ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին

Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։

Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա  շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:

Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է  միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։

Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան  Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։

Թեմայի այլ նորություններ