգալով հանրային խոշոր պատասխանատվություն: Ի հեճուկս ներկայումս ստեղծված դժվարին պայմանների՝ վստահ եմ, որ ձեր եռանդի ու նվիրումի արդյունքում ունենալու ենք հայրենասեր, ինքնավստահ ու կրթված սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել օրվա մարտահրավերներին և լինել սեփական երկրի արժանի քաղաքացի":

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Ուսուցչի օրվա առիթով

"Սիրելի՛ մանկավարժներ,

շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։

Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են ձեր սաները տարբեր ասպարեզներում՝ իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։

Դժվարին այս ամիսներին դուք ևս մեկ անգամ վկայեցիք, որ ձեր ներուժն անսպառ է․ համավարակը չկասեցրեց կրթելու ձեր հանձնառությունը, պատերազմի արհավիրքները չսասանեցին դասից անմիջապես առաջ արցունքոտ աչքերը սրբելու և ապա աշակերտներին Հայրենիքի նկատմամբ սեր ու ապագայի հանդեպ լավատեսություն ներշնչելու ձեր կամքը։

Համոզված եմ, որ այսօրվա ձեր նվիրումը վաղը հատուցվելու է մանկավարժի համար երախտիքի լավագույն արտահայտությամբ՝ կյանքի տարբեր բնագավառներում հաջողած ձեր սաների նվաճումներով"։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնը: Իր ուղերձում նախարարը նշել է.

"Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:

Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:

Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:

Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:

Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:

Աստված պահապան բոլորիս":

ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել

 Այս մասին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
"Սիրելի' ուսուցիչներ
 
Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև:
 
Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով:
 
Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։
 
Համոզված եմ՝ ունենք տեսանելի արդյունքներ, բայց և դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:
 
Դուք մշտապես հուսալի թիկունք եք եղել հայոց պետականության հիմքերի ամրացման ու ամրապնդման գործում։ Անգամ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդներ կրթել՝ հավատալով նրա վերընձյուղմանը։
 
Սիրելի՛ ուսուցիչներ
 
Ձեզ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում են դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր իր հայրենի հողի վրա ամուր ու հաստատակամ կանգնելու, խոր արմատներ ձգելու հավատ ներշնչել։
 
Մենք Ձեզ պետք է դիտենք ոչ միայն մասնագետի, այլև Աստծո կողմից ուղարկված առաքյալի:
 
Մեր ժողովրդի համար այս անորոշ և ճակատագրական ժամանակահատվածում Ձեզ է վստահված ապագա սերունդների կրթությունն ու դաստիարակությունը։
 
Արցախյան 3 պատերազմներում սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում էր Ձեր դաստիարակած սերունդը, հայրենասեր, հայրենապաշտ, հերոս սերունդը՝ համոզված, որ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով։
 
Ձեր բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ պատվաբեր ու շնորհակալ առաքելության իրականացման ճանապարհին մաղթում եմ խաղաղություն,առողջություն, բարեկեցություն և անսպառ եռանդ"։
 
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ուսուցիչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել
 

ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Հայրենիքը սիրելուն ուղղված ձեր նախանձախնդիր ջանքերով կրթված ու դաստիարակված սերունդներն են կռել մեր բազմաթիվ փառապանծ հաղթանակները։

Հայրենիքի հանդեպ սերը բազմաթիվ ուսուցիչների է մղել գրիչը փոխարինելու զենքով, մարտադաշտում վարելու դասը հայրենյաց և անմահանալու․․․

Հավերժ փա՛ռք ու խոնարհում նահատակված մանկավարժների անմար հիշատակին։

Թանկագի՛ն մանկավարժներ, վերստին շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում  եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և խաղաղ երկինք՝ համոզված լինելով, որ վաղվա սերունդներն Արցախը դարձնելու են հզոր ու ապահով երկիր։

Շնորհավո՛ր  տոնդ, Ուսուցիչ»:

Թեմայի այլ նորություններ